«Առանց հիշողության չկա ապագա». Իր ծագման ու նախնիների մասին մոնոլոգ՝ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆից

November 30, 2022

«Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը հայկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի, ֆրանսիական Մոնակո, իտալական Ինտեր, և այլ ակումբների հարձակողական ոճի լեգենդար կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆի մասին է։ Գրքում կիսապաշտպանն անդրադառնում է իր կարիերայի սկզբին, Եվրոպա տեղափոխվելուն, կյանքի հիշարժան դրվագներին, իր ծագմանը: Նա առանձնակի ջերմությամբ է պատմում հայկական արմատների, իր նախնիների՝ Ցեղասպանությունից փրկվելու և մի կյանք այդ ծանր հիշողությունների հետ լուռ ապրելու մասին:

Առանց հիշողության չկա ապագա: Իմ հիշողությունը ձևավորվել է մեծերի պատմությունների վրա, օրինակ՝ տատիս: Նա պատմել է ընտանիքի ծագման, ինչպես է Ֆրանսիա եկել: Նա հանդուրժողականության, դաստիարակվածության, բարության և նվիրվածության տիպար էր: Մեր ավագներն ամոթխածորեն չէին խոսում կրած տառապանքների մասին, թաքցնում էին հիշողությունները՝ չվերապրելու համար, քանի որ չէին կարողանում վերջնականապես ազատվել դրանից: Ես հայրական պապիս հանգիստ չէի տալիս.

-Հը, պապի՛կ, մի քիչ պատերազմի մասին կպատմե՞ս:

Հեշտ չէր նրան համոզել խոսել: Նա փորձում էր խույս տա, ժամանակ շահել.

-Հետո, հիմա չէ:

Մորս ծնողները՝ Օհանյանները, Բուրսայից են, այսօրվա Թուրքիայում է: Նրանք Ֆրանսիա են եկել փրկվելու Օսմանյան կայսրությունում 1915-ի Ցեղասպանությունից, որը ապրիլի 24-ին էր սկսվել Կոստանդնուպոլսում հայ նշանավոր մտավորականների ձերբակալությամբ: Մի քանի ամսվա ընթացքում համընդհանուր անտարբերության պայմաններում 1-1.5 միլիոն հայ տեղահանվում և կոտորվում է: Պատմության այդ սև էջը խորը դրոշմ է թողել ինձ վրա: Ես միանում եմ Ռոբերտ Քոչարյանի խոսքերին: 1988 թվականին ՀՀ նախագահն ասաց, որ այդ ոճրագործ արարքը ոչ թե մեկ ժողովրդի, այլ ամբողջ մարդկության ողբերգությունն է:

                                                                                                              

Տատիս ու պապիս՝ Թուրքիայի արանքում գտնվող գյուղը կողոպուտի է ենթարկվել, երբ նրանք դեռ 6 տարեկան էին: Ընտանիքները տեղահան են արվել, իսկ երեխաները հայտնվել են որբանոցում: Նրանք ականատես են եղել հաշվեհարդարի տեսարանների, բռնել են աքսորի ճանապարհը, բնաջնջվել: Այս ամենը նրանց կոփել է, ամրապնդել ապրելու բնազդը: Նրանց կյանքը լի է եղել մղձավանջներով:

Նման վայրագությունները, անշուշտ, իրենց դրոշմն են դնում մարդու վրա: Մորս ծնողները զուսպ էին իրենց պատմություններում: Նրանց ապրած արհավիրքների մասին գաղափար կազմելու համար ձեռնամուխ եղա Եվրախորհրդարանի նախկին նախագահ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի N78651 բանտարկյալ Սիմոն Վեյլի ցնցող հուշագրության ընթերցանությանը: Տատս ու պապս ոչ թե ատելության, այլ երկխոսության ու հաշտության կողմնակից էին: Միաժամանակ կրում էին ցեղասպանված ժողովրդի հիշողությոնը: Երբ նրանք եկան Ֆրանսիա, մարդիկ չէին ուզում լսել նրանց պատմությունները: Մարդկանց նրանց աշխատանքն էր պետք: Իրենց հերթին, տատս ու պապս նույնպես ուզում էին հնարավորինս արագ ինտեգրվել նոր հասարակությանը: Իսկ արտասվել և սգալ կարելի էր տանն աշխատանքից հետո:

Կարդացեք նաև