Սիրո և սեքսի մասին տարվա ամենասկանդալային ֆիլմը. «ՍԵՐ 3D»

Սիրո և սեքսի մասին տարվա ամենասկանդալային ֆիլմը. «ՍԵՐ 3D»

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը ֆրանկո-արգենտինյան ռեժիսոր Գասպար Նոյեի պոռնոգրաֆիկ ֆիլմի մասին, որը մեծ հնչեղություն է ստացել աշխարհի տարբեր երկրներում:

Ամերիկացի գիտնական Քեն Բայնեսը տարիներ առաջ ներկայացրել էր որոշ չափորոշիչներ, որոնց միջոցով մարդիկ պոռնոգրաֆիան կտարբերեն էրոտիկայից: Ըստ գիտնականի թեզիսի՝ գեղարվեստական էրոտիզմն` ի տարբերություն պոռնոգրաֆիայի, ունի ոճային ինդիվիդուալիզմ: Եթե այս միտքը վերցնենք որպես պոստուլատ, ֆրանկո-արգենտինյան ռեժիսոր Գասպար Նոյեն հաստատ ունի վառ արտահայտված ձեռագիր և հեղինակային ոճ:

Ռեժիսորը հայտնի դարձավ «Անշրջելիություն» դրամայով, որտեղ գռեհիկ, նատուրալիստորեն և անխնա ցուցադրեց Մոնիկա Բելուչիի հերոսուհու բռնաբարման տեսարանը: Հենց այդ կտավային ֆիլմից պարզ դարձավ Նոյեի պատկերացումը սիրո, սեքսի, կորստի, կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին: Նրա համար հետին պլան են մղվում կոնտեքստը և սյուժեն, ավելի կարևոր են դառնում ձևն ու կառուցվածքը:

ob_3f35e9_love-still-2

Երկու ժամանոց «Սիրո» մեջ նույնպես, իր նախորդ ֆիլմերի պես, ռեժիսորն ընդգծում է գույները, լույսերը, ձայնը, երաժշտությունը, մեջբերումները, հերոսների անունները: Մերֆին և Էլեքտրան ծանոթանում են զբոսայգում և որոշում են հենց այդ օրն ու գիշերը միասին անցկացնել: Նրանք երիտասարդ են, ազատատենչ, երկուսն էլ սիրում են արվեստը, հաճույքները, պատրաստ են ցանկացած նորության՝ լինի թմրանյութ, թե սվինգեր ակումբ:

Ֆիլմն սկսվում է անկեղծ պոռնոգրաֆիկ տեսարանով, որին հաջորդում է Մերֆիի կյանքն առանց Էլեքտրայի:

Երիտասարդը դավաճանել է իր սիրելիին և այժմ ապրում է այն աղջկա հետ, հանուն որի դավաճանել է: Իրականում Մերֆին բազմիցս էր շեղվել անկեղծ հարաբերությունների ճանապարհից, սակայն այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ էր. աղջիկը հղիացավ և չէր պատրաստվում զրկվել երեխայից: Ու սկսվում է Մերֆիի անհետաքրքիր, ձանձրալի և անիմաստ կյանքն առանց Էլեքտրայի:


ՀԵՂԻՆԱԿԻ ՄՅՈՒՍ ՆՅՈՒԹԵՐԸ.


Նա որոշում է օգտագործել Էլեքտրայի տված օպիումը` նախատեսված այն հուսահատ վիճակների համար, երբ նա չէր լինի իր սիրելիի կողքին: Գլխավոր հերոսն ընկնում է գունավոր, էմոցիոնալ, սիրառատ հուշերի գիրկը, սկսում է գլխապտույտ կամ գուցե սրտխառնոց առաջեցնող ֆլեշբեք-ճամփորդություն դեպի իր անցյալ, այնտեղ, որտեղ կար Էլեքտրան:

Մերֆիի օրենքը գործում է անվրեպ. եթե նույնիսկ չնչին հավանականություն կա, որ կարող է վատ բան պատահել, ուրեմն դա անպայման կլինի:

Ֆիլմի սկզբում Նոեն էլ է նշում սա: Սա ակնարկ է նաև, որ հերոսների անունները միտումնավոր են ընտրված: Էլեքտրան հին հունական դիցաբանության մեջ ամենակարևոր տրագիկ կերպարներից է, իսկ հոգեբանության մեջ Յունգի շնորհիվ դարձել է սեքսուալ դաստիարակության մեջ առանձին երևույթ՝ կոչվելով Էլեքտրայի կոմպլեքս: Այսպիսով, ակնարկ կա, որ ողբերգությունն ու վատ ավարտը բացառված չեն Մերֆիի և Էլեքտրայի համար:

maxresdefault

Ֆիլմում սեքսի չափաբաժինն այնքան մեծ է, որ կորցնում է պարզապես սեռական ակտի նշանակությունը:

Սեքսը ռեժիսորի համար գործիք է, հնարավորություն, որպեսզի հերոսները երջանիկ զգան իրենց, ցույց տան դա և խոսեն այդ մասին: Ֆիլմը պետք է ցուցադրվեր 3D ձևաչափով, սակայն ռուսական կինովարձույթում այն չհայտնվեց: Հետևաբար, հայկական կինոշուկան էլ զրկվեց պոռնոգրաֆիկ էսթետիկա դիտելու շանսից: Եթե Նոյեի օպուսը նույնիսկ հայտնվեր ռուսական վարձույթում, Երևանի կինոթատրոններում ամենայն հավանականությամբ չէինք դիտի այն` սոցիալ-մշակութային և արխայիկ պատկերացումների թելադրանքով:

Եթե Ֆրոյդն այս ֆիլմը դիտեր 3D ձևաչափով, կինոէկրանով մեկ սերմնաժայթքող առնանդամի մեջ գուցե տեսներ հստակ ախտորոշում և բուժում նշանակեր ռեժիսորին: Սակայն Նոյեն հստակ և բառացի ասում է՝ այո, այս ֆիլմը նաև իմ մասին է. Էլեքտրայի նախկին սիրելիի անունը Նոյ է, որին էլ մարմնավորում է ֆիլմի ռեժիսորը: Մերֆիի այն հարցին, թե աղջիկն ի՞նչ կուզեր անվանել իրենց հնարավոր ապագա երեխային, նա պատասխանում է ՝ Գասպար:

Էգոցենտրիկ ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսը ցանկանում է դառնալ ռեժիսոր, պաշտում է Սթենլի Կուբրիկին, սենյակը զարդարում է Դեվիդ Ուորք Գրիֆիթի, Պիեր Պաոլո Պազոլինիի և Մարտին Սքորսեզեի կուլտային ֆիլմերի պաստառներով: Ֆիլմ, որտեղ կարմիր գույնը խոսում է ագրեսիայի մասին (ինչպես «Անշրջելիությունում»), դեղինը հայտնվում է սեքսուալ տեսարաններում, իսկ կանաչը՝ հիմնականում հանդարտություն է խորհրդանշում:

Էպատաժի և սկանդալի մեջ մեղադրվող ռեժիսորը ստեղծել է երիտասարդ և թեթևամիտ հերոսների, որոնք հավատում են, թե իրենց սերը հարատև է:

Նոյեի հերոսները գրեթե բոլոր ֆիլմերում միշտ զգում են ավելի շատ, նրանք բուռն և էմոցիոնալ կերպով պայքարում են ճակատագրի դեմ՝ ակնկալելով հավիտենական երջանկություն:

Շքեղ լուսավորության, փսիխոդելիկ կադրերի և խճճված խրոնոլոգիայի շնորհիվ դիտողը տեղափոխվում է զույգի Փարիզ՝ քաղաք, որը սիրո խորհրդանիշն է, ազատ սիրո հանգրվանը, որտեղ «մենաժ ա տրուան» բնական է, հետաքրքիր և հաճելի: Գեղեցիկ դեկորացիաներ, թրևլինգ կադրեր, դիտորդական ընդանուր պլաններ: Հատկապես ակնահաճո են վառվռուն կադրերը` լույսի ակտիվ մասնակցությամբ, օրինակ` ակումբի տեսարանում, որտեղ Մերֆին խանդում է Էլեքտրային` իրենց ընկերոջ հանդեպ:

Փարիզի գիշերային և ցերեկային գրեթե բոլոր տեսարաններն ինտերիերային են. ըմբոստ և սիրառատ քաղաքը մենք տեսնում ենք ներսից, ինչպես ռեժիսորը սեռական ակտը համակարգչային գրաֆիկայով ցուցադրում է հեշտոցի ներսից:

Մեգախոշոր պլանի սեռական օրգանները միայն ռեալիզիմի համար չեն:

Նոյեն բոլորին հրավիրում է իր հետ կիսել անկողինը, միանալ սիրո խրախճանքին, ներգրավվել ֆիլմի հոսքին, զգալ արյան արցունքների և սերմնահեղուկի հոտը. Մերֆին նշում է, որ հենց այդ երեք բաղադրիչներից է ուզում ֆիլմ պատրաստել: Այստեղ ռեժիսոր Նոյեն զբաղվում է ինքնահաճոյախոսությամբ. չէ՞ որ հենց նա է նկարահանում ֆիլմ, որտեղ կան այդ երեք բաղադրիչները՝ համեմված գլխավոր հերոսների սենտիմենտներով:

Սա զգացմունքային ֆիլմ է, որտեղ չկան ֆրանսիական հեղինակային կինոյին բնորոշ երկար, ինտելեկտուալ երկխոսություններ արվեստի մասին: Ռեժիսորը ստեղծել է սեքսով հագեցած սիրո պատմություն, որտեղ կարևոր է ընթացքը, գեղեցիկ է կադրն ու համահունչ է Փինք Ֆլոյդի երաժշտությունը՝ թրիսոմ պատկերող անկողնու տեսարանով: Ի՞նչ է սերը. այս հարցը իրեն կտա ֆիլմի հանդիսատեսը և գուցե Մերֆիից չստանա հստակ պատասխան: Այդ պատճառով մեր առջև է ֆիզիկական սիրո ապացույց, որտեղ չկան արգելքներ և կարծրատիպեր, իսկ ռոմանտիկ-պոռնոգրաֆիկ կոկտեյլը ավելի շատ ազդեցություն է թողնում իր շքեղ գույներով, քան միջուկով. համը չի հագեցնում, իսկ բաղադրիչները թողնում են անբավարարվածության զգացում:

 

Գրել կարծիք