Ամուսնալուծություն բրիտանական ձևով. Եվրոպան Brexit-ից հետո

June 25, 2016

Brexit-ի հետևանքները ցնցել են աշխարհը: Գրեթե ոչ մի վերլուծաբան սա հավանական չէր համարում, արտաքին քաղաքականության դիտորդներն էլ խուճապի մեջ են՝ոչ թե այն պատճառով, որ ­սխալ կանխագուշակումներ էին տվել, այլ որովհետև Brexit-ը չափազանց վախենալու էր, որ իսկապես իրականանար:
Սա միջազգային մակարդակով սառը ցնցուղ էր, ինչպես Թրամփի առաջադրումը որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Բոլորը մտածում էին, որ աշխարհը մեկ կոնկրետ ճանապարհով է շարժվում, որ կան որոշակի կանոններ, որոնք չեն խախտվում: Բայց, արի ու տես, որ այս կանոններն այժմ ոչ մեկին չեն հետաքրքրում:

Եվ սա իրոք վախենալու է


Կարելի էր ասել, որ համաշխարհային տնտեսության մեծ մասի համար որոշակի պայմաններ կանխորոշված էին: Ենթադրվում էր, որ այն 70 տարի շարունակ շարժվում է մեկ ուղիով, այն է` բաց տնտեսության ուղին:
Բայց սա այլևս այդպես չէ: Ոմանք պարզապես շոկի մեջ են:

Վերջին 100 տարիների պատմությունը բավականին պարզ է՝ համաշխարհային տնտեսությունը ապրել է վերելք` բաց, գլոբալ լինելու ժամանակ, սակայն երբ այն փորձել է մեկուսանալ, լոկալիզացվել՝ ինչպես տեղի ունեցավ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմենրի միջև ընկած ժամանակահատվածում, այն սուր անկումներ է ապրել:
Մեկ բան է աչքի ընկնում՝ մարդկանց քանակը, որոնք  որոշեցին, որ իրենց այս ամենը չի հետաքրքրում: Նրանց դուր չի գալիս, ինչպես է գլոբալիզացիան ազդում իրենց ազգային ինքնության վրա, և  թե ինչ կլինի տնտեսության հետ, ինչ հետևանքներ իրենց որոշումը կարող է ունենալ, նրանց արդեն չի հետաքրքրում: Այս մարդիկ ուզում են նոր ճանապարհով շարժվել:


Ի՞նչ կպատահի, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից. հանրաքվեին հաշված ժամեր են մնացել





Մեկ ուրիշ բան, որ նույնքան ուշագրավ է՝ որևիցե մի մեծանուն մասնագետ չէր կարողանում ստույգ գնահատական տալ, թե Brexit-ը Մեծ Բրիտանիայի համար դրական որևիցե հետևանք կունենա, կամ որ Մեծ Բրիտանիան Brexit-ի ընդունումից կշահի:
Ամբողջ մեդիան, փորձագետները, մասնագետները ասում էին, որ Brexit-ի վերջը լավ չի լինելու: Եվ միևնույն է բրիտանացի ընտրողները ցույց տվեցին, որ իրենց այս կարծիքները չի հետաքրքրում:
Մի կողմից, Brexit-ի կողմնակիցները պարզ մի հարցադրում են անում՝ ի՞նչ է գլոբալիզացիան տվել 2008-ից այս կողմ, բացի լճացած տնտեսությունից: Մյուս կողմից, իհարկե, կա ազգայնականության ֆակտորը՝ Մեծ Բրիտանիան Եվրոպայի կազմում արդեն այնքան մեծ չէ, ինչքան որ ժամանակին էր, և սա փոխելու ժամանակն է եկել:
Սա պարզապես տնտեսության մասին չէ: Կայացված որոշումն ունենալու են հետևանքներ համաշխարհային անվտանգության վրա:

ԱՄՆ-ն և Եվրոմիությունը միշտ հույս են դրել միավորված ճակատի վրա մի շարք համաշխարհային մարտահրավերների շուրջ՝ հատկապես Ռուսաստանի նկատմամբ:

Ի՞նչ է հիմա պատահելու


Տեխնիկական տերմինաբանությամբ իրավիճակը կոչվում է «շիլա»: Պարզ է, որ Մեծ Բրիտանիան հենց վաղը չի հավաքելու ճամպրուկները և լքի Եվրոմիությունը: Անվտանգությանը վերաբերվող մտավախությունների մեծ մասը վերաբերվում են երևույթների, որոնք դեռևս հեռավոր ապագայում են:
Բայց, մյուս կողմից, կա երեք կետ, որոնք շատ ավելի մոտ ժամանակների խնդիրներ են. ինչպիսի՞ն կլինի NATO-ի ճակատագիրը: Շոտլանդիայում մենք արդեն շարժ ենք տեսնում՝ որպես Brexit-ի քվեարկության հետևանք, և եթե Շոտլանդիան հիմա քվեարկություն անցկացնի, ապա կարելի է վստահ ասել, որ արդյունքը կլինի Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու որոշումը:  2014-ին բուռն քննարկումներ էին անցնում, թե ինչ հետևանքներ կունենա Շոտլանդիայի անկախացումը NATO-ի համար: Այժմ այդ քննարկումները կվերսկսեն:


Ես պայքարեցի իմ համոզմունքների համար. վարչապետ Քեմերոնը լքում է պաշտոնը





Կարելի է ենթադրել, որ այսպես ասած անկախացած Մեծ Բրիտանիան շատ ավելի փափուկ քաղաքականություն կսկսի վարել Ռուսաստանի հանդեպ, չնայած նրան, որ Եվրոմիության կազմում գտվելու ժամանակ եղել է Ռուսաստանի ամենասուր քննադատներից: Սրա համար կան բազմաթիվ պատճառներ, որոնցից հիմնականը ռուսական փողի ահռելի զանգվածն է, որ շրջանառվում է Լոնդոնում:
Հավանական է նույնիսկ, որ Բրիտանիան՝ իրեն տեսնելով անկախ ինչպես Եվրոմիությունից, այնպես էլ ԱՄՆ-ից, կսկսի լիովին այլ քաղաքականություն վարել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ տնտեսական պատճառներից ելնելով:

Եվրամիության տխուր ապագան


Փորձագետները տեսնում են երկու առավել հավանական տարբերակ՝

  1. Մեծ Բրիտանիայի ելքը նպաստում է բազմաթիվ այլ երկրների Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեների: Եվրոպայի վիճակն այդ պարագայում երանելի չի լինի, և առավել հավանական կլինեն նոր կոնֆլիկներ Արևելյան Եվրոպայի տարածքում:

  2. Մեծ Բրիտանիան ինքը միշտ եղել է որոշակի առումներով Եվրամիության դիսիդենտական ձայնը: Որպես Մեծ Բրիտանիայի ելքի հետևանք, աճում է Ֆրանսիա-Գերմանիա համագործակցության ուժը, որը միշտ եղել Եվրամիությունը միավորող առավել ուժգին ֆակտորներից:


Ամեն դեպքում, Brexit-ը 2008 թվականից հետո ամենակարևոր աշխարհաքաղաքական զարգացումներից մեկն է: Մեծ Բրիտանիայի որոշումն ապագան դարձնում է որոշ չափով անկանխատեսելի: Խաղի կանոնները փոխվում են, և պետք է սովորեն նրանց հնարավորին շուտ ադապտացվել:

Հեղինակ` Դավիթ Փարթամյան