Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է պատանիների, դեռահասների ու ամենափոքրիկների համար չորս նոր գիրք (տեսանյութ)
06/01/2026
Գրքերը հրատարակվել են ամառային արձակուրդներից առաջ, որպեսզի ընթերցանությունը դառնա հետաքրքիր ու օգտակար։ Առաջին գիրքը համաշխարհային դասական գրականության ամենահայտնի ստեղծագործություններից է՝ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» վեպը։
Գիրքն առաջին անգամ հայերեն հրատարակվել է անցյալ դարի վաթսունականներին։ Newmag-ը վեպը վերահրատարակել է՝ նոր խմբագրությամբ, նոր, մի քանի գլուխների թարգմանությամբ, նոր շապիկով։ Հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը պատմեց, որ վեպը հայերեն հրատարակվել է մի քանի անգամ, բայց թարգմանությունը եղել է ոչ թե իտալերենից, այլ ռուսերենից։
Բացի այդ, այս գրախանութներում գիրքն այլևս չկա, գրադարաններում էլ հիմնականում հին ու մաշված օրինակներ են. «Խմբագրական աշխատանքն անելիս հասկացանք, որ տասից ավելի գլուխներ բնագրից երբևէ հայերեն չեն թարգմանվել ու հրատարակվել։ Այդ գլուխները իտալերենից թարգմանեց Սիրուշ Օհանյանը։
Գիրքը հրատարակվել էր խորհրդային գրաքննությամբ. թագավորների, Իտալիայի անկախության համար մղվով պայքարի մասին դրվագներն ու գլուխները պարզապես չէին թարգմանվել։ Newmag-ն առաջին անգամ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» հրատարակել է ամբողջական թարգմանությամբ, նոր խմբագրությամբ ու նոր շապիկով»։
«Սիրտը» վեպն ամառային ընթերցանության պարտադիր ցանկում է։ Ուսում դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Սահակյանն իր աշակերտների հետ անցկացրել է նաև բաց դաս, որի ժամանակ աշակերտները վերլուծել են պատմությունը, հերոսներին ու գրքում արծարծված ամենակարևոր թեմաները։ Մարիամ Սահակյանն ասում է, որ գիրքը երեխաները մեծ սիրով են կարդացել.
«Այս վեպի միջոցով աշակերտները կարդում են իրենց պես դպրոցականի օրագիրը, տեսնում, որ նրանք նույնպես սխալվում են, կատաարյալ չեն, նեղանում են, նեղացնում են, ներում են։ Այս պատմությունները պատանիները բերում են հուզական դաշտ, իրենք էլ սովորում են։ Դեռահասության փուլում նրանց համար շատ հետքրքիր են ընկերության, սիրո, բարեկամության մասին պատմությունները։ Գրքի հերոսների օրինակով նրանք ինքնաճանաչողության կարևոր դասեր են ստանում»։
Newmag հրատարակչությունը Երազ մատենաշարով ներկայացրեց նաև համաշխարհային բեսթսելլեր դարձած Ջեֆ Քինիի «Վտվտիկի օրագրի» երրորդ մասը, Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը» և Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվը»։ Հրատարակչության ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը պատմեց երեք գրքերի մասին.
«Վտվտիկի երրորդ մասը՝ «Համբերության վերջին կաթիլը», և բոլոր մյուս հատորները կարդում են ամբողջ աշխարհում։ Գիրքը պարզ, հասկանալի ու հումորային լեզվով է, նկարազարդումներ կան, որոնք երեխաներին օգնում են հեշտ ընթերցել, սիրել գիրքը։ Այս զվարճալի կոմիքսը կարծես բանալի գիրք լինի, որը կօգնի ընթեցանությունը դարձնել սիրելի զբաղմունք։ Գրքի չորրորդ մասը հայերեն լույս կտեսնի աշնանը»։
Եվս մեկ բազմահատոր գիրք, արդեն դետեկտիվ բեսթսելլեր՝ Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվը», նույնպես հրատարակվել է հայերեն. «Պատմության հերոսները անտառի բնակիչներն են։ Նրանք պետք է բացահայտեն անտառում տեղի ունեցած սպանությունը»։
Ամենափոքրերի համար հրատարակչությունը նույնպես հրատարակել է գիրք՝ «Բրիոշն ու Տարտինը»։ Նկարազարդ պատմությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար է։ Զվարճալի ու գունեղ կոմիքսը ֆրանսիական հումուրով ու նուրբ լեզվով է գրված։ Հրատարակվել է գրքի առաջին մասը, այն եռագրություն է։
Էդմոնդո դե Ամիչիս
6800 ֏
Նկարագրություն
Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկար, բայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառայինարձակուրդով։ Ի՞նչ կլիներ, եթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորական, երբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրայինպատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքիամենակարևոր արժեքների՝ ընկերության, ընտանիքի, հայրենիքի, սիրո, կորուստների և փոքրիկհաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում է, որ կյանքի դասերը հաճախ դասագրքերում չեն, այլդպրոցական միջանցքներում, ընկերների հետ ճանապարհին, ուսուցիչների ու ծնողների խոսքերում։
«Երազ» մատենաշարը ներկայացնում է համաշխարհային դասական վեպը՝ առաջին անգամ հայերենամբողջական թարգմանությամբ և լրացված խմբագրությամբ։
Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար:
Ջեֆ Քիննի
5800 ֏
Նկարագրություն
Գրեգ Հեֆլիի կյանքը նոր փուլ է մտնում․ հայրը որոշել է, որ որդուն «կոփելու» և նրան ավելի պինդ տղա դարձնելու ժամանակն է։ Աշխարհի ամենազվարճալի տղան փորձում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից՝ սպորտ, արշավներ։ Բայց խուսափելը հեշտ չի լինելու։ Հայրը սպառնում է ռազմական ուսումնարան ուղարկել նրան. Գրեգը կանգնած է ընտրության առաջ՝ փոխվե՞լ, թե՞ փախչել։
Հումորով, անսպասելի և զվարճալի իրավիճակներով լի այս պատմությունը «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր շարքի 3-րդ գիրքն է։
Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար
Վիոլետ Վաիս
4800 ֏
Նկարագրություն
«Նմանը նմանին է գտնում» հայտնի ասացվածքը հիանալի նկարագրում է Բրիոշին և Տարտինին։ Նրանք ունեն հումորինույն ճաշակը և հիմարություններ իրագործելու՝ միևնույն բնածին «շնորհը»։ Երկու շները քննարկում են «լուրջ» թեմաներ, օրինակ՝ այծերն ունե՞ն ատամներ, ապա թունդ վիճում են ու լուրջ փորձության ենթարկում առողջ տրամաբանությունը։ Առաջին հայացքից Տարտինն ավելի խելամիտ է, քան Բրիոշը։ Նրա կատակների ու զվարճալիխաղերի «հերոսը» ընկերն է։ Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։
Նախատեսված է մինչև 6 տարեկանների համար
Երազ ԱՅԲ
Աննա Ստարոբինեց
5800 ֏
Նկարագրություն
Կյանքը հեռավոր անտառում հանգիստ անվանել հնարավոր չէ. ոչ մի օր առանց հանցագործության, հետապնդումների, կասկածների ու գազանային ինտրիգների։ «Գազան դետեկտիվում» հետաքննությունը վարում են տարեց ու փորձառու քննիչ Ավագ Փորսուղը և նրահախուռն ու ճարպիկ օգնականը՝ Փորսուկատուն։
Գրքի բոլոր հերոսները կենդանիներ են, սակայն սիրել ու ատել, ստել ու ճշմարտությունն ասել ուղիղերեսին, վստահել ու հուսահատվել, դավաճանել ու փրկել նրանք կարողանում են ոչ պակաս, քան մենք՝ «մարդանման» ընթերցողներս։ «Գայլի որջը» Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքն է։ Հեռավոր անտառում սպանություն է տեղի ունեցել։ Ով է ընկեր, ով՝ թշնամի, ով է անմեղ փափկամազ զոհը, ով՝ գիշատիչը. ըստ ժանրի կանոնների՝ հանցագործը հայտնի չէ մինչև վերջին էջը։
Նախատեսված է 9-12 տարեկան ընթերցողների համար։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
«Տագնապած սերունդը» գրքի հեղինակը ողջունել է հայ ընթերցողներին ու փոխանցել գրքի գլխավոր ուղերձը (տեսանյութ)
70-ականների երևանյան ոճով ու հուշերով տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)