«Իմ կռիվը» ՝ Շառլ Ազնավուր, ընթերցում է դերասան Խորեն Լևոնյանը (տեսանյութ)

May 28, 2022

Մայիսի 23-ին Newmag-ը ներկայացրեց Շառլ Ազնավուրի 7-րդ գիրքը՝ «Նոր երկիրը»: Այս գրքում զետեղված են Ազնավուրյան պոեզիայից 113 բանաստեղծություն: Մյուսները հերթով կհամալրեն 3 հատորները, որոնք լույս են տեսնելու մինչև 2024 թվականը: Շնորհանդեսին հրատարակչությունը գրքից ընտրել էր 5 բանաստեղծություն, որոնք կատարել են Հայաստանի վաստակավոր և երիտասարդ սերնդի արվեստագետները: Ներկայացնում ենք Խորեն Լևոնյանի կատարումը:

«Իմ կռիվը» գործի խոսքը և երաժշտությունը պատկանում է հենց Շառլ Ազնավուրին, գրել է 1957 թվականին: Այն կատարել է նաև Շառլի քույրը՝ Սեդա Ազնավուրը։ Ազնավուրն այդ առիթով ասել է. «Երգ գրելիս երբեք ինձնից բաներ չեմ հորինել: Անընդհատ փնտրել եմ, և երբեմն հաջողվել է գտնել այն, ինչը կարող է գրավել ձեզ, կամ ինչը ոչինչ չի ասի ձեզ: Կարծում եք՝ գաղտնիքը կրկներգի՞ մեջ է: Վստահ չեմ. առաջին տողը պետք է գրավի ու տանի իր հետևից: Իսկ եթե դա տեղի չի ունենում, ուրեմն կդոփեք տեղում: Երբ ծնվում են բառերը, վերնագիրն ու երբեմն նաև բանաստեղծական առաջին տողերը, ամեն կերպ ձգտում եմ տեքստն ավարտուն դարձնել»:

Ազնավուրի համար գրելն իսկական հաճույք էր, ուսումնասիրում էր ամեն մի բառը, ծագումնաբանությունը՝ հենց բառարաններից գտնում ամենահին, չօգտագործվող տարբերակները և մի օր դրանք օգտագործում ամենահարմար առիթի դեպքում. ««Ավարտունը» ինձ համար բնավ «վերջնական» իմաստը չունի: Ավարտուն տեքստը, որը զուրկ է հմայքից, ոճից ու դեռևս անմշակ է, հեղինակի համար ոչ այլ ինչ է, քան հնարավորություն հաստատելու, որ գործը վատ չի ստացվել: Հետո ի՞նչ: Չմոռանանք, որ այն, ինչ մեզ կատարյալ է թվում երեկոյան, իսկական արժեք է ստանում հաջորդ օրը միայն»:

Ազնավուրը խոսոտվանել է՝ մի գործի բազմաթիվ օրինակներ հայտնվում էին աղբարկղ ու միայն ամենաիդեալականը համալրում իր պոեզիան: Երբեք թերի տեքստ չի պահպանել. դրանց տեղը դարակը չէր, այլ աղբամանը:

 

 

Իմ կռիվը

 

Միշտ եղել է

Իմ սրտի հետ,

Հավատիս հետ,

Որ ննջել է հոգուս խորքում:

 

Իմ կռիվը

Իմ մարմինը հոշոտել է բյուր բոցերով

Եվ իր կանչով, և իր կանչով

Ստիպել է, որ երազեմ երջանկության,

Սիրո մասին,

Մի կռիվ, որ բոլոր-բոլոր մահկանացու էակները

Իրենց հերթին

Միշտ մղում են ի հեճուկս վհատության,

Սիրո մասին,

Որը միակ բարիքն է, որ ի վերուստ են մեզ շնորհում

Օրեցօր ու ամեն վայրկյան,

Ավելի մեծ եռանդով ու մեծ հավատով:

 

Իմ կռիվը

Բոլոր մարդկանց լուռ պայքարն է

Հանուն իրենց իրավունքի

Եվ երջանիկ ապագայի:

 

Իմ կռիվը

Միշտ եղել է

Իմ սրտի հետ,

Հավատիս հետ,

Որ ննջել է հոգուս խորքում:

 

Իմ կռիվը,

Իմ մարմինը հոշոտել է բյուր բոցերով,

Եվ իր կանչով, և իր կանչով

Ստիպել է, որ երազեմ երջանկության,

Սիրո մասին,

Իմ կռիվը

Ես մղել եմ

Շատ կատաղի ու մոլեգին՝

Ուրախությամբ ունկնդրելով

Սրտիս ձայնին:

 

Իմ կռիվը,

Այդ կռիվը ես շահել եմ կյանքի գնով,

Որ ես ու դու

Սեր ունենանք:

Մի օր, այո, ես տվել եմ

Իմ կռիվը: