Ինչպես կարելի է առանց քաղաքական փորձի դառնալ քաղաքական գործիչ. հատվածներ «Լոտո» գրքից

November 3, 2023

«Լոտո» վեպը պատկերում է քաղաքական գործիչ դառնալու ճանապարհները, PR ընկերությունների աշխատանքը, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առանց քաղաքական փորձի դառնալ քաղաքական գործիչ։ Գրքի հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և Նաիրյան երկրի նախագահը։ «Լոտոն» ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական Լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցականը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և հանդիպումը Պողոսի հետ։

Պողոսի ճակատագիրը ճակատից իջավ, սողոսկեց գոտկատեղից ներքև, հասավ ոտքերի արանքը, շեքի կողմերին էնպես հարվածեց, որ Պողոսը ճիչ արձակեց, այնպիսի անբնական ձայն, որից երբեք չէր արտաբերել:   Ձայնը գալիս էր շեքի կողմերից, բարձրանում թոքերով, կոկորդով ու անդադար դուրս թափվում: Աղունի աչքերից ջուր էր թափվում, Պողոսի բերանից՝ որոտ: Բայց Աղունի ջրերը հետզհետե ցամաքեցին, և նրա ուշադրությունը կենտրոնացավ Պողոսի ոռնոցին, որը չէր կտրվում: Պողոսի բերանը բացված մնացել էր կարծես երբեք չփակվելու համար, իսկ ձեռքին դանակն էր, որ ավելի ամուր էր սեղմում: Աղունի աչքերը չորացան, թռավ հեռախոսը վերցրեց ու շտապօգնություն կանչեց:

Աննան հավաքեց իրերն ու լուսանկարիչ Լութոյի հետ վազեց դատարան: Դահլիճում 3-4 հոգի էի: Բազմաչարչար, բայց միաժամանակ արժանապատիվ գերդաստանի միակ հույսը մեղադրվում էր ամենաստոր հանցանքում: Մի՞թե գերդաստանը կոտորածներից մազապուրծ էր եղել, որ նրա միակ արու ժառանգը խայտառակ անի իրեն: Քույրերին ու նրանց ընտանիքներին չէր հետաքրքրում, որ հնարավոր է, Հարությունն անմեղ է, ոչ մի հանցանք էլ արած չլինի, բռնաբարղի խարանը կպել էր արդեն նրանց գերդաստանին և վերջ: Միակ ելքը Հարությունին մոռացության մատնելն էր. չի եղել այդպիսի զավակ նրանց ընտանիքում: Միայն կրտսեր մորքաքույրն էր բոլորից գաղտնի եկել սիրելի զարմիկի դատին, նաև ուսանողական մի երկու ընկեր:  

Խուց նոր եկած Հարությունին շրջապատել էին բանտային կյանքի հնաբնակներն ու խաչաձև հարցաքննում էին, որ պարզեն, թե իրենց համակարգի որ կաստայում է լինելու նորեկը:

Դատավճռի հոդվածը մատնանշում էր ամենաստորին կաստան, բայց հանցագործ աշխարհն էլ պետք է պարզեր, թե արե՞լ է արդյոք այդ անընդունելի հանցանքը: Քննության անձայն հետևում էր «զոն նայողը»՝ Անանը: Նրա ձեռքին «Նաիրյան ժամանակի» թարմն համարն էր՝ առաջին էջին Աննա Արաբյանի հոդվածով, իսկ ծոցագրպանում՝ մի թղթի կտոր՝ արտաքին աշպարհից նամակ, որ պատմում էր, թե ով է Հարությունը և ինչ կյանքով է ապրել:  

Բոլոր խոսակցությունները, թե մեր կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս: Իրականում կյանքը նաիրյան երկրում, նաիրյան հասարակության մեջ ավելի շատ նման է շաշկիի: Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի: Հեչ կապ չունի, թե ոնց կհասնեն նպատակակետն, ամենահեշտը ճանապարհին ինչ-որ մեկի կամ մի քանիսի վրայով անցնելն է: Պետք է զգույշ լինես, որ հանկարծ քեզ ֆուկ չանեն: Չես անցնում դու, անցնում են քո վրայով կամ հանում են խաղից: Այ, հենց դրա համար էլ նախաձեռնեցի «Համապետական լոտոն»: