Վարդապետի չալդրանյանական լռությունը

December 25, 2015

Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆում գրեթե չկան հեղինակային կինո նկարող ռեժիսորներ: Կոմերցիոն կատակերգությունների ֆոնին տարվա վերջին էկրան բարձրացավ «Վարդապետի լռությունը»: Այն համարյա բիոփիք է` ֆիլմ-կենսագրություն,սակայն Կոմիտաս կոմպիզիտորի, երաժշտի և վարդապետի կենսագրությունը չէ:
Երևանցի գրող և բուհում դասախոսող Էդգար Նովենցի (Վարդան Մկրտչյան) մասին է, որն էլ գրում է Կոմիտասի մասին: Նրան ամենից շատ հուզում է ֆրանսիական հոգեբուժարանում վարդապետի անցկացրած շրջանը. նա ցանկանում է պարզել` կոմպոզիտորը հոգեկան խանգարում ունե՞ր, թե՞ ոչ:
Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, լինելով ամենավառ հեղինակային ֆիգուրը հայկական կինոյում, հավատարիմ է մնացել իր էսթետիկ, սիմվոլիկ և յուրահատուկ մինի-կառուցվածքներին: Դրանցով նա ստեղծում է իր առանձնատուն-ֆիլմերը, որոնք շատ հեռու են կանգնած մեծ էկրան բարձրացող մնացած շինություններից:
Սիրո և սեքսի մասին տարվա ամենասկանդալային ֆիլմը. «ՍԵՐ 3D»





Ֆիլմի հիմնաքարերից մեկը այսօրվա հայ մտավորականի կերպարն է, նրա գործունեությունը և բախումը համակարգի հետ: «Լռություն» բառը, որը ռեժիսորն օգտագործել է իր վերջին ֆիլմերի վերնագրերում, կոտրվել է: Այնպիսի տպավորություն է, որ այժմյան սոցիալական խնդիրները և ներքաղաքական վիճակը փոխազդվել են ժամանակակից հայկական կինոյի հետ: 2015 թվականի կատակերգություններում մենք տեսնում ենք փոքր ակնարկ-ծաղրանքներ, սակայն Չալդրանյանն այդ խնդրին անդրադառնում է դրամատիկորեն: Հրաշալի գիշերային տեսարան, որտեղ Նովենց-դասախոսը և քաղմասից նոր դուրս եկած, հաճելիորեն ըմբոստ ուսանող Արեգը որոշում են, որ ապագա լրագրող Արեգը պետք է հարցազրույց վերցնի Միքայել Նալբանդյանի արձանից: Նալբանդյանը «պատասխանում է», որ իր արձանը պատահաբար չէ հայտնվել ԱԱԾ մոտ` Ոստիկանության վարչության շենքի հարևանությամբ. չէ՞ որ ազատությունը պետք է հսկվի: Կոմիտասի մասին հետաքրքրվողներին դուր կգա ֆիլմի պսևդովավերագրական հատվածը, երբ Նովենցը գտնվում է Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում: Ռեժիսորը խոստովանել է, որ այն իրոք վավերագրական իմպրովիզ է:
85 միլիոն դրամ. ահա այսքան է ֆիլմի բյուջեն, գումարած ինչ-որ ոչ պաշտոնական թվեր` օգնություններ, որոնք ստեղծագործական խումբը չթվարկեց: Այսքան գումար է անհրաժեշտ, որպեսզի ստեղծվի դիտման արժանի, բայց զգացմունքային հուշեր չթողնող կինո: Ֆիլմը ավելի շուտ հաջող փորձ է, որ այսօրվա մտավորականի խնդիրները ներկայացվեն հարյուր տարվա վաղեմության, գլոբալ աղետի ֆոնին: Այժմյան Հայաստանում ապրող արևելահայի և 1915-ին անապատում հայտնված արևմտահայի միջև զուգահեռներ անցկացնելու ցանկություն է առաջանում: Այսօրվա հերոսը չպետք է լռի. սա ֆիլմի պոստուլատներից մեկն է: Հավանաբար, դրա համար է ռեժիսոր Չալդրանյանը հանդես գալիս երկու տեսարանների կամեոյով` մարմնավորելով ինքն իրեն, և բոլորին ցույց է տալիս իր տան պատերին կախված դիպլոմները՝ խոսելով սեփական հաջողությունների մասին: Այսպիսի էգոցենտրիկ և ցուցադրական ժեստը էժանացնում է նրա և նրա հերոսի երկխոսությունը: Եվ ընդանրապես, եթե չլինեին պաթետիկ խոսքերը, որոնցով ողողված է ֆիլմի առաջին մասը, կինոն միայն կհաշեր: Սակայն սա չալդրանյանական առանձնահատուկ ոճն է, մի աշխարհ, որտեղ ապրում են անօթևան և անունք կանայք («Ձայն լռության») և սափրված գլուխներով անտիսիստեմային հղիներ («Վարդապետի լռությունը»):
Պետք է շնորհակալ լինենք ռեժիսորին` հայկական կինեմատոգրաֆի «բոտեքսային էսթետիկային» այլընտրանք ներկայացնելու համար: Սակայն Չալդրանյանը, լինելով կինոյի, ոչ թե սիթքոմա-կլիպային լեզվով խոսող անձ, կարող է երբեմն նաև բղավել` էմոցիաները տանելով մինչև վերջ, որպեսզի տերտերյանական երաժշտությունն և հայ մտավորականի պատկերը ֆիլմից հետո երկար պահեն իրենց ազդեցությունը հանդիսատեսի հոգում: Ֆիլմում, իհարկե, կան տպավորիչ, անվերջ և ճերմակ միջանցներ, կլոբդեբյուսիական բնության պանորամաներ և էհեհեյ բացականչություններ, բայց այրվող դաշնամուրն ու արևից ճաքճքած հողը այնքան ծեծած կինոհնարքներ են, որ դարձել են գռեհիկ, ինչպես հովազային նախշը` երթուղայինում:
Ամեն հարմար և անհարմար առիթով մենք խոսում ենք մեծ և հանճարեղ հայերի, նրանց թողած անգնահատելի ավանդի և ժառանգության մասին: Այնինչ չենք կարողանում ստեղծել ֆանտաստիկ էմոցիոնալ ապրումներ առաջացնող գոնե մեկ ֆիլմ, որը կներկայացնի մի այնպիսի Կոմիտասի, որի խոսքը կամ հետաքրքիր գեղարվեստական կինոկյանքը համաշխարային էկրանին մեծ ռեզոնանս կառաջացնի: Սա միջին ֆիլմ է համաշխարհային կինոշուկայի համար, սակայն գեղեցիկ, բայց ոչ համոզիչ փորձ հայկական մեծ կինոյում:
 
http://m.youtube.com/watch?v=k__dF4TdiH0