Հայաստանի միակ երկնաքարային խառնարանն ու երևույթի արտացոլումը ժայռապատկերում

December 23, 2014

Ժայռապատկերները սփռված են ամբողջ Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում Սև ծովից մինչև Հայկական Տավրոս, Կասպից ծովից` Կիլիկիա: Հայաստանի Հանրապետությունում հայտնի է ժայռապատկերների չորս խոշոր կուտակում` Սյունիք, Գեղամա և Վարդենիսի լեռներ, Արագած: Բնականաբար, հնդեվրոպական նախահայրենիքում ձևավորված հայ ժողովուրդն է կերտել լեռնաշխարհի ամբողջ տարածքով մեկ սփռված բյուրավոր ժայռապատկերները:
Լեռնալանջերի 2.400-3.300 մ բարձրության ալպիական գոտու քարացրոններում սփռված փորագիր պատկերներն անգին տեղեկություններ են պարունակում նախագրային ժամանակներում մեր ժողովրդի կյանքի ու կենցաղի, արվեստի ու գիտելիքների, դիցամտածողության ու սովորույթների մասին:
Ժայռապատկերը նախնադարյան մշակույթի կրող է, դրա տեսակ, փուլ ու ձև: Լինելով պատկերային մտածողության արտահայտություն, տեղեկությունների ու զգացմունքների արտահայտման ու փոխանցման յուրահատուկ պատկերագրական ձև` այն մարդկային հաղորդակցության միջոց է:
Առանձնահատուկ նշանակություն ունի խոշոր երկնաքարի անկման երևույթի` խոշոր ասուպի պատկերը, Վարդենիսի լեռնաշղթայի Սևսար լեռան հնագույն աստղագիտական համալիրում` Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից 8 կմ հարավ: Բարձրությունը` մոտ 2.650 մ: Այն 1965 թվականին նկատել և արտանկարել է ժայռապատկերներ հայտնաբերող ճարտարապետ Սուրեն Պետրոսյանը: 6 մ2 մակերեսին փորագրված են 1մ տրամագծով շրջանաձև շքեղ պատկեր, երկու մարդ-պատկեր, ձի, օձ-վիշապներ, բոլորակներ և նշաններ` խաչ, մահիկ, անկյունիկներ, կետախմբեր:
Հայ աստղագիտության պատմության մեծագույն գիտակ, պրոֆ. Բենիկ Թումանյանը համոզված է, որ շրջանաձև պատկերն արդյունք է չափազանց հազվադեպ մի երևույթի, մարդիկ տեսել են, թե ինչպես է խոշոր երկնաքար ընկել, ինչը նույն վայրում կարող է տեղի ունենալ մի քանի միլիոն տարին մեկ: Կից պատկերները` համաստեղությունները, ճշգրիտ նշում են գիշերային երկնքի այն մասը, որտեղից եկել է երկնաքարը: Իսկ եթե ենթադրենք, որ կենտրոնից սկիզբ առնող երեք ճառագայթը նշում են
երկնաքարի սրընթաց թռիչքի ուղղաթյունը, պարզ երևում է, որ այդ ուղղությունը ճիշտ դեպի Աժդահակ է` ՀՀ երրորդ գագաթը (3.597 մ):
Աժդահակ հրաթխակոնի հիմքի հյուսիս-արևմտյան մասում մնում է երկնաքարի անկման հետքը` 4 մ խորությամբ: Հրաբխային խառնարանների համեմատ` փոքրիկ մի փոսորակ է սա, խառնարան` 28 և 36 մ առանցքներով կանոնավոր ձվածիր եզրագծով: Իմ հաշվումների համաձայն, նման խառնարան կարող էր առաջացնել 80-300 կգ զանգվածով և 20-10 կմ/վրկ արագությամբ ընկնող մարմնի հարվածը: Բախումը հավասարազոր է մոտ 4 տ տրոտիլի պայթյունին: