Հարցազրույց Newmag-ի արտ-տնօրեն Էդիկ Պողոսյանի հետ (տեսանյութ)

March 2, 2022

Ում է պատկանում Newmag-ի դիզայնի յուրահատուկ ոճը, ինչ գլխավոր սկզբունքներ որդեգրեց Newmag-ը գրահրատարակչական ոլորտ մուտք գործելուց, ինչպիսի ձեռագրի կողմնակից էր, որ հետո վերածվելու էր ոճի, ինչով են գրքերն առանձնանում։ Այս հարցերի վերաբերյալ Newmag Winter Fest-ին լրագրող Շաքե Ղազարյանը զրուցել է Նյումեգ հրատարակչության արտ-տնօրեն Էդիկ Պողոսյանի հետ։

Newmag-ի և Էդիկ Պողոսյանի գործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Համատեղ աշխատանքը սկսվել է այն ժամանակ, երբ դեռ Newmag-ն ամսագիր էր․ հրատարակչություն դառնալու առաջին իսկ օրվանից Պողոսյանն այստեղ է. «Երկու դիզայներով ենք աշխատում: Տարիների ընթացքում թիմը մշակել է մեկ ընդհանուր մոտեցում, որն արդեն ընկալվում է Newmag-ի ոճ ու մոտեցում, դա չենք կարող առանձնացնել որպես մեկ դիզայների ոճ՝ դա մշակված քաղաքականություն է»: 

Գրքի ներսում տառատեսակն անփոփոխ է, իսկ շապիկի դեպքում՝ փոփոխական։ Գրքի բովանդակությունը կհուշի՝ ինչ տառատեսակ օգտագործել շապիկին՝ նկատում է Էդիկ Պողոսյանը. «Ձեռք ձեռքի տալով՝ ստեղծել ենք հրատարակչության ոճ ու գրախանութներում միանգամից կարելի է տարբերել, առանձնանում է մեր մոտեցոմը: Դիզայնը պետք է մի բան ավելացնի բովանդակությանը, գրագետ, նորովի ու միշտ մեկ քայլ դեպի վերասես, ապրելակերպ է, որը փորձում ես ամեն անգամ գերազանցել»:

                                                                       

Իսկ դիզայներ-տնօրեն մասնագիտական բանավեճում, ի վերջո, շահում  է ընթերցողը: Պետք է հարգել ընթերցողին՝ վստահ է արտ-տնօրենը։ Շապիկն ու բովանդակությունը պետք է արժանի լինի նրա վճարած գումարին. «Սա արտադրանք չէ, որ ուզում ենք վաճառել, այլ վաճառվող արժեք է մեզ համար: Գրագետ դիզայնը ճաշակ է թելադրում, մաքսիմալ լավ ենք փորձում անել մեր գործը: 4 տարի դաշտում ենք, բայց սկզբունքներին պնդաճակատ հետևում ենք, ինչի համար էլ ունենք կայուն վաճառք»։

Գիրքը զուտ կոմերցիոին արտադրանքի փաթեթավորում չէ, այն դիզայների, լուսանկարչի, տառատեսակի հեղինակի, տպարանի աշխատակիցների համընդհանուր ջանքի շնորհիվ ստեղծված աշխատանք է։ Իսկ Newmag-ում ստորագրում են միայն որակյալ արտադրանքի դիմաց՝ վստահեցնում է Էդիկ Պողոսյանը։