Փեսան Ֆրանսիայից կամ «ալամեզոնը» Տանձուտում

February 22, 2016

Քվենտինը Լիլում 21 տարի ապրել է սակավանդամ ընտանիքում: Տան միակ երեխան է եղել: Քվենտինի հայրն ու մայրը զբաղված են եղել աշխատանքով, չեն էլ նկատել, թե տղան ինչպես է մեծացել՝ կարոտելով ընտանեկան ջերմությանը: Լիլի համալսարանի երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողի կյանքում ամեն ինչ գլխիվայր փոխվել է 2013-ին, երբ այդ նույն համալսարանում հայտնվել է Հայաստանից եկած նոր ուսանողուհին: Արմինեն ու Քվենտինը այս տարի են ամուսնացել: Ֆրանսիացի երկրաբան փեսան սիրում է հայաստանյան ճամփորդություններից տուն վերադառնալ մի ուսապարկ երկնաքարով: Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում ապրող զոքանչի ու աներոջ համար դրանք անիմաստ քարակտորներ են: Այնինչ փեսան լուրջ բիզնես ծրագիր ունի. օնլայն գնումների հարթակում վաճառելու է տիեզերքից ուղիղ Հայաստանի գլխին թափվող ունիկալ երկնաքարերի հավաքածուն:

Գտնված ընտանիք


Մայրս անիմատոր է, հայրս` հնագետ: Ես ընտանիքի միակ երեխան եմ: Մենք այնքան էլ միասնական ընտանիք չենք: Ամեն մեկը` իր կյանքով: «Ընտանիք» բառի իրական իմաստը Հայաստանում եմ հասկացել, ընտանեկան ջերմություն Արմինեի ծնողներից եմ ստացել: Իսկական շոկ ապրեցի, երբ  ստիպված էի ծանոթանալ կնոջս բազմաթիվ ազգականների հետ:
Երբ ծնողներիս ասացի, որ ամուսնանում եմ հայ աղջկա հետ, նորմալ վերաբերվեցին: Հայրս միայն ասաց. «Հայաստա՞ն: Լավ է: Շատ լավ է: Այնտեղ բազմաթիվ եկեղեցիներկան»:

Չհարցրեց` ինչպես է ապագա կնոջս անունը, ինչով է զբաղվում կամ ինչ մարդ է: Նա Միջին Արևելքի մասնագետ է: Հայրս արդեն հասցրել է լինել Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում:

 Տատիկի օղի


Կանտին, Կոնտեն, Կենտեն. Արմինեի տատիկը հաջողեցնում է ամեն անգամ մի նոր ձևով արտաբերել անունս: Զվարճալի է: Շատ եմ սիրում կնոջս տատիկի հետ օղի խմել: Նա ինձ խոստացել է` ամռանը միասին պետք է թթի օղի պատրաստենք: Գյուղի տան նկուղում ցույց է տվել սարքերը: Հիմա անհամբեր սպասում եմ այդ օրվան: Մինչև Հայաստան գալս կարծում էի, թե ֆրանսիական բրենդին ամենալավն է աշխարհում: Ֆրանսիայում այդ հարցում չարաչար սխալվում են: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ աշխարհում գոնե մեկ անգամ պետք է փորձի հայկական օղի, կոնյակ կամ գինի:

 Ինչպես է կյանքը հայ կնոջ հետ
  • Կապանի միակ լատինոսը




  • Գեղեցիկ հայուհի


    Հոբբիս լուսանկարչությունն է: Այստեղ շատ եմ նկարում փողոցում հանդիպող անծանոթների: Ֆոտոխցիկիս օբյեկտիվում հատկապես հայ աղջիկներն են: Ֆրանսիացի ընկերներս Հայաստանին վերաբերող առաջին հարցը տալիս են աղջիկների մասին: Գեղեցի՞կ են: Ասում եմ` էն էլ որքա՜ն: Ու անմիջապես ցույց եմ տալիս ապացույցը` հայ աղջիկների լուսանկարները: Շատերը խնդրում են հանդիպում կազմակերպել նրանց հետ: Հայուհիները եվրոպացիներին ձգում են: Նրանք մյուս ազգերի աղջիկներից տարբեր են ամեն ինչով` պահվածքով, մտածելակերպով, տեսքով:

     Երթուղային մարդկություն


    Հայկական երթուղայինները մի ուրիշ մոլորակ են: Ես կանվանեի Մարդկություն: Ոչ մի եվրոպական երկրի տրանսպորտում չեմ տեսել այդքան շատ մարդկային վերաբերմունք: Նկատի ունեմ, թե ինչպես են հայկական նեղ, անհարմար երթուղայիններում մարդիկ հոգ տանում միմյանց մասին, տեղ տալիս կանանց, երեխաներին, ծերերին:
    Առաջին անգամ, երբ երթուղային նստեցի, ստիպված էի մի կերպ կանգնելու տեղ գտնել, ձեռքիս էլ ուսապարկ ունեի, որի մեջ դրամապանակս էր, լուսանկարչական ապարատս, փաստաթղթերս: Ինչ-որ մեկը երթուղայինում առաջարկեց օգնել և պահել պայուսակս: Զարմացած նայեցի ու հրաժարվեցի տալ:

    Իրականում վախեցա, որ միջից կգողանան իրերս, դրամապանակս: Ֆրանսիայում հենց այդպես էլ կլիներ, եթե որևէ ուղևորի մտքով հանկարծ անցներ օգնել անծանոթին պայուսակը պահել: Հետո հասկացա, որ Հայաստանում դա մեծ հաշվով բացառվում է: Մարդիկ պատրաստակամորեն ու անշահախընդիր օգնում են միմյանց: Ըստ իս` հայկական երթուղայինները մարդկայնություն խտացում են:

     Նուռ


    Հորս հետ առաջին անգամ նուռ կերանք Մարոկկոյում: Ծառի տակից գտանք, մտածեցինք` երևի պետք է թողնել, որ չորանա: Հետո այդպես փայտացած կեղևը կոտրեցինք, փորձեցինք ուտել: Զզվելի համ ուներ: Դրանից երկար տարիներ անց, երբ Լիլում ծանոթացա Արմինեի հետ, և ընկերություն էինք անում, մի օր ասաց` արի գնանք՝ նուռ ուտելու: Սարսափած պատմեցի տարիներառաջվա «նռնային փորձս»: Բայց ապագա կինս վստահեցրեց, որ հայկական նուռն ուրիշ է: Հիմա հենց Արմինեի հետ վիճում ենք, նուռ եմ գնում ու առաջարկում միասին ուտել: Մեր նշանադրության արարողության սեղանի զարդն էլ նուռն էր` միասնության խորհրդանիշը: