Լրագրողներին դարձյալ «ճզմեցին». ինչպե՞ս պետք է կազմակերպել չեմպիոնների դիմավորումը

August 24, 2017

Չգրված, բայց հաստատված ավանդույթով, օդակայանում լրագրողներն ու մարզասերները միշտ դիմավորում են չեմպիոններին` Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին: Չէ որ, նրանք դարձել են համընդհանուր ու համազգային հպարտության և ուրախության պատճառ ու գլխավոր հերոս:
Եթե նախկինում դիմավորում էին ծաղիկներ փոխանցելու, շնորհակալություն հայտնելու համար, հիմա արդեն` սելֆի անելու, Facebook և Instagram Live հեռարձակելու, սեփական ընկերներին ու բաժանորդներին չեմպիոնների ժամանումը առաջին ձեռքից փոխանցելու համար: Դե իհարկե, լրագրողների ու մարզասերիների հարևանությամբ ու առաջին գծում սպորտային ոլորտի պատասխանատուներն են: Ինչպես ասում են, հաղթանակը հազար տեր ունի ու այդքան էլ դիմավորող:
Բայց եթե մարզասերները օդակայանում են սեփական ցանկությամբ, իսկ պաշտոնյաները` սեփական ամբիցիաների պատճառով, ապա լրագրողներն այնտեղ են ի պաշտոնե: Բայց տարօրինակ ավանդույթի համաձայն, լրագրողներն օդակայանում ոչ թե աշխատում են, այլ խանգարում:
Խանգարում են, որովհետև ստիպված են հրել մարդկանց հարցազրույց վերցնելու համար, խանգարում են պաթետիկ-հայրենասիրական դհոլ-զուռնային հնչել ոչ թե մեկ ժամ, այլ մի քանի րոպե: Լրագրողները օդակայանում են, որովհետև ցանկանում են հարցազրույց վերցնել, առաջին ձեռքից ու առաջին տպավորությունները հատկապես կարևոր են:
Սակայն, օրվա վերջում, երբ նայում ես թե ինչ ես նկարել` շրջափակված հարյուրավոր երկրպագուներով, տասնյակ թիկնապահներով, խոսափողի ու տեսախցիկի մեջ անընդհատ բղավող մարդկանցով, զուռնա-դհոլի երաժշտական ֆոնով, հասկանում ես, որ ոչինչ չի փոխվել: Միայն աղմուկ:
Չեմպիոններին դիմավորելու այս ձեւաչափն արդեն հին է: Հարկավոր է մշակել նոր ռիտուալ: Սպորտում դոմինանտ երկների օրինակները նախանձելի են: Օրինակ, Մեծ Բրիտանիայում մարզիկներին դիմավորում են հենց օդանավի մոտ: Ստեղծվում են զոնաներ. ընդունող պաշտոնյաների գոտի, նվագախումբ, մեդիա զոնա, երկրպագուներն ավելի հեռու են: Ընդ որում, այս գոտիներում հսկողությունը շատ բարձր մակարդակի վրա է, որպեսզի էմոցիոնալ ֆոնին հրմշտոցներ չլինեն:
Միացյալ նահանգներում, սովորաբար, ընտրում են քաղաքի ամենահայտնի հրապարակներից մեկն ու կազմակերպում փոքրիկ միջոցառում: Օրինակ, Նյու Յորքի Times Square հրապարակում փոքրիկ բեմ են պատրաստում, դնում ամբիոն, որպեսզի մարզիկը կարողանա կիսվել իր տպավորություններով: Այդպես, ոսկե մեդալ նվաճած մարզիկի խոսքը, որ այդքան կարեւոր է բոլորի համար, բարձր լսում են բոլորը: Լրագրողների համար էլ հեշտ է հեռվից, բայց առանց ինֆորմացիա բաց թողնելու աշխատել: Ֆրանսիայում մարզիկներին  նստեցնում են կաբրիալետ մեքենա ու պտտում ամենահայտնի փողոցներով:
Չի տպավորվել, թե ինչպես են մարզիկներին դիմավորում հարեւան երկներում, քանի որ շատ հարեւանների դեպքում պատկերը նույնն է: ԽՍՀՄ տարիներին թռուցիկներ էին բաժանում, օդանավից ծաղիկներ շպրտում ներքեւ, դափնիներով պատում մարզիկներին: Առաջին երկու տարբերակը շատ կարճ կյանք ունեցավ, քանի որ այդպես աղտոտվում էր քաղաքը:
Պետք է հրաժարվել ներկայիս տարբերակից: Սա աներկբա է: Շատ դեպքերում նույնիսկ մարզիկներին է անհարմար: Հախուռն գրկախառնություններ, համբույրներ, քաշքշոց ու ամառային աննահանջ քրտինք: Որքա՞ն կարելի է:  
Ինչպե՞ս ենք մենք կազմակերպում, բայց իրականում ո՞վքեր պետք է կազմակերպեն արարողակարգը:


  1. Հախուռն եւ համազգային ընդունելություն

  2. Տվյալ համայնքի, քաղաքի ղեկավարներն ու միջոցառումների պատասխանտուները

  3. Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն կամ ՀԱՕԿ

  4. Պետական եւ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ընդունելություն


Գրեթե միշտ, մենք օգտվում ենք առաջին տարբերակից: Նախադեպեր կան նաեւ չորրորդ տարբերակի: Վերջինի դեպքում, երբ օրինակ հանրապետության նախագահն է դիմավորում չեմպիոններին, ամեն ինչ ավելի համակարգված է, քանի որ կազմակերպչական հարցերով զբաղվում է երկրի ղեկավարի արարողակարգային ծառայությունը: Այդ պարագայում եւ՛ մարզիկներին է հարմար, եւ՛ դիմավորող պաշտոնյաներին, եւ՛ վերջապես լրագրողներին:
Չեմպիոններ ու մեդալներ մենք էլի ենք ունենալու, հետեւաբար փաստ է` ժամանակն է ազատվել այսպիսի ընդունելություններից եւ կազմել նոր, ժամանակակից ձեւաչափ: