Ընտանյոք հանդերձ. Չափազանցված երևանյան կոլորիտը

Ընտանյոք հանդերձ. Չափազանցված երևանյան կոլորիտը

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն Առաջին ալիքի նոր սիթքոմի, ռեժիսորական լուծումների, այլ կատակերգությունների հետ նմանությունների մասին:

Այսօր ցանկացած առաջատար հայկական հեռուստաալիք իր սրբազան պարտքն է համարում սիթքոմ նկարահանել. ինչքան վառ, գունեղ ու գրոտեսկային, այդքան դիտումնաբեր: Հանրային հեռուստաալիքի նոր սիթքոմն՝  «Ընտանյոք հանդերձը», բոլոր հայկական սիթքոմներից ամենաերևանյանն է:

Պատմության կիզակետում է երևանյան ընտանիք, որտեղ տոտալիտար մայրիշխանություն է տիրում՝ երկու քույր, իրանց երեք աղջիկներն ու այդ բոլորի հետ խոնարհ գոյատևում է ատամնաբույժ Դավիթը (Սամվել Թոփալյանը):

Նա հմայիչ, բարի ու ինտելիգենտ երիտասարդ է, ում գերակտիվ մայրը, մորաքույրն ու քույրերը ակտիվ սոցիալական կյանք վարելով՝ շատ են ցանկանում ամուսնացնել վերջինիս: Մայրը (Լալա Մնացականյանը) և մորաքույրը՝ Ջուլիետտա Ստեփանյանը հերթական անգամ  կերտում են ամեն տեղ իրենց քիթը խոթող ու էներգիայի կորուստ երբեք չունեցող աշխատող հայ կնոջ կերպարը:

Ստեփանյանը հերթական անգամ ներկայացնում է կոլորիտային, ակտիվ, ասող-խոսող ու իր տեսակետի վրա ամուր կանգնող երևանցի 50-ն անց կնոջը: Մնացականյանն ավելի կոռեկտ է, մի փոքր սնոբ ու ավելի հավասարակշռված: Կանայք գրեթե ամեն սերիայում չափում են Ստեփանյանի հերոսուհու ճնշումը և փորձում են գնորդներ գտնել նրա ամուսնու Գերմանյիայից ուղարկված անհասկանալի ապրաքներնի համար: Ճնշման հետ խնդիրներ ունեցող հերոսուհուն անփոխադարձ սիրով է պաշտում Լևոն Հարությունյանի պերսոնաժ Զորիկը:


«Սիրո գործակից». Շտամպ և գրոտեսկ 


Հարությունյանն այս անգամ նույնպես սցենարիստի ու ռեժիսորի հետ միասին ստեղծել է կարծես, իր արսենալի միակ ամպլուային՝ գրոտեսկային, անհաջողակ, հիմար, բայց զվարճալի իրավիճակներում հայտնվող տղամարդու, որն ունի թատերական լուծումներ պարունակող դիմախաղ ու մարմնի լեզու:

yntanyoq_handerdz_1000x310_1

Սա, կարծես, «Մեր բակ» չորրորդը լինի. այստեղ է նաև Իրինա Դանիելյանը՝ ուժեղ կնոջ կերպարով, որը տղամարդկանց մոտ ահ ու սարսափ է առաջացնում: Դե-ժավյուի զգացողությունը վերանում է Լուիզա Ներսիսյանի կերպարի հետ ծանոթանալուց հետո. նա երիտասարդ, սրամիտ ու չամուսնացած քայլող շպարի գովազդ է: Իսկ Լուիզայի հերոսուհու քույրն իր կերպարի անտիպոդն է՝ ակնոցով ու բրեկետներով. նա գրեթե միշտ գիրք է ընթերցում ու խելացի ճառեր ասում:

Իրականում այս սիթքոմում գրեթե ոչ մի նոր դերասանական լուծում չկա, և այն նման է «Շարմ Հոլդինգի» բոլոր կատակերգություններին: Պատճառն այդքան էլ անհայտ չէ՝ սցենարիստ Աշոտ Աբրահամյանն աշխատել է  «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Ուրիշի փոխարեն», «Poker.am» «Հյուսիս-Հարավ» ֆիլմերի վրա: Այսինքն, երբեք «Շարմի» կինոմեյնսթրիմից անմասն չի մնացել:

Կա ռեժիսորական ձեռագրի մի փոքր շեղում, որովհետև սիթքոմի ռեժիսոր Հրաչյա Զաքարյանը դեռ չի նկարահանել շարմական ոչ մի ֆիլմ և ունի համեմատաբար թարմ հեղինակային մտահաղացումներ, որը զերծ է պահում ֆիլմը գռեհիկ ու «գոտկատեղից ներքև» հումորներից:

Որոշ դրվագներներից ու երկխոսություններից կարելի է հասկանալ սիթքոմի ստեղծողների սենտիմենտալ ու գրեթե ռոմանտիկ պատկերացումը սիրո, ընկերության, հարևանության ու կոլեգիալ հարաբերությունների մասին: Իհարկե, իրավիճակներն ավելի շատ հիշեցնում են ամերիկյան հեռուստանախագծերի ոճն ու տրամադրությունը, բայց երևանյան փաթեթավորման մեջ:

Սիթքոմի ինտրոն, այսինքն բացումը, ռետրո ավտոմեքենայով ու դրա մեջ երթևեկող հերոսներով միանգամից մատնում է փրոդաքշնի ու սցենարիստի ձեռագիրը, որն արդեն հոգնեցրել է իր նոստալգիկ նաֆտալինի հոտով: Կարելի է հստակ նմանություն գտնել «Հյուսիս-Հարավ»-ի հերոսների ավտոմեքենայի հետ:

 

Գրել կարծիք