[Զինուժ] Բաց նամակ զինվորից

December 30, 2017

Նամակն անանուն է երկու պատճառով, որ


  • բացառություն չլինեմ ու չթվամ, որ կարող եմ բաց գրել իմ մայրիկին, մյուսներն էլ չունեն այս հնարավորությունը:

  •  սա միայն իմ մայրիկին ուղղված նամակ չէ, բոլորին եմ շնորհավորում, իմ և զինակիցներիս անունից:


Բարև, չեմ ուզում նախատոնական օրը բոլորիդ կտրել ակտիվ պատրաստությունից, սիրելի մայրեր ու քույրեր շարունակեք աշխատել խոհանոցում, ինչ էլ անեք, դժվարությամբ կհասցնեք: Ընդամենը ցանկանում եմ շնորհավորել ձեզ՝ ընդամենը տասը պարբերությամբ:

  • Ժպտացեք, շուրջօրյա ու անդադար, իմ պատկերացումներում ձեր ժպիտն է, կարոտած, մի քիչ հուզված ու մի քիչ էլ թախիծը թաքցնող ժպիտը: Սա առաջին ու գլխավոր իմպուլսն է:

  • Սիրելիս, ես լեռներում եմ, բարձր գոտում, սառնամանիքի մեջ, նույն դիրքով, տեսադաշտում հակառակորդն է, շուրջբոլորն՝ ընկերներս: Երազանք պահիր, ուղիղ 0 ժամին, ես էլ մտովի քեզ հետ կլինեմ՝ ամիսներ անց կզորացրվեմ, միասին կպատմենք պահած մեր երազանքի մասին, վստահ եմ կհամընկնեն, հավատա, քո կողքին եմ:

  • Հրամանատարներ, շնորհավորում եմ, հնարավորություն ու գուցե համարձակություն չեմ ունենա մոտենալ յուրաքանչյուրիդ, զինվորական կարգով ու ջերմորեն փոխանցել մաղթանքներս: Ցանկանում են խաղաղություն, առաջին հերթին հայրենիքի անվտանգության համար, երկրորդը՝ խաղաղ պայմաններում կկարողանաք ձեր ընտանիքների հետ երկար ժամանակ անցկացնել, անհոգ ապրել ու կարողանաք ձեր երեխաների համար անել ավելին, քան մեզ համար եք անում:

  • Ընկերներիս եմ ողջունում: Գրեթե կեսդ գիտեք՝ ինչ է նշանակում ծառայել բանակում, այն էլ ամանորին, այն էլ դիրքում: Մյուսներդ էլ, որ չգիտեք, իմացեք, շատ հետաքրքիր զգացողություն է, աննկարագրելի, հայրենասիրության մասին ինչքան էլ խոսենք, քիչ է, առանց բառերի ես հայրենասիրությունը կուտակում՝ այստեղ, սահմանին:

  • Շնորհավորում եմ իմ ու ընկերներիս կենացը խմողներին՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հայությանը, նաև այն մարդկանց, ովքեր խաղաղություն են քարոզում: Կռիվը երեխաների համար է, նրանց համար, ովքեր չեն գիտակցում, որ առանց դրա էլ հնարավոր է լուծումներ գտնել, փոքրերի համար կռիվը մանկության բաղադրիչ է, նրանց դեպքում ներելի է, որովհետև կմեծանան, կդադարեն կռվել: Կռիվը մեծերի բան չէ, հասուններինը չէ: Ովքեր կռիվ են պարտադրում՝ երեխա էլ չեն, պարզապես անգիտակից են, մենք կռիվ չենք ուզում, պատրաստ ենք, բայց խաղաղությունն ենք գերադասում:

  • Շնորհավորում եմ զորակոչիկներին: Տղերք, մեկ շաբաթից բանակ եք գալու, մենք սպասում ենք: Դիրքերից վերադարձած կլինեմ, արդեն զորամասում, կդիմավորեմ ու կծանոթացնենք կարգերին ու բարքերին: Ամանորին բոլորի ուշադրության կենտրոնում կլինեք, այդպես է պետք, համեստորեն լսեք կենացները, խմեք ու վայելեք, հետո ակտիվ աշխատանքային ծառայողական փուլն է սկսվում:




Կարդացեք նաև.




  • Շնորհավորում եմ ամանորը տնից հեռու դիմավորողներին, նրանց, ովքեր հերթապահության են: Շնորհավոր ոստիկանության, շտապօգնության, փրկարարների, օպերատիվ ծառայողների, բժիշկների ամանորը: Դուք սահմանին չեք, բայց մենք մեկ ընդանուր գործով ենք զբաղված, թող տոներն անցնեն առանց միջադեպերի ու սովորական ռեժիմով:

  • Շնորհավորում եմ զոհված զինծառայողների ընտանիքներին: Ձեզ քչերն են հասկանում, ձեր կարգավիճակի ծնողները, կանայք, երեխաները: Համբերություն ձեզ, մեր գործն էլ թող սփոփանք լինի, որ պահում ենք այն խրամատը, հենակետը, որտեղ ձեր տղաներն են մարտնչել ու կյանքով են պահել, մենք կանգնած ենք նրանց պատգամով ու պատասխանատվությամբ:

  • Շնորհավորում եմ համայն հայությանը՝ գյուղերի ու քաղաքների բնակիչներին, մսագործին ու կոշկակարին, պաշտոնյային և անպաշտոն հայրենակիցներիս: Տարին նոր կլինի, եթե այն մենք ցանկանանք, եթե ինքներս որոշենք, որ նորացնել է պետք, այլապես կյանքը նույնն է, օրակարգը նույնպես, ամեն ինչ նույն տեղում է, նույն բովանդակությամբ: Ամանորին մոտավոր կազմեք ընտանեկական մեկամյա ռազմավարություն՝ աշխատանքի, կրթության, բնակարանի ու անհրաժեշտ իրերի ճակատագիրը, հետո էլ անցեք իրագործելուն, հավատացեք, հաջորդ տարեվերջին 2018-ը կհամարեք ամենահաջողակը, մինչդեռ այն կլինի սովարականի պես, անսովոր ձեզ համար:

  • Հայրիկ: Շնորհավորում եմ քեզ: Մենք կարոտում ենք մայրերին ավելի շատ, որովհետև նրանք ավելի շատ են ցույց տալիս կուտակած կարոտը մեր նկատմամբ: Այդ պատճառով էլ հայրերը կարոտ բառի հետ այնքան էլ չեն ասոցացվում: Քեզ նույնպես կարոտել եմ, չոր աչքով, ինչպես դու ես խրատել ու բաց սրտով, բանակը ապագա հայրերի տեղն է: Ծառայությունից հետո միայն կարելի է հաղթահարելի համարել ցանկացած դժվարություն, ընտանիք կազմել, ղեկավարել, առաջ գնալ: Հայրիկ պահպանիր մեր տունն իր արժեհամակարգով, գույնով ու ջերմությամբ: Վստահ եղիր ես կենացներ խմելիս կցիտեմ քեզ, կխոսեմ քո շուրթերով, ինչպես դու կգլխավորես մեր տան տոնական սեղանը:


Նամակս հասցեական ստացվեց, մի քիչ էլ անհասցե: Բայց բարեկամներիս ու թշնամիներիս կմաղթեմ պահել աշխարհի անփոխարինելի հարստությունը: Խնդրում, հորդորում և երազում եմ, որ բոլորդ և միշտ ԱՌՈՂՋ ԼԻՆԵՔ:

Ձեզ սիրող՝ հայ զինվոր: