«Սիրո գործակից». Շտամպ և գրոտեսկ

«Սիրո գործակից». Շտամպ և գրոտեսկ

Որքանո՞վ է հաջողված «Սիրո գործակից» նոր կատակերգությունն ու արդյո՞ք հանդիսատեսը ունակ է օբյեկտիվ գնահատական տալ:

Հայկ Մարությանն այլևս շարքային դերասան չէ: Հավանաբար արդեն երկու տասնամյակ է` նա այդպիսին չէ: Մեդիադեմք, կոմիկ ու կուլտային հերոսներ մարմնավորող. նա վաղուց դարձել է օփինիըն մեյքեր, որն իր մերբակերով, կարգինահողորդումներով ու յոթուկեսերով բազում ժարգոնիզմներ է ստեղծել: Մարությանը այլևս չի դիտարկվում որպես սոսկ դերասան, և նրա մասնակցությամբ ֆիլմերն ուղղակի գեղարվեստական ստեղծագործություններ չեն: Դրանք նրա մեդիակերպարի մի մասնիկն են, որոնք հանդիսատեսը անմիջականորեն կապում է դերակատարի անձնական և սոցիալական վարքի հետ:

Իր հանրային իմիջի շնորհիվ նա կարողացել է վայելել իր հանդիսատեսի համակրանքն ու սերը: Հետևաբար նրա հանդիսատեսը չի կարող օբյեկտիվ դատել իր կուռքի նախագծերը:

Ստեղծելով իր առաջին անմկոյական ֆիլմը՝ «Սուպեր մաման», Մարությանը միքսում է ամերիկյան կատակերգությունների հայտնի դրվագները, կերպարները, գեգերն ու իրավիճակները` հարմարեցնելով իրեն ծանոթ իրականությանը: Նույնը «Սիրո գործակից» ռոմանտիկ և միևնույն ժամանակ սպորտային կատակերգությունում է:

Անհաջողակ ընկերները՝ Արամը (Հայկ Մարության) ու Ռաֆոն (Գարիկ Պապոյան), սպորտ բար ունեն, որը պարտքեր է կուտակել, և բանկը պետք է առգրավվի այն: Քանի որ բիզնեսի մենեջմենթը այս զույգի ամենաուժեղ կողմը չէ, իսկ իրենց աշխատավայրից հրաժարվելու ցանկություն ընդհանրապես չունեն, նրանք որոշում են խաբեության դիմել: Արամը պետք է այնպես անի, որ հայտնի ու տաղանդավոր թենիսիստ Անիին (Էթերի Ոսկանյան) սիրահարվի իրեն և, մրցաշարում հաղթելու դեպքում, շահած գումարը տա Արամին: Թե ինչպե՞ս` մշակած պլանի վերջին ու ամենադաժան կետն է: Իսկ Արամը թենիս լավ գիտի, նույնիսկ պարապում է քրեական հեղինակություն վայելող Աղվանիի (Ռուդոլֆ Ղևոնդյան) աղջկա՝ աշխարհի ոչ ամենահմայիչ ու բարեկազմ օրիորդի՝ Փիրուզի հետ: Դասական իրավիճակային կատակերգության բոլոր կանոնների համաձայն, Արամը հայտնվում է վատ իրադրության մեջ և ստիպված ստում է, թե սիրահարված է Փիրուզին: Ե´վ աղջիկը, և´ նրա հայրը չեն ձգձգում հարսանիքը, որը թենիսիստուհուն սիրահետելու` Արամի պլանը դարձնում է բարդ ու անհեթեթ իրավիճակներով լի:

Ֆիլմի գրեթե բոլոր գործողությունները ծավալվում են Ծաղկաձորում՝ հյուրանոցի և նրա շրջակա տարածքում: Սա ֆիլմը դարձնում է ավելի շուտ դերասանական-իրավիճակային:

Սցենարի հիմքում զավեշտալի հանգամանքներ են, սակայն ավելի կարևոր է, թե ովքեր են հայտնվում այդ իրադարձություններում: Բացառությամբ Արամի և Անիի, բոլոր կերպարները գրոտեսկային են՝ չափազանցված և ուռճացված, անգամ ծաղրանկարային: Հանդիսատեսը հայտնվում է չափից շատ գեր ու չխնամված, անհասկանալի ինտելեկտով աղջկա, ամբողջ օրը տափաշիշը ձեռքին` ֆիլմի սեքսուալ բաղադրիչն ապահովող մայրիկի, միամիտ ու բարի դմբո Ռաֆոյի շրջապատում: Արամենց գործընկեր Մարետը (Ժենյա Մկրտումյան. հանդիսատեսը նրան գիտի «Կարգին» սերիալից) անվախ, «գողական» ու կոլորիտային կերպար է, ինչպես Ռուդոլֆ Ղևոնդյանի հերոս Աղվանը` ռեստորանային ատրիբուտիկայի սիրահար մեծահարուստը, որը, կարծես հետապնդում է բոլոր սցենարիստներին: Անհասկանալի է, թե այս գրոտեսկի աշխարհում ինչ է անում Էթերի Ոսկանյանի ռեալիստիկ հերոսուհին: Չնայած, նա էլ այնքան իրական չէ: Հեքիաթային բարությամբ և անբնական բառապաշարով աղջիկը խոսում է միմիայն գրական հայերեն և արթնանում է իդեալական շպարով: Նրա բարեսրտությանն ու միամտությանը կնախանձեին Դիսնեյի բոլոր արքայադուստրերը:

«Սիրո գործակիցը» զուրկ է «Սուպերմամայի» սուպերգռեհիկ հումորից: Այստեղ կան «առողջ հումորի» տեսարաններ: Պետք չէ մոռանալ, որ ֆիլմի համառեժիսոր Արման Մարությանը երկար տարիներ աշխատել է «Կարգին հաղորդման» վրա, մոնտաժել է ամենատարբեր հումորային դրվագներ ու համապատասխան երաժշտություն է ընտրել դրանց համար: Սրճարանի ծեծկռտուքի դրվագը՝ սլոումոուշենով ու դասական երաժշտությամբ, իհարկե, ոչ մի կերպ նորամուծություն չէ, սակայն, լավագույններից է: Հավանաբար, պատճառն այն է, որ հերոսները գրեթե չեն խոսում. ֆիլմի երկխոսությունները պարզապես անբնական են ու ոչ իրական: Գովելի է նաև այն փաստը, որ հեղինակներն անդրադարձել են հայկական իրականության դրվագների, օրինակ՝ երաժշտասեր աղանդավորների հավաքին:

Բարդ է հասկանալ մի ֆիլմի գերխնդիրը, որտեղ գլխավոր հերոսը վարում է չափից դուրս հին մեքենա, խուսափում է ամուսնանալ չափից դուրս տգեղ աղջկա հետ և սիրահետում է չափից դուրս բարի թենիսիստուհու:

Իհարկե, թենիսային աշխուժությունն ու ստեղծված իրարանցումը նույնպես անիրական են, ամերիկյան կինոյին բնորոշ հյուրանոցային սպասավորը` կոնսյերժը, նույնպես: Ոճային առումով այս ֆիլմը տարբերվում է «Սուպեր մամայից» և իր սպորտային թեքումով հիշեցնում է «Poker.am»-ը: Սա դասական դարձած «եղել են-չեն եղել` երկու ընկեր են եղել» հավերժ թեմայի բաղադրատոմսն է, որի արդյունքը հայտնի է ֆիլմի առաջին իսկ րոպեներից:

Եգիպտական փարավոնների շպարով համասեռամոլները (Ռաֆայել Երանոսյան և Արմուշ), քրեական օլիգարխի` Չեխով ընթերցող կինն ու առաջին իսկ դրվագներից կանխատեսված հեփի էնդը մեզ տեղափոխում են երբեմն անհասկալի, էկլեկտիկ ու համարյա աբսուրդային կոմեդիայի աշխարհ:

Սցենարա-բեմադրական առումով ֆիլմն «իրենց ուսերին պահում են» երկրորդ պլանի հերոսները: Մարությանի ու Ոսկանյանի կերպարները գտնվում են ռոմանտիկ կատակերգության և մելոդրամայի եզրագծի վրա, կարծես, հստակ չպատկերացնելով, թե ինչպես են գոյատևում այս չափազանցված մարդկանց աշխարհում: Ֆիլմը չի նկարագրում հայկական իրականությունը, հետևաբար ծիծաղելու առիթներ անպայման կլինեն: Իսկ Հայկն, իհարկե, «լաաավ տղա է», բայց ոչ կինոյի սրտակեր. նրա հերոսի էներգետիկ դաշտից և դերասանի գերհոգնած դեմքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա պարզապես հոգնել է նույն շտամպով ստեղծված հերթական հայկական կատակերգությունից:

Գրել կարծիք