Ինչո՞ւ են գրաքննադատներն ու բլոգերները քննադատում Գուզել Յախինայի նոր՝ «Սամարղանդ տանող էշելոնը» գիրքը (տեսանյութ)

August 4, 2023

Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել 2021 թվականի ամենասպասված, հետո էլ ամենաքննարկված ու քննադատված ռուսական վեպը: Գրաքաննադատներն ու բլոգերները միաբերան քննադատում էին Գուզել Յախինայի նոր՝ «Սամարղանդ տանող էշելոնը» գիրքը: Նրան մեղադրեցին պատմական փաստերը խեղաթյուրելու և պլագիատի մեջ, հայտարարեցին, թե նրա գրվածքները հուզիչ չեն:

Յախինան միայն ժպտում է, կարծում է, որ քննադատությունն էլ է օգնում, որ գիրքն ավելի շատ ընթերցող ունենա: Բայց չի թաքցնում, որ տհաճ էր. «Ցավալի է այդ ամենը լսելը: Կուզեի, որ այդ սկանդալները չլինեին: Բայց ամեն ինչ անցնում է: Մեծ հույս ունեմ, որ ընթերցողն իր կարծիքը կկազմի գիրքը կարդալով ու չլսելով, թե սոցցանցերում ինչ են խոսում գրքի մասին»:  

Սամարայում ապրած պատմաբան Գրիգորի Սեդենկովը գրքի շնորհանդեսից անմիջապես հետո Յախինային մեղադրեց գրագողության մեջ: Աղբյուրն, ըստ պատմաբանի, իր բլոգն էր, որտեղ ինքը գրել էր այդ նույն դեպքերի մասին.

«Յախինան իմ Կենդանի մատյան բլոգից է օգտվել: Ընդամենը երկու փոփոխություն է արել, օրինակ, Սամարան դարձրել է Կազան: Ես գիրքը չեմ կարդացել, բայց գրողի փաստարկները չեն գոհացնում ինձ: Չգիտես ինչու՝ գրողը Սամարղանդ քաղաքն է  ընտրել, մինչդեռ այնտեղ գնացող ուղիղ երկաթուղային գիծ չկար: Դրա համար էլ անտրամաբանական երթուղի է հորինել, որը գոյություն չունի: Եթե օգտվեր պատմական աղբյուրներից, նման հիմարություններ չէր գրի։ Օրինակ, գրքում իրադարձությունները տեղի են ունենում 23 թվականին, երբ  երեխաները վերադաձան  էվակուացիայից: Բայց նրանց էվակուացիայից չէին վերադառնում, նրանց պարզապես հետ էին բերում: Եթե Յախինան պատմական փաստերը կարդացած լիներ, կիմանար, որ 21-22 թվականին են էվակուացիայից վերադարձել»։ 

Պատմաբանն ասում է, որ օրեր է անցկացրել Սամարայի արխիվներում ու գրադարաններում: Վստահեցնում է, որ Գուզել Յախինան չի եղել այնտեղ․ այդ դեպքում ի՞նչ աղբյուրներից է օգտվել: Մինչդեռ Գուզել Յախինան պնդում է, որ գրադարաններում եղել է. «Ինձ համար ահավոր նվաստացուցիչ է խոսելը, թե երբ եմ եղել գրադարանում: Բայց եթե դա այդքան կարևոր է, 15 թվականի դեկտեմբերին եմ եղել՝ Զուլեյխան բացում է աչքերը գրքից անմիջապես հետո։ Ես պատմաբան-խորհրդատու չեմ ունեցել: Ես գիտական աշխատություններից եմ օգտվել ու հուշերից: Ես գրել եմ պատմություն, որը պատմական հիմք ունի, ճշմարտությունը շատ է, բայց սյուժեն, իհարկե, միֆական է: Էշելոնը, որը Կազանից գնում է Սամարղանդ, միֆական է, ինչպես Նոյի տապանը»:

Գուզել Յախինան խոստովանում է, որ սպասում էր, կլինեն քննադատություններ, բայց կրկնում է, ինքը  «Սամարղանդ տանող էշելոնում»  գեղարվեստական տեքստ է գրել. «Իմ հոր կողմից պապս՝ Զագրեյը, մանկատանն է մեծացել: Նա ուներ ընտանիք, բայց 1917 թվականից հետո, երբ սկսվեց սովը, նրան ուղարկեցին մանկատուն: Ընտանիքը չէր կարող կերակրել: Պապս մանկատնից փախել էր, 20-ականներին նրան ուղարկել էին նաև Դերժինսկու գնացքով»:  

Յախինային նույնիսկ մեղադրեցին դաժան իրականությունը մեղմելու կամ էլ թաքցնելու մեջ: Յախինան չէր ուզում երեխաներին ցույց տալ, այնպես, ինչպես իրականությունն էր՝ որպես թմրամոլ ու հանցագործ: Չնայած ուշադիր ընթերցողը դա առանց այդ էլ կհասկանա. «Ես որոշ թեմաներ՝ երեխաների մարդակերությունը, մարմնավաճառությունը, չեմ նկարագրում: Ավելին, ի սկզբանե երկու երեխա պետք է մահանար, բայց մեկ երեխայի մահը նկարագրելուց հետո հասկացա, որ այլևս չեմ կարող: Չէի ուզում, որ վեպը մի կողմ դնեին զարհուրելի նկարագրությունների պատճառով: Բայց  դուք մոռանում եք, որ իմ վեպում 500 երեխա նստեց գնացք, տեղ հասան 400-ը: 100 երեխա մահացավ: 100 երեխա մնաց երկաթուղու մոտ, նրանց թաղեցին ուղեկցորդները: Ես կարծում եմ, որ 100 մահը առանց այդ էլ շատ է, ու դա պետք է չշպրտել մարդկանց դեմքին»:  

Յախինան պատմում է իր նախնական հետազոտությունների մասին։ Նա կարդացել է տասնյակ իրական պատմություններ, թե ինչպես են մարդիկ սովից իրար սպանել, ինչպես են մարդիկ իրենց երեխային սպանել, որ ուտեն, ինչպես են փոքր երեխաներն իրար սպանել: Բոլոր այդ սարսափները կարդալուց հետո հասկացել է, որ սկսում է չզարմանալ ու չսարսափել: Այդպես էլ որոշել է իր ընթերցողին  շոկի չենթարել:  

Կարդացեք նաև