Գնել Նալբանդյան. Լրագրողը և պաշտոնյան՝ շան ու կատվի պես

November 2, 2015

Երբ տեսնում եմ «Յություբում» տարածված ևս մի տեսանյութ, թե գազազած, անկառավարելի, տձև
պաշտոնյան ինչպես է մինչև հոգու խորքը խոցված ցուլի պես հարձակվում լղարիկ, վտիտ, անպաշտպան
լրագրողուհու վրա, ինչպես է աքացի տալիս իր վրա պահված պլանշետին կամ նկարահանող հեռախոսին,
ինչպես է հայհոյում խոշոր պլանով ու ինչպես է լաչառ կնոջ էնտուզիազմով լեզվակռվի բռնվում դեղնակտուց
ակտիվիստների հետ, ակամա մտածում եմ այդ պաշտոնյայի կնոջ և երեխաների մասին:
Խեղճ ու թերզարգացած երկրներում լրագրողը և պաշտոնյան կաստայական թշնամի են շան ու կատվի
պես: Փողոցում սուսուփուս տեսանկարահանող լրագրող տեսնելիս վերին էշելոնի պաշտոնյայի ստորին
բնազդներն ակտիվանում են ինքնաբերաբար, նրա երախում սկսվում է առատ թքարտադրություն, ժանիքները
կափկափում են, վայրի գռմռոցը ձեռք է բերում գաղափարական նրբերանգ, աչքերը սևանում են ու արյունով
լցվում, պոչահատվածի ցնցումները դառնում են ռիթմիկ… Եվ ահա ամբողջ մարմինը պատրաստ է բախտորոշ
նետման: Հարվածը ստացած լրագրողի դողացող ձեռքերը կադրի անկյունում տեսնելիս ակամա մտածում եմ
նրա ծնողների մասին:






Բռի պաշտոնյան պաշտոնի բերումով է բռի: Նա սովոր չէ շփվել հասարակության հետ, քանի որ աշխատանքի
բերումով տասնամյակներ շարունակ կտրված է մնում հանրությունից` ամեն օր շփվելով միայն իր հաստավիզ
շեֆի և հաստաքամակ ենթակաների հետ: Նա գիտի միայն հրամաններին ենթարկվել և հրամաններ տալ:
Բայց մարդկանց հետ, լրագրողի հետ, իր դստեր կամ որդու տարիքի լրագրողի հետ պարզապես զրուցել
չգիտի: Չեն սովորեցրել:
Չկայացած հասարակություններում բռի պաշտոնյան ամենախոցելի անձանց խմբում է: Նրան միշտ էլ
կարելի է բռնեցնել հիմարագույն վիճակում, տհաճագույն պոզաներով, ստորագույն տեքստեր արտասանելիս
ու քրեագույն վարքագծի դրսևորման պահին: Եվ նա ոչինչ չի կարող անել սրա դեմ: Գրեթե ոչինչ: Ավելի
ճիշտ` ինչ էլ անի, այսպես թե այնպես հայտնվելու է «Յություբում»: Ի տես հասարակության` իր հեռու և մոտ
հարազատների, ովքեր չեն սիրում, որ իրենց հետ հրամայելով են խոսում: