Մարկ Գրիգորյան. Ահա թե դուք ինչ չգիտեք Լոնդոնի մասին

September 11, 2015

«Շնչելով մառախուղով…»
«Մառախլապատ Ալբիոն»-ը ամենատարածված և ամենասխալ բառակապակցությունն է Անգլիայի մասին: Եթե, իհարկե, բառակապակցությունները կարող են լինել քիչ թե շատ անճիշտ:
«Դուք ապրում եք Լոնդոնո՞ւմ: Եվ ինչպե՞ս եք դիմանում այնտեղի մառախուղին»:
Լոնդոնում ապրելու առաջին մեկ-երկու տարիները ես լրջորեն էի վերաբերվում այս ֆրազին: Եվ անընդհատ սպասում էի` ահա շուտով կսկսվի այնպիսի մառախուղ, որ ձեռքս պարզեմ` չի երևա: Մինչդեռ այն` այդ մառախուղ կոչվածը, ոչ էլ ուզում էր հայտնվել:

Ես հետզհետե մտքերի մեջ ընկա. Իսկ եթե Ալբիոնն ամենևին էլ մառախլապատ չէ՞: Տարին անցնում էր տարվա հետևից, իսկ մառախուղ… չկար ու չկար: 5-6 տարի անց սկսեցի մառախուղի մասին հարցին արձագանքել այլ կերպ. «Երևանում ավելի հաճախ է մառախուղ լինում, քան Լոնդոնում»:

Եվ իրոք: Լոնդոնում օդը զարմանալիորեն մաքուր է, մառախուղ էլ տարին 1-2 անգամ է լինում: Եվ դրանք վերապահումով կարելի է մառախուղ կոչել: Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործություններում նկարագրված լոնդոնյան սմոգը վաղուց ի վեր չկա, Չարլզ Դիկենսի վեպերից հայտնի անթափանց մառախուղը անվերադարձ մնացել է անցյալում:
Անձրևներ, անշուշտ, լինում են, և հաճախ: Բայց սա մեր հաջորդ զրույցի թեման է, քանի որ Անգլիայում եղանակի մասին խոսելը, իրոք, հաճելի է. չէ՞ որ եղանակը հենց դրա համար է:
Ի դեպ, Ալբիոն նշանակում է սպիտակ: Այս բառը ծագել է լատինական albus-ից: Կղզին սպիտակ էին կոչում հին հռոմեացիները, որոնք նավարկելով կղզուն մոտենում էին ժամանակակից Դուվրի կողմից. այս հատվածում ծովն են մխրճվում բարձրաբերձ ժայռեր, որոնք առաջացել են կրաքարային նստվածքներից: Հենց այս ժայռերի պատվին էլ Ալբիոնը դարձավ սպիտակ:
Իսկ հիմա` եղանակի մասին
Անգլիացիները սիրում են խոսել եղանակի մասին: Իրոք: Բայց ոչ այն պատճառով, որ խոսելու այլ թեմա չկա: Անգլիայում եղանակը խիստ փոփոխական է, ամպերը կղզու վրայով լողում են՝ առանց որևէ տեղ դադար առնելու. Անգլիայում բարձր սարեր չկան (դրանք բոլորը Շոտլանդիայում են): Ձևավորվելով Գոլֆսթրիմի գոտում՝ ամպերն ուղևորվում են դեպի մայրցամաքային Եվրոպա… Էլ ինչպե՞ս չանձրևեն կես ճանապարհին: Չնայած անձրևներն անպակաս են նաև հակառակ կողմ են լողում` մայրցամաքից դեպի օվկիանոս:
Ահա ինչու անձրևանոցի և հովանոցի խնդիրը կենսական կարևորություն ունի: Մեկնումեկը չվերցրեցիր` պիտի թրջվես:
Ու թրջվում են: Ստոյիկյան համառությամբ, համբերատար, ջրի շիթերին ուշք չդարձնելով: Անգլիացիներն անձրևին պարզապես թույլ չեն տալիս իրենցից ուժեղ լինել:
Դիմացկունությունը հավանաբար անգլիացիների համար կարևոր հատկանիշ է:
Մի քանի անգամ ականատես եմ եղել այսպիսի պատկերի. ձմեռ է, շաբաթ, տեղատարափ անձրև: 6-7 տարեկան տղեկներն այգում ֆուտբոլ են խաղում: Անձրևի տակ:
Եվ մայրիկները տուն չեն կանչում: Նրանք էլ են այգում՝ քիչ հեռու. հովանոցների տակ ծվարած` երկրպագում են իրենց տղաներին: Հայրիկներն էլ են նույն տեղում` մայրիկների կողքին:
Երեխաները վազվզում են, հարվածում գնդակին, ընկնում, ոտքից գլուխ ցեխոտվում: Մարզիչն էլ նրանց հետ է վազում ու նաև դատում է խաղը: Սուլիչով է, ինչպես հարկն է, դեղին քարտեր ունի (կարմիրը երբեք չեմ տեսել):

Ի վերջո խաղն ավարտվում է: Փոքրիկները երջանիկ կամ արցունքներով նետվում են դեպի ծնողները: Նրանք միասին գնում են դեպի մեքենաները, որոնք այգու դարպասի մոտ են: Ոտքից գլուխ թաց ու ցեխոտ տղաները տեղավորվում են մեքենայի ետևի նստարանին: Եվ որևէ մայր չի ասում` էդ ո՞ւր` ցեխոտ ոտքերով: Ոչ ոք չի ասում:


Նարնիկո. Հռոմ. Ամառային հանգստի պլաստմասսայե օրերի քրոնիկոն


Մեսրոպ Մովսեսյան. Լրագրողները դարձել են միագույն էակներ, բոլորը նույնն են


Պետրոս Ղազարյանը Հնդկաստանում տեսածի մասին





Ավանդույթները
Անգլիացիներն, այո՛, սիրում են ավանդույթները: Օրինակ` ավանդական ամենամյա շոուն, որը կազմակերպում է Լոնդոնի Սիթիի լորդ քաղաքագլուխը: Այս շոուն արդեն 500 տարի անցկացվում է նոյեմբերին և հավաքում է հազարավոր մասնակիցների ու հանդիսատեսի:
Մտածե՛ք ապա. ամեն տարի (կամ գրեթե ամեն տարի)` 5 դար շարունակ՝ նոյեմբերին, նույն ներկայացումն է: Երկու աշխարհամարտերը, 1666 թվականի հրդեհը, ժանտախտի համաճարակը… Ոչ մի բան չի կարողացել խանգարել այն անցկացնելուն:
Լորդ քաղաքագլխի պաշտոնը ծիսակարգային է, քաղաքական կշիռ չունի, լոնդոնյան Սիթին էլ քաղաքի մի թաղամասն է միայն: Ճիշտ է, այդ թաղամասում խոշորագույն բանկերի, աշխարհի ֆինանսական ու ապահովագրական ընկերությունների գրասենյակներն են: Սիթին նաև կոչում են «քառակուսի մղոն»:
Սիթիին առնչվող մի ավանդույթի համաձայն՝ թագուհին իրավունք չունի առանց թույլտվության անցնել այս տարածքով: Այստեղով անցնելու համար նորին գերազանցությունը պետք է արարողակարգային ծեսերի միջով անցնի:
Թեև թագուհին Համայնքների պալատ էլ իրավունք չունի մտնել առանց թույլտվության…
Թերթերը
Անգլիական մամուլը, այո՛, իրոք, 3-րդ իշխանությունն է: Սա հասկանում ես, երբ տեսնում ես քաղաքի կենտրոնում՝ մետրոյի կայարանների մոտ կիտված երեկոյան թերթերի հսկայական տրցակները: Դրանց մոտ սովորաբար կանգնած են լինում տղամարդիկ և կանայք, որոնք պարբերաբար բղավում են՝ Free Standard! Free Standard!
Սա, իհարկե, նշանակում է ոչ թե «ազատ ստանդարտ», այլ «Evening Standard» երեկոյան թերթ: Այն պատկանում է ռուս օլիգարխ Ալեքսանդր Լեբեդևին, որն այդ թերթը գնել էր 1 (մեկ) ֆունտ ստեռլինգով, վճարել այդ պարբերականի 15 միլիոն ֆունտ պարտքը և այն անմիջապես դարձրել… անվճար օրաթերթ:
Պատկերացրե՛ք` անվճար թերթն ավելի մեծ եկամուտ է բերում, քան երբ վաճառվում էր: Բացատրությունը պարզ է. ձրի թերթն ավելի շատ է բաժանվում, տպաքանակն աճում է, աճում է նաև թերթի էջերում տեղադրվող գովազդի գինը:

Ահա և մետրոյի կայարաների մոտ հետ ու առաջ են անում մարդիկ` գոչելով. «Free Standard! Free Standard!»
Ի դեպ, ավանդույթների մասին: Լոնդոնում ընդունված է թերթն ընթերցելուց հետո այն կոկիկ ծալել և թողնել գնացքի կամ ավտոբուսի նստարանին: Թող մյուսներն էլ կարդան:
Լրագրողներին դիմելիս առ այսօր նրանց երբեմն անվանում են «The»: Այդպես են կոչում, երբ նկատի ունեն լրագրողի հավաքական կերպարը: Fleet Street-ը Լոնդոնի այն փողոցն է, որտեղ մեկ դար առաջ տեղաբաշխված էին թերթերի խմբագրությունները: Ասում են` երեկոյան 5-ին մոտ, երբ սկսում էին տպագրել թերթերը, այդ փողոցի մայթերը ցնցվում էին շենքերի նկուղներում գտնվող տպագրական դազգահների դղրդոցից:
Ֆլիթ սթրիթում այսօր չկա որևէ խմբագություն: Դրանց փոխարեն փաստաբանական գրասենյակներ են, խանութներ, որտեղ վաճառում են դատավորների մանտիաներ և կեղծամներ. չէ՞ որ Անգլիայի Գերագույն դատարանը հենց այդ փողոցի վրա է:
Խուլիգաննե՞ր. ի՞նչ խուլիգաններ
Ի դեպ, դատարանների և խուլիգաննեի մասին: Եվս մեկ ոչ այնքան ճիշտ (ավելին, շատ սխալ) ստերեոտիպ կա Անգլիայի մասին: Ավելի ճիշտ` ֆուտբոլի անգլիացի երկրպագուների մասին:
Անգլիայում կա մի թիմ, որի երկրպագուները երկրով մեկ ճանաչված են իրենց խուլիգանական պահվածքով: Բայց այդ թիմը խաղում է երկրորդ դիվիզիոնում և կարող է նույնիսկ երրորդում հայտնվել: Խոսքը «Millwall» թիմի մասին է: Եթե ֆուտբոլի ֆանատ չեք, դժվար թե որևէ բան լսած լինեք այս թիմի մասին:
Ընդհանրապես շաբաթ օրն ավանդական ֆուտբոլային օր է (ահավասիկ անգլիական ավանդույթները): Եթե բախտներդ բերի, շաբաթ օրը կգնաք… Ո՛չ, ոչ թե մարզադաշտ, այլ մոտակա փաբ, որտեղ կխմեք գարեջրի առաջին պինտը (կես լիտրից փոքր-ինչ ավելի), կզրուցեք ծանոթների հետ և… Եվ միայն դրանից հետո կգնաք ստադիոն: Եվ կգնաք հենց նրանց հետ, որոնց հետ հենց նոր գարեջուր էիք խմում:
Գարեջրի անսահմանափակ քանակություն կլանելու ունակությունն անգլիացի ֆուտբոլային ֆաների անքակտելի հատկանիշն է: Խոսքը և՛ տղամարդկանց մասին է, և՛ կանանց: Այո՛, այո՛, մարզադաշտ գնում են ընտանիքներով: «Selhurst Park» և «Stamford Bridge» ստադիոններում նույնիսկ հատուկ սեկցիաներ կան ընտանիքների համար: Այս մարզադաշտերի անունը հատուկ տվեցի, քանի որ ավելի հաճախ այդ ստադիոններում եմ ֆուտբոլ դիտել: Ես երկրպագում եմ «Crystal Palace» թիմին, որը ներկայացնում է լոնդոնյան մեր շրջանը, նաև երկրպագում եմ վաղուց ինձ համար նվիրական դարձած թիմին` «Chelsea»-ին:
Ի դեպ, այդ սեկտորներում հայհոյում են նույնքան կրքոտ, որքան մյուսներում: Թեև երեխաները դրանցում ակնհայտորեն շատ են:

Եթե Ձեր բախտը չի բերել, և ստադիոն չեք գնալու, կարող եք մտնել հարևան փաբ` գարեջուր ըմպելու և խաղին հեռուստացույցով հետևելու: Խաղի ժամանակ մրցակից թիմերի երկրպագուները սովորաբար իրար ձայն են տալիս կատակելով, երբեմն` ծաղրելով… Բայց ավարտական սուլիչից հետո բոլորն էլ միասին գարեջուր են խմում: Չէ՞ որ երկրպագուների ներսում, իրոք, եղբայրություն կա:
Մնացած բաները
Լոնդոնը զարմանալիորեն բազմադեմ քաղաք է: Փողոցներով քայլում են տարբեր մաշկի գույներով մարդիկ, հանրային տրանսպորտում լսվում են խոսակցություններ բազմաթիվ լեզուներով…
Երբ ավտոբուսով աշխատանքի էի գնում, հանկարծ պարզվում էր, որ լոնդոնյան հայտնի դաբլդեքերի երկրորդ հարկում մարդիկ խոսում են իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, լեհերեն, բայց ոչ անգլերեն: Ընդ որում, անգլիացիները սրան վերաբերվում են հանգիստ ու մեծահոգաբար:
Հետխորհրդային երկրի քաղաքացին սա դժվարությամբ է ընկալում, սակայն լոնդոնցիները հաճույքով են գնում Նոթինգ Հիլի դիմակահանդեսներին, որոնք անցկացնում են Կարիբյան ծոցի երկրներից եկածները, հունիսին ողջունում են գեյ շքերթների մասնակիցներին, փետրվարին` չինական երթերը, որոնք նվիրված են չինական Ամանորի տոներին:
Եվ լոնդոնցիները հպարտանում են քաղաքի այս բազմադիմութամբ:
Ասում են` պատճառն այն է, որ անգլիական խոհանոց… չկա: Եվ իրոք, կա իտալական խոհանոց, ֆրանսիական, մեքսիկական, չինական, հնդկական, ճապոնական… Իսկ անգլիական` ոչ:
Բայց անգլիացիները չեն տխրում: Նրանք վայելում են այդ բոլոր խոհանոցների համեղ ստեղծագործությունները և մեծագույն հաճույք են ստանում: Եթե, իհարկե, ուտեստը համեղ է պատրաստված: