[Բացատրագիր] Քրդական հանրաքվե. կողմն ու դեմը, լավն ու վատը, օգտակարն ու վնասակարը

September 28, 2017

Քրդական պետությունը դե յուրե սուվերեն միավոր չի դարձել, այն շարունակում է մնալ ինքնավարություն Իրաքի տարածքում: Փորձենք հասկանալ, ով է կողմ, ով դեմ քրդական հանրաքվեին՝ հիշելով, որ մեծ թվով քրդեր ապրում են Իրաքում, Իրանում, Սիրիայում և Թուրքիայում և ժողովրդագրական-աշխարհագրական առումով միմյանց սահմանակից են:  



Քրդական պետության ստեղծմանը դեմ են բոլոր նշված երկրները.


Թուրքիա: Ամենաշատը վտանգ են զգում հենց այստեղ: Նախագահ Էրդողանն արդեն սպառնացել է «Մի գիշեր անսպասելի կարող ենք գալ» թուրքական հայտնի արտահայտությամբ: Այսպես էին ասում թուրքերը 1974-ին՝ Կիպրոսի հյուսիսը գրավելուց առաջ: Թուրքիայում անհանգստացած են, քանի որ քրդական անկախական շարժումն առաջինը կարող է տեղափոխվել հենց այստեղ՝  հասնելով Արևմտյան Հայաստան:
Սիրիա: Դեմ են, քանի որ Սիրիայի ամբողջ հյուսիսը կրկին քրդաբնակ է և անկախական շարժումը կարող է Սիրիան նույնպես պառակտել: Բացի այդ, անցած տարիների սիրիական պատերազմի հետևանքով քրդերն արդեն իսկ փաստացի անկախ են և շարունակում են  ընդլայնել հսկողությունը Սիրիայի արևելյան շրջաններում:
Իրան: Կրկին դեմ են, նույնիսկ փակել են սահմանը Իրաքի Քրդստանի տարածաշրջանի հետ: Իրաքին սահմանակցող իրանական նահանգները ևս քրդաբնակ են: Թեհրանը մտահոգված է, որ քրդական անկախ պետության կազմավորումը կխթանի անջատողական շարժումը Իրանի ներսում:
Եվ վերջապես՝ Իրաք: Դեմ են, քանի որ երկիրը պառակտվում է: Ավելին, քրդերը հսկողություն են սահմանել քրդական ինքնավարության տարածքից դուրս գտվող տարածքների նկատմամբ, որոնք ունեն հսկայական քանակությամբ նավթային պաշարներ: Այս տարածքներում նույնպես քրդերը հանրաքվե են անցկացրել, ինչը Բաղդադին էլ ավելի է զայրացրել:


Կարդացեք նաև.



Դեմ են նաև Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, բայց կողմ է Իսրայելը:


Իսրայելի համար սա հնարավորություն է խթանել անջատողական շարժումները Իրանում: Եթե Քրդական իքնավարության հարևան իրանական նահանգներում սկսվի ապագա «մայր» պետությանը միանալու շարժում, դա կարող է տարածվել նաև Իրանի քրդական շրջաններից դուրս, որոնք իրենց հերթին հարևան են թյուրքախոս իրանցիներով բնակեցված նահանգներին: Այստեղ հստակ շահագրգռվածություն ունի նաև Ադրբեջանը, քանի որ երազում է իրեն կցել Իրանի հյուսիսային նահանգները:
Քրդերի հանրաքվեն, այսպիսով, խառնում է բոլորին ու ամեն ինչ: Թուրքիայի շահը հակասում է Ադրբեջանին, բայց համապատասխանում Իրանին: Սրան զուգահեռ, պետք է հիշել, որ քրդերը միանշանակ վերաբերմունք չունեն իրենց իսկ անկախ երկրի կազմավորման դետալների նկատմամբ: Մեծ հաշվով անկախությանը կողմ են, բայց նախընտրում են տարբեր ճանապարհներ, ժամկետներ ու նախաձեռնության ֆորմատներ: Կան տարբեր խմբեր ու խմբավորումներ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում և Իրանում, որոնք ունեն տարբեր շահեր, պատմական, մշակութային, լեզվական, նույնիսկ կրոնական տարբերություններ: Մինչև հանրաքվեի նախաձեռնությունը, օրինակ, Իրաքի քրդերի առաջնորդը Էրդողանի մտերիմն էր, երբ Էրդողանը պատժում էր Թուրքիայի քրդերին: Եվ այսպես շարունակ...
Եվս մեկ ուշագրավ նորություն: Անկախ պետություն դառնալու դեպքում Քրդստանի պաշտոնական լեզուներից մեկը կլինի հայերենը: