Հարցազրույց Գուզել Յախինայի հետ. Ինչպես և ինչու գրեց «Սամարղանդ տանող ճանապարհը» գիրքը (տեսանյութ)

July 24, 2023

Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» 2021 թվականի ամենասպասված ու քննադատված ռուսական վեպն է: Գրաքաննադատները գրողին մեղադրեցին պատմական փաստերը խեղաթյուրելու և պլագիատի մեջ: Ներկայացնում ենք Newmag-ի հարցազրույցը Գուզել Յախինայի հետ։

Էշելոնը՝ Նոյան տապան

«Սամարղանդ տանող էշելոն» վեպը մի տապանի, էշելոնի, գնացքի մասին է, որի մեջ նախորդ դարի վաղ քսանականներին  տեղավորում են 500 սոված, կիսամեռ երեխաների, որոնց մի մասը մահանում է: Այդ երեխաներին  մերձվոլգյան սովյալ տարածքներից տանում են  Թուրքիստան՝ Սամարղանդ, որտեղ ըստ լուրերի՝ կա շատ հաց, շատ արև ու շատ ջերմություն: Ու երեխաներն ապրելու շանս կունենան: Այդ ճանապարհը տևում է վեց շաբաթ, այն ձգվում է չորս հազար կիլոմետրից ավելի: Ճանապարհին շատ արկածներ են լինում երեխաների, էշելոնի ղեկավարի հետ: Ու այդ ամենն, իհարկե, ինչ-որ բանով հիշեցնում է փրկություն, որովհետև երեխաները հեռանում են այն տարածքներից, որտեղ մահն ու սովն են իշխում, այդ սովի ու մահվան շրջաններից  հեռանում են դեպի կյանք: Իհարկե, մեկ այլ հարց է, թե նախորդ դարի 20-ականների 5, 6, 9 տարեկան երեխաների ճակատագիրը ցավալի է, քանի որ առջևում դեռ շատ ցավոտ իրադարձություններ են սպասվում: Նրանց սպասվում է 30-ականների սովը, նրանք, ովքեր կմեծանան, կտեսնեն ստալինյան ռեպրեսիաները, և ամենագլխավորը, նրանց սպասվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այդ ամենը կկարդաք փակագծերում:  

Պատմական վե՞պ, թե՞ գեղարվեստական գիրք

Կոնկրետ այդ էշելոնը, որը ես նկարագրում եմ, իրականում չի եղել: Բայց նմանատիպ էշելոններ եղել են: Դրանք պատմության ոչ այքան հայտնի էջերից են: Բայց եթե արխիվներում փնտրես, շատ արագ կգտնես այս թեման:Նման էշելոնները կոչվել են Դերժինսկու էշելոններ։ Այդ էշելոնների հանդեպ ունեմ խորը անձնական վերաբերմունք: Դա իմ ընտանեկան պատմության մի մասն է: Իմ հորական պապը նման էշելոններից մեկով 20-ականներին Կազանից տեղափոխել է Թուրքիստան, ոչ Սամարղանդ, այլ քաղաք, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Պապիկս ծնողազուրկ էր, նա թափառական էր, իրոք սովից մահանում էր: Ու այլ տղաների հետ նրան այդ գնացքով տեղափոխել են: Ճանապարհին, որը տևել է մի քանի շաբաթ, տղաների մի մասը մահացել է: Ի երջանկություն ինձ, պապիկս ողջ է մնացել: Այնպես, որ նման գնացքներ, հաստատ, եղել են, ու դրանցից մեկի շնորհիվ կա իմ ընտանիքը:  

Քննադատված վեպ

Ամեն մի տեքստ, ֆիլմ, ստեղծագործություն, որը պատմում է սովետական անցյալի մասին, շրջանի մասին ու այն էլ բավականին քննադատական, դատապարտված է մեծ ուշադրության:  Այն քննադատությունը, որ եղավ, ավելի շուտ քննադատություն էր այդ սուր ընկալման պատճառով: Իմ խիղճը մաքուր է, ես շատ եմ աշխատել, շատ աղբյուրեր եմ նայել: Այն ամենը, ինչ գրել եմ՝ իմ գտած նյութերի հիման վրա է:  

Խնայել ընթերցողին  

Երբ պատրաստվում էի գրել այս գիրքը, շատ եմ կարդացել: Շաբաթներ եմ անցկացրել այս նյութերն ուսումնասիրելով: Ինչ-որ մի պահ պարզ դարձավ, որ նյութերն անտանելի են: Կարդալով հաշվետվությունները, երեխաների ցուցմունքները, թերթերը, նայելով լուսանկարները, խորոնալով այդ անմարդակային նյութերի մեջ, ես հասկացա, որ ուզում եմ դրանք մի կողմ դնել, ու այդ մասին ընդհանրապես չգրել: Ես հասկացա, որ ընթերցողն էլ կարող է նույն ձև գիրքը փակել ու չկարդալ: Իսկ ինձ համար կարևոր է, որ կարդան: Շատ ժամանակ ու էներգիա եմ ծախսել, որպեսզի այդ նժարները հավասարվեն: Մի նժարին բացարձակ անտանելի նյութերն էին, որոնք առողջ բանակությունը մերժում է. բոլոր այդ խեղճ ու սոված երեխաների լուսանկարները, որոնք սովից այտուցվել էին, ու միևնույն ժամանակ, նույն սովից մինչև ոսկորները հյուծված էին: Այդ լուսանկարներն ուղղակի անտանելի են: Երեխաները, որոնք մահանում են անկողնում, պառկածները, որոնք չեն կարողանում վերկենալ: Կշեռքի մի նժարին անտանելի թեման էր, իսկ մյուս նժարին ես փորձել եմ դնել ինչ-որ հնարավոր է. երկու սիրային պատմություն. մի դեպքում կրքոտ, մեկ այլ դեպքում՝ ավելի մայրական, նուրբ ու մեղմ, երեխաների ընկերությունը:  

Սովը՝ մեծերի աչքով

Կա աուտիկ Զագրեյկան: Նրա հիվանդ երևակայության մեջ միախառնված են իր պատկերացումներն ու այն ամենը, ինչ տեսնում է իր շուրջը: Մյուսը Սենյա Չուվաշինն է: Նա մահանում է սովից  ու մահանալուց առաջ տեսնում ենք նրա կյանքի վերջին մի քանի ժամերը, րոպեները: Այս երկու էպիզոդներում ես իրականությունը ներկայացրել երեխաների աչքերով: Մնացած դեպքերում սովը մեծերի աչքերով է: Դա գիտակցված ընտրություն էր: Ես ուզում էի սովը ցույց տալ, որպես ահավոր մի բան, որպես ոչ նորմալ բան:    

Գուզել Յախինան՝ հայ ընթերցողին  

Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարդացել են առաջին վեպս: Ուրախ կլինեմ, որ երկրորդն էլ կարդան: Սա վեպ է մեր ընդհանուր պատմության մասին: Եթե իմ տեքստն ինչ-որ մեկին օգնի ավելի լավ հասկանալ իր տատիկներին ու պապիկներին, ուղղակի հրաշալի կլինի: Չէ՞ որ սովին առնչվել են շատերը նաև Հայաստանում: Դա, իրոք, մեկ ընդհանուր դժբախտություն է, ցավ, որը միավորում է բոլորիս: 

Կարդացեք նաև