Գրքերն ու Ազնավուրը. ինչու էին լրագրողները համոզված, որ նա գրքի բուլեմիա ունի (տեսանյութ)

June 7, 2022

Շառլ Ազնավուրի ամենահաճելի զբաղմունքներից մեկն ընթերցանությունն էր: Կարդում էր շատ, անընդհատ թարմացնում էր գրադարանը: Տան ամենասիրելի անկյունն իր մեծ գրադարանն էր` նրա տուն այցելած լրագրողները նշում էին, թե Ազնավուրը գրքի բուլեմիա ունի: Իսկ Ազնավուրը նշում էր՝ չէ որ ես ստեղծագործում եմ` ինձ բանալիներ են պետք: Ինքնակենսագրականում էլ շեշտում է` գրադարան իր տաճարն է: Ընթերցում էր ու միաժամանակ էլ ստեղծագործում՝ արդյունքում նա երգերից բացի թողեց նաև գրական գործեր՝ արձակ և պեզիա, որոնք հերթով հայերեն է թարգմանում ու հրատարակում Newmag-ը:

Շառլ Ազնավուրը գրքի բուլեմիա ունի` այս նկարագրությամբ 1972-ին կանադական հեռուստաալիքը եթեր հեռարձակեց «Ձայնը» հաղորդումը: Եթերի ընթացքում Ազնավուրը խոսել է գրքերի հանդեպ իր մեծ սիրո մասին. «Ես չեմ սիրում, երբ գիրքն ինձ համար ընթերցում են, նույնիսկ ինքս ինձ համար բարձր ձայնով չեմ կարդում, քանի որ ներսիս ձայնը պետք է գիրքն ընթերցի»:

Ազնավուրն ընթերցանության և գրքի հետ շփվելու իր կարգուկանոնն ունի: Ասում է`ընտիր բազմոց ունի, բայց նախընտրում է պառկած կարդալ. այն էլ թույլ լուսավորության ներքո` լավագույն դեպքում 25 վատ հզորության. Լույսը պիտի ընկնի միայն գրքի վրա. «Երբ շատ ես գրքի մեջ ընկղմվում, ուզում ես մարմնիդ մասին մոռանալ, որ միայն դու լինես ու գիրքդ, այլևս ձեռք չունես, թև չունես, ոտք չունես, ոչինչ չունես»:

Ազնավուրի գրապահարանները հստակ դասավորված են` մի կողմում իր կարդացած գրքերն են, մյուսում` նրանք, որոնք դեռ նոր պետք է ձեռքն առնի: Թե որևէ մեկը կորցրեց, ապա նորը կգնի ու տեղը կդնի:

-Մոլագա՞ր եք:

-Այո՛, մոլագար եմ, բա այն, ինչ սիրել եմ, բերել եմ տուն, կարդացել, պիտի պահեմ: Գիտե՞ք` հաճախ առնում եմ նույն գրքերի փափուկ կազմով փոքր տարբերակները, որ երբ երեխաներս, թոռներս ուզենան կարդալ` օգտվեն դրանցից: Թե կորցնեն, մեծ բան չի լինի:Ես ոչ ոքի գիրք չեմ տրամադրում. եթե հնարավոր լիներ գրքերը պլաստմասից դարձնել, կտայի նրանց ձեռքը, հակառակ դեպքում նրանք էջերը կճմռթեն, հետքեր կթողնեն վրան, ու ամենակարևորը, շապիկը կփչացնեն, իսկ դա չեմ կարող հանդուրժել:

-Իսկ Դուք կատարյա՞լ եք օգտվում գրքից:

-Պետք է էջի վերևի մասին հպվել ու թերթել, և ոչ մի դեպքում ներքևից չշրջել, այլապես կծալեք էջը: Ճամփորդելիս շատ եմ նոր գրքեր ձեռք բերում: Հենց հինգ-վեց հատը վերջացնում եմ, ուղարկում եմ Փարիզ և ասում. «Տարեք դրեք գրասեղանիս վրա, և ոչ ոք չհամարձակվի դրանց ձեռք տալ, կգամ ու  կդասավորեմ»:

-Եթե անապատում հայտնվեիք, ապա ի՞նչ գիրք Ձեր հետ կվերցնեիք:

-Բառարան. Լառուսը` մասնավորապես: Ուզում եմ մոտ լինել մայրենիիս: Հաճախ եմ կրկնում` իմ հայրենիքն իմ լեզուն է:

Ազնավուրը պատմում է` բառարաններում գտնում է նոր, գեղեցիկ բառեր: Հետո թողնում է, որ բառը միայնակ պտտվի իր գլխում: Հենց դառնում է նախադասություն` վերածվում է երգի`ազնավուրյան. հաճախ մելանխոլիկ, որ իր երջանիկ հոգուց դուրս հանեն կուտակած տրտմությունը. ծաղրածուների նման…

Կարդացեք նաև