Մեսրոպ Մովսեսյան. Լրագրողները դարձել են միագույն էակներ, բոլորը նույնն են

September 8, 2015

Լրագրությունն 90-ականների սկզբին անցել էր խորհրդային դպրոց, թերություններ կային, սակայն «լրագրող» հասկացությունն ուրիշ էր. լրագրողը մտածում էր, նա նախ կառուցում էր միտքը, հետո միայն` արտահայտվում: Հիմա ո՛չ մտածում են, ո՛չ միտք կառուցում, միայն արտահայտվում են: Լրագրությունը դարձրել է սղագրում: Սա ունի իր պատճառները: Սկսած 2000 թվականից, երբ մոռացան` ինչ է լրագրությունը, վախի մթնոլորտ էր, որը Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով մտավ Հայաստանի լրատվական դաշտ: Դրանից հետո լրագրությունը նահանջ ապրեց և հասավ նրան, որ հիմա ոչ թե լրագրողներ են, այլ սղագրողներ, որոնք հաճույք են ստանում ասուլիսներ սղագրելով: Այդ մակարդակի վրա կանգնել են: Ինչո՞ւ է ասուլիսը սիրված: Որովհետև այնտեղ պետք չէ մտածել, պատասխանատվություն չկա, հեղինակային իրավունքի խնդիր չկա: Մեկն ինչ ուզում, ասում է, հակադարձ հարցադրումներ անող անգամ չկա, և ով այդ ամենը շուտ փոխանցեց ինտերնետ կամ եթեր, նա էլ համարվում է «լավ լրագրող»:
Լրագրության դեգրադացման շրջանը, իմ պատկերացմամբ, մենք անցել ենք, հիմա մտածելու շրջանն է, թե ինչպե´ս վերականգնել, ինչպե´ս դարձնել գրագետ լրագրություն, իրադարձություն լուսաբանող լրագրություն: Դրանք մեզ մոտ անձնավորված են, բոլորը փնտրում են հեղինակներին. ով է, ինչ դեր է կատարում: Մեզ պիտի հետաքրքրի իրադարձությունը: Ինձ չի հետաքրքրում՝ այնտեղ հանրապետական էր, ՀՀՇ-ական էր, դաշնակցական, թե այլ մեկը: Իրադարձությունը եկեք վերլուծենք:

Աշխարհում էլ եղել է ռեգրես՝ մեծ մասշտաբի. պատճառները նույնն են, ինչպես մեզ մոտ: Մերոնք չեն տարբերվում միջազգային լրագրությունից: Թեև նրանք այնքան ցած չեն իջել, որքան Հայաստանում: Մեզ մոտ ոչ թե ցած իջանք, այլ ընկանք միանգամից:

Լրագրողների հիմնական թերությունն անգրագիտությունն է: Սա գալիս է դպրոցներից ու բուհերից: Նրանց շատ թերի են պատրաստում. գուցե պատճառը լավ մասնագետների պակասն է, մամուլի, հեռուստատեսության, համացանցի մասնագետների պակասը: Տեղեկատվական գործակալությունների մեծ մասի ղեկավարները լրագրության հետ կապ չունեցող մարդիկ են. պարզապես ունեցել են մի քիչ գումար, բացել են գործակալություն և գտել են դաշտում աշխատելու և առաջինը լինելու ճանապարհը: Թե ինչ են մատուցում, երկրորդական, երրորդական հարց է:
Հիմա լրագրության լճացման շրջան է. սա գուցե դրական կողմն է: 2006-2008-ից սկսած՝ այստեղ լճացում է: Ես համարում եմ, որ ավելի լավ է լճանալ, քան ռեգրեսիվ փուլ մտնել: Լճացումը բերելու է նրան, որ մտածենք, թե ինչ անենք, որ փրկենք լրագրությունը: Միակ ձևն ինքնազարգացումն է: Լրագրողը հակված չէ զարգանալուն, ձգտում չունի, բայց ձգտումն ինքներս ենք կոտրել նրա մեջ` նրան դարձնելով սղագրող, կոտրել ենք, որ չհասկանա կատարվածի, թեմաների էությունը: Հարկավոր է սա շտկել, կարդալ, իմանալ, չբավարարվել, լրացնել գրքերով:
Ինձ համար տարբերություն չկա, թե ինչ ֆակուլտետ է ավարտել աշխատանքի համար ինձ դիմող երիտասարդը: Մեկը մյուսից չի տարբերվում, նույն մակարդակի վրա են: Պրոֆեսիոնալ լրագրություն դասավանդող մենք չունենք: Մակերեսային գիտելիք ստացած լրագրողը նույնն է, ինչ, օրինակ, մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտած, մի քիչ կարդացած մարդը: Ես կցանկանայի, որ լրագրողը լուրջ վերաբերվեր իր մասնագիտությանը:
Վերջիվերջո, լրագրությունը համարվում է չորրորդ իշխանություն. իշխանության մեջ անգրագետ լինելը լավ չէ:

Լրագրողների պահանջարկ կա հիմա: Հանրապետությանը միշտ պետք են լրագրողներ, հատկապես հիմա, երբ գործում են 700-ից ավելի կայքեր: Տեսե՛ք` որքան հեռուստաընկերություն կա, որոնք լրագրողի պահանջ ունեն: Մենք էլ ունենք: «Ա1+»-ն ունի նվազագույնը 5 լրագրողի պահանջ: Ցավալին այն է, որ մեկ տարվա ընթացքում ստուգել եմ 42 մարդու, փորձել եմ և հրաժարվել եմ:
Շուտով էլի կգան դիմորդները: Ես, պրոդյուսերը, խմբագիրը զրուցում ենք: Փորձում ենք հասկանալ` կարո՞ղ է այս մարդը կոչվել լրագրող, թե՞ ոչ: Գուցե իմ պահանջները շա՞տ են: Ես «հին մարդ» եմ՝ «հին դպրոցի» պահանջներով, այդ պատճառով դեմ եմ այս օրերի սղագրությանը: Երբ չեն բավարարում մեր պահանջներին, մենք հրաժարվում ենք: Կան մարդիկ, որոնց ժամանակ ենք տալիս, որ փորձեն ուժերը, հետո հրաժարվում ենք, նորերին ենք փնտրում… Սարսափելի է: Երբեմն հայտարարում ենք անվճար դասընթացներ: Գալիս է 50 երիտասարդ: Նրանցից երեքին ենք ընտրում, այդ երեքին պատրաստում ենք, իսկ նրանք կուրսն ավարտելուց հետո գնում են՝ այլ տեղ աշխատելու:
Ապագա լրագրողին սովորաբար հարցնում եմ` ինչ է կարդում, ինչն է գնահատում կյանքում, ինչպես է գնահատում Հայաստանի քաղաքական, սոցիալական վիճակը, ինչ մարդկանց է ճանաչում քաղաքական դաշտում: Վերջերս մի աղջկա հարցրի` աղջի՛կս, ի՞նչ գիրք ես կարդում, ասաց` հիմա կարդում եմ... Ու այդպես էլ պատասխան չհնչեց: Օգնության հասա, հարցրեցի` Թումանյան կարդացե՞լ ես, ասաց` չէ՛, բայց իր ֆիլմերն եմ դիտել: Նրան ինչպե՞ս ընդունեմ աշխատանքի:
Լրագրող դառնալու համար անհրաժեշտ է սովորել 5 տարի: Հիմա պատրաստում են բանասերների, անունը դնում են լրագրող, որը կարդացել է մի քիչ Պուշկին ու Թումանյան, սակայն նա չի կողմնորոշվում, թե ինչպես ձևավորել իր մոտեցումը որևէ խնդրի վերաբերյալ: Երբեմն ասում եմ` հիմա երկու նախադասությամբ նկարագրի՛ր մեր այս հանդիպումը: Տեսնեմ` «վեպ են գրում», երեքէջանոց դատարկախոսություն:
Բարձրորակ լրագրող ստանալու համար անհրաժեշտ է զրոյից սկսել, մշակել: Ցավոք, դրա ժամանակը չկա: Պետք է կարողանա գոնե համադրել ուսումն ու աշխատանքը: Մենք փորձում ենք սա անել, սակայն կորցնում ենք այդ մարդկանց, որովհետև նրանք գնում են ավելի բարձր վարձատրության հետևից:

Որակյալ է այն ժուռնալիստը, որը կարողանում է լուսաբանել և՛ Նախագահի անցուդարձը, և՛ բիզնեսը, և՛ փողոցում հարցազրույցներ անել մարդկանց հետ: Հարցումը ցուցանիշ է. այդ ժամանակ տեսնում ես մարդու գրագիտությունը, աշխարհայացքը, նրա տված մեկ հարցի մեջ նկատում ես ամեն ինչ, նաև այն ստանդարտ մտածելակերպը, որը գալիս է եթերից, ինտերնետից: Ուզում եմ, որ մտածված հարցեր տա լրագրողը, ճկուն միտք ունենա: Լրագրողները Հայաստանում ձուլվել են, դարձել են միագույն էակներ: Բոլորը նույնն են: Ցավալի է: