Ինչո՞ւ էր 2019-ը պոպուլիստական տարի․ վերլուծաբանների բացատրությունը

January 29, 2020

Վերլուծաբանների պնդմամբ 2019-ը պոպուլիստական տարի էր ու, ընդհանրապես, մենք արդեն ապրում ենք պոպուլիզմի դարաշրջանում:

Քաղաքական դաշտում են հայտնվել նոր կերպարներ, որոնց քաղաքական կարիերան մի քանի տարի առաջ անհավանական էր թվում:  2019-ին նաև ամրապնդվել են հին սերնդի պոպուլիստների դիրքերը՝ ԱՄՆ-ում ու հատկապես Եվրոպայում:

Նրանց հաջողության բանաձևն ունի մի քանի կանոն:

Քաղաքական էլիտայի հանդեպ հիասթափությունների ֆոնին պոպուլիստները բարդ հարցերին հեշտ պատասխաններ են տալիս ու արդյունավետ լուծումներ խոստանում: Հաճախ, սակայն, գործը հստակ քայլերին չի հասնում ու սահմանափակվում է վարակիչ ելույթներով: 2019-ին ևս գործերին փոխարինեցին ճառերը: Այստեղ ամենաէականն այն է, որ ճառերից ոգևորվողները, որոնք հոգնել են կառավարման գործող դանդաղ համակարգերից, շատ արագ մոռանում են, թե ինչ էին խոստանում իրենց այդքան հաճելի ելույթներ պարգևողները:

2019-ին հաջողության հասած պոպուլիստները խոստացան նույնը՝ դառնալ ժողովրդի ձայնն ու կոտրել կառավարման չաշխատող համակարգը:

Ուղիղ ժողովրդավարության մասին խոստումները ևս պոպուլիստներին օգնում են ժողովրդի ինքնիշխանության պատրանք ստեղծել: Պոպուլիստներին միավորում է այն, որ իրենք են որոշում, թե ով է ժողովուրդը, իսկ ով՝ ոչ:

Վլադիմիր Զելենսկի –  Երեք եթերաշրջան դերասան Զելենսկին հետևողականորեն ստեղծեց ժողովրդի ծառայի կերպարը: Հետո պարզվեց, որ երանելի նախագահը ֆիլմից գալիս է իրականություն: Այսօր արդեն իրական նախագահ Զելենսկին ֆեյսբուքյան ուղիղ եթերներում իր հետևորդներին առաջարկում է առաջադրել պաշտոնյաների իրենց թեկնածուներին: 2019-ինը Զելենսկիի համար դժվար տարի էր, բայց եղան նաև կարևոր ու իրական ձեռքբերումներ՝ Դոնբասում իրավիճակը կայունացավ, գերիները փոխանակվեցին, լուծվեց գազային հնգամյա հակամարտությունը:

Դոնալդ Թրամփ – Թրամփի գլխավոր տարբերանշանը անկանխատեսելիությունն է: 2019-ին ևս նրա ելույթներն ու որոշումներն այդպիսին էին: Նա տարբերվում է շատ պոպուլիստներից, քանի որ նրա աննորմալ թվացող խոսքը իսկապես գործի է վերածվում: Թրամփը 2019-ին շարունակեց խառնել ամբողջ Մերձավոր Արևելքը, իսրայելապատկան ճանաչեց Գոլանի բարձունքները՝ ստեղծելով միջազգային կարգուկանոնը ոտնահարելու ևս մեկ նախադեպ:  Շարունակեց դաշնակիցներին հրապարակավ վիրավորելը ու հասավ իր նպատակին՝ ՆԱՏՕ-ի անդամները իսկապես սկսեցին ավելի շատ գումար ներարկել ընդհանուր բյուջե:

Բորիս Ջոնսոն – 2019-ին անկանխատեսելի էին նաև Բրեքսիթի շուրջ զարգացումները: Բրիտանական պահպանողական պոպուլիզմի դեմքը դարձավ երկրի վարչապետ: Բորիս Ջոնսոնը շարունակում էր պնդել, որ ճգնաժամային իրավիճակից մարդկանց կարող է հանել միայն այն առաջնորդը, որն այդ ամենի հիմքում է եղել: Արդյունքում նա հաղթեց նաև արտահերթ ընտրություններում, բոլորը մոռացան, թե ինչպես էր նա Բրեքսիթի քարոզարշավի ժամանակ կեղծ վախեր տարածում ցանկալի արդյունքին հասնելու համար: Այսօր արդեն պարզ է՝ Բրեքսիթն իրականություն կդառնա հունվարի 31-ին:

Այս քաղաքական գործիչների հաջողությունները գլոբալ ալիքի մի դրվագն են միայն: Վերլուծաբանները պոպուլիստական ալիքի նահանջ չեն կանխատեսում: 2020-ին այն կարող է իշխանության բերել ոչ միայն արդեն թրծված ճարտասաններին, այլև անփորձ, քաղաքականության հետ աղերս չունեցող, բայց հաճելի ու վարակիչ ելույթներ սփռող նոր գործիչների: