[ Եկա, տեսա, հավնեցա ] Կապանի միակ լատինոսը

[ Եկա, տեսա, հավնեցա ] Կապանի միակ լատինոսը

newmag-ը զրուցել է Հայաստանում բնակություն հաստատած պանամացի զբոսագետի հետ՝ պարզելու համար, թե ինչ է մտածում նա հայերի ու իր նոր կենսատարածքի մասին: Ահավասիկ մենք՝ ըստ օտարազգի մերոնքականի:

Ծնվել է Պանամայում, մեծացել՝ Կանադայում, ոտքի տակ տվել ամբողջ Հարավային Ամերիկան, եղել Եվրոպայում, ուսումնասիրել հետխորհրդային երկրները ու հաստատվել Կապանում: Օսկար Ալավարդոն 30 տարեկան է: Բնապահպան է: Հայաստանում ապրում է ընդամենը 1,5 տարի, բայց հասցրել է յուրացնել Կապանի խոսվածքը: Տեղացիների հետ շփվում է նաև անգլերեն, ռուսերեն, իսպաներեն ֆրազներով: Էկոտուրիզմի խորհրդատու է զբոսաշրջային ընկերությունում: Սպասում է Ուկրաինայում ապրող իր հայ ընկերուհուն, որի հետ հարաբերությունները շուտով կօրինականացնի ու վերջնականապես կդառնա ՀՀ քաղաքացի:

բնական հմայք

Հայաստանում հաստատվելը իմ ծրագրերում չկար: Կամավորական մեկամսյա աշխատանքով էի այստեղ: Ավարտելուց հետո վերադարձա Բրազիլիա: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, թե որքան եմ սիրում Հայաստանը: Սկսեցի կարոտել հայկական մշակույթը, որն այնքա՜ն հարուստ ու կենդանի է այստեղ, բազմազան բնությունը ու, ամենակարևորը, մարդկանց, որ շատ գեղեցիկ են, բարեհամբույր ու ընկերական: Այդպես վերադարձա և աշխատանք գտա Կապանում:

խնդիրներով լի ներկա

Բնականաբար, գիտեմ սոցիալական խնդիրների մասին. չէ՞ որ ապրում եմ այստեղ: Բայց Հայաստանը միակ երկիրը չէ նմանատիպ խնդիրներով: Ես շատ երկրներում եմ եղել, տեսել եմ մյուս ժողովուրդների ապրելակերպը: Հետաքրքիր է` ինչպես են հայերն ապրում, ինչպես են հաղթահարում սոցիալական բարդությունները: Ոչ մի տեղ ժողովուրդն այսքան տոկուն չէ, որքան Հայաստանում: Սա է ինձ այստեղ պահող մի պատճառը: Ոչ միայն սովորում եմ, այլ նաև փորձում եմ օգնել: Եթե երբևէ, Աստված մի արասցե, հեռանամ Հայաստանից, կարող եմ վստահորեն ասել` ես ճանաչում եմ հայերին: Իսկապես ճանաչում եմ:


[ Եկա, տեսա, հավնեցա ]. Ինչպես է կյանքը հայ կնոջ հետ


էկոՍյունիք

Ընկերությունը, որտեղ աշխատում եմ, Սյունիքի մարզի առաջին ու միակ կազմակերպությունն է, որը կենտրոնացած է էկոտուրիզմի վրա: Մեր գրասենյակը շատ փոքր է, ռեսուրս չունենք, բայց շատ ծրագրեր կան օրակարգում: Սյունյաց տարածաշրջանը շատ գրավիչ է, մեծ հնարավորություններ ունի տուրիզմի համար: Էկոտուրիզմն էլ նոր ու դեռ լավ չբացահայտված ոլորտ է Հայաստանում: Սյունիքում այն զարգացնելը շահաբեր կլինի երկրի տնտեսության համար:

just a wish

Կապան-Երևան ճանապարհը կարող էր ավելի լավը լինել: Շատ մարդիկ Երևանում Կապանի մասին չգիտեն, նույնիսկ երբեք չեն եղել ու չեն էլ հետաքրքրվում: Հայաստանում երբեմն մարդիկ նոր բաներ չեն փորձում, նախընտրում են անել այն, ինչ մյուսները: Դժվար է նրանց ոգևորել նոր բան ստեղծելու համար՝ լինի ուտելիք, զբաղմունք, նոր վայր: Իշխանությունների հետ հեշտ չէ աշխատել: Հայաստանը կղզիացած է: Հեռու է այն վայրերից, որ ես տուն եմ անվանում: Կուզեի՝ կարգավորվեին հարևանների հետ հարաբերությունները: Հայաստանը այդպես կկապվեր աշխարհի հետ: Բայց չեմ մեղադրում երկրին. դժվար միջավայրում է:

kapancitxa

հերոսական Հայաստան

Հաճախ եմ գնում արշավների. բարձրանում ենք լեռները, բացահայտում անտառները: Եղել եմ Հայաստանի բոլոր մարզերում: Տավուշը, չեմ վիճի, հիասքանչ է: Բայց Սյունիքն ավելի բազմազան է: Գորիս, Կապան, Մեղրի. ամբողջովին տարբեր են. մարդիկ տարբեր են, բնությունը տարբեր է: Մեղրին բացարձակապես նման չէ Կապանին, Կապանը` Գորիսին: Սյունիքի պատմությունն էլ եմ սիրում: Երբ խորհրդային կարգերն էին հաստատվում, Սյունիքը վերջին մարզն էր, որ հանձնվեց: Նույնիսկ փոքրիկ պետութուն ստեղծեցին: Գարեգին Նժդեհի գերեզմանը, կարծում եմ, պաշտամունքի սրբավայր պիտի լիներ: Տպավորիչ է` ինչեր է արել Նժդեհը Հայաստանի համար, ինչպես է պայքարել հանուն հայրենիքի: Քիչ ժողովուրդներ կան աշխարհում, որ կարող են հպարտանալ նման հերոսով:

Կապանի միակ լատինոսը

Կապանցիները զիլ են: Այնքա՜ն ընկերական ու հյուրընկալ մարդիկ են: Փոքրիկ քաղաք է, շատ ժամանակ պետք չէր, որ յուրաքանչյուր իրեն հարգող կապանցի իմանա իմ ամբողջ կենսագրությունը. ո՞վ եմ, որտեղի՞ց եմ, ինչո՞ւ եմ եկել, ինչո՞վ եմ զբաղվում: Կապանի միակ լատինոսն եմ: Հայտնի մարդ այդ կողմերում: Գուցե ամենահայտնի կապանցին:

մի անգամ անտառում

Մի օր հեծանվով անտառ էի գնում: Վերադարձի ճանապարհին անձրև սկսվեց, հեծանիվի անիվն էլ ծակվեց: Որոշեցի երկանիվս ծառին կապել, որ հաջորդ օրը գամ, վերցնեմ: Երբ այդ գործին էի, մի մարդ մոտեցավ՝ տեսնի՝ ինչ եմ անում: Ասաց՝ հեծանիվը թողնելու կարիք չկա, կարող եմ գնալ իրենց տուն, սպասել, մինչև անձրևն անցնի, ու տաքսի կանչել: Երկար ու շատ բաների մասին խոսեցինք: Այդ մարդը պարզեց, որ իր քեռին ինձ հետ նույն ընկերությունում է աշխատում: Գուցե ես ճանաչո՞ւմ եմ Արային: Ասացի` հնարավոր է: Մինչև սպասում էինք տաքսիին, այդ նույն քեռին եկավ, որն իբր ինձ հետ նույն տեղում էր աշխատում: Ջերմորեն ողջունեց, ես էլ բարևեցի, բայց չէի ճանաչում: Որքա՜ն շատ Արաներ կարող են լինել Կապանում, չէ՞: Բայց դա չխանգարեց, որ այդ մարդն ու իր քեռի Արան ինձ հրավիրեն խորովածի: Ոչ միայն ինձ, տեղ հասած տաքսու վարորդին էլ: Ու նստեցինք թթի օղու ավանդական սեղանի շուրջ, որն իմ պատվին էր բացվել: Հիմա նրանք իմ լավ բարեկամներն են Կապանում: Այդ ամբողջ պատմությունը ստեղծվեց ոչ մի բանից: Ես ուղղակի հեծանիվս էի ամրացնում ծառին, ու մի մարդ ինձ ասաց` ողջույն: Այս ամենը միայն Հայաստանում է հնարավոր:

GOOD խորոված

Չգիտեմ` ինչու են հայերն այդքան կենտրոնացած «հայկական խորոված» հասկացության վրա: Ախր նույն հավի միսն է, նույն կրակն է: Այստեղ խորոված պատրաստելը արարողակարգ է, իսկական մշակույթ: Ու չեն ներում հասարակության այն անդամին, որը խորոված պատրաստել չգիտի: Առաջին անգամ արշավի ժամանակ փորձեցի: Խոզի մսով պատրաստեցի: Ասում են` «good խորոված» եմ անում: Դե՛, իսկական կապանցի եմ:

կյեցալ անք

«Բարի իգուն», «ունց իս», «ընչ ես անում, ախպար», «կեցալ ենք». Կապանի իմ բառապաշարը հարուստ չէ: Միայն այսքանը գիտեմ, բայց երբ փորձում եմ հայերեն խոսել, մարդիկ կարծում են` ստում եմ, թե հայ չեմ: Հայերենը տարօրինակ է հնչում, բարդ է: Բայց գեղեցիկ է լսվում: Երբ ընկերներս թարգմանում են, շատ արտահայտություններ հայերեն ավելի գեղեցիկ են թվում ինձ:

լատինական արմենիկա

Հայերն ու լատինաամերիկացիները շատ նման են: Մենք երկուսս էլ սիրում ենք խմել, երկուսս էլ սիրում ենք ուտել: Ինչպես Հայաստանում, Կենտրոնական Ամերիկայում էլ սեղանները միշտ պետք է առատ լինեն: Նկատել եմ, որ հայերը սիրում են այնտեղի երաժշտությունը: Ուր գնում եմ, ծանոթ նոտաներ եմ լսում. այդպիսի ակումբներ կան, այնտեղի պարերն են տարածված: Հայերն էլ նույնպիսի կրքոտ ժողովուրդ են, երբ բարկացած են, ուրախ կամ սիրահարված:

Գրել կարծիք