Անդրեյ Զվյագինցևի գերէմոցիոնալ «Нелюбовь»-ի մասին մեկ բառով` ընտիր

May 18, 2017

Շատ հաճախ մակերեսային և անփույթ խոսակցական ժեստով Անդրեյ Զվյագինցևին անվանում են ռուսական կինեմատոգրաֆի գլխավոր մարգինալ-ընդդիմադիրը, ռուս «կայսրական» պետբյուջեի ֆինանսներն անթույլատրելի ճոխությամբ շռայլող հեղինակ։
«Нелюбовь»-ի մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիսորը հպարտորեն հայտարարում է՝ քոփրադաքշնի ռուս պրոդյուսերները տվել են նրան մաքսիմալ ֆինանսական ազատություն, որի արդյունքում ընտրվել են իդեալական լոքեյշններ։ Իրականում ֆիլմի տեղայնքներնը կրում են ոչ թե զուտ տարածքային նշանակություն, այլ ավելի շուտ մետաֆորիկ՝ Տարկովսկու, Պիտեր Ուիրի և Անտոնիոնիի ֆիլմերի պես։
http://www.youtube.com/watch?v=R_Ne8nrpcKk
Ռուսաստան։ Դպրոցի գլխավոր դռներից դուրս են պրծնում դեռահասները։ Հարմարավետ բնակարանում ֆինանսապես ապահոված ամուսիններ Ժենյան (Մարյանա Սպիվակ) և Բորիսը (Ալեքսեյ Ռոզին) հայհոյանքներով հագեցած լեզվակռվում մեղադրում են միմյանց չստացված ընտանեկան կյանքի համար։ Երկուսն էլ պատկերացնում էին կյանքը բացարձակ այլ երանգների մեջ, պարզապես 13 տարի առաջ Ժենյան պատահաբար հղիացել է, Բորիսն էլ որոշել է, որ միասին իրենց մոտ ամեն ինչ կստացվի։ Իսկ այսօր նրանք արդեն քննարկում են ամուսնալուծությունը։
Քանի դեռ ամուսինները իրար վրա են  գցում երեխայի խնամակալության պատասխանատվությունն ու ուղարկում են իրար գրողի ծոցը՝ չխնայելով ռուսերենի հարուստ հայհոյանքային բառապաշարի արսենալը, մյուս սենյակում անձայն լացում է Ալյոշան։ Մի բաժակ գինու ու Instagram-ի ընկերակցության, նոր սիրեկանի հետ թեժ գիշերվա և կոսմետոլոգին այցի արանքում Ժենյան խոստովանում է՝ երեխան սպասված չէր, առանձնապես չսիրված, ամուսնուն՝ Բորիսին էլ երբեք չի սիրել։ Բորիսն իր հերթին  կուշտ է կնոջ հիսթերիկ շարժումներից, արդեն գտել է նոր կին, որը հղի է, ապագա կյանքի սպասումներով լի։



[Cannes - 70] Կաննի առաջին անակնկալը. կինոփառատոնը բացեց սուպերհայտնի քասթով «Իսմայելի ուրվականները» ֆիլմը




Սակայն հաջորդ օրը հնարավոր երջանիկ ապագայի ուրվագիծը ճեղքվում է. Ալյոշան երկու օր է, ինչ չի գնացել դպրոց և չի գիշերել տանը։ Ոստիկանությունը համոզված է՝ փախել է տանից, կվերադառնա: Բայց Ժենյան անհանգիստ է, դիմում է կամավոր որոնողական ջոկատի օգնությանը։ Այստեղ սկսվում է ֆիլմի հիմնական՝ փնտրտուքային  շերտը` իր հետ առաջին պլան բերելով հերոսների հոգեբանական ապրումները և էքզիստենցիալ խնդիրները։
Անդրեյ Զվյագինցևը` սցենարիստ Օլեգ Նեգինի և օպերատոր Միխաիլ Կրիչմանի հետ ստեղծել է իդեալական կառուցվածք ունեցող մաքուր ֆիլմ՝ ոչ մի ավելորդ կերպ, ոչ մի անտեղի ռեպլիկ։ Բոլոր տեսարանները նախ և առաջ ապշեցնում են էսթետիկ, սիմետրիկ և լուսային կոմպոզիցիաներով, իսկ ռուսաստանյան կենցաղա-բնապատկերային մթնոլորտը ստաբիլ ռիթմով գլորվում է ընտանիքի դրամատիկ ողբերգության հեկեկոցի հետ։


Անդրեյ Զվյագինցևը պատասխանում է newmag-ի հարցին




Ժենյան ուժեղ է, գործող, Բորիսը երևում է հավասարակշռված: Իրականում ծնողները հասկանում են, որ երեխայի անհետացման և հնարավոր կորստի մեջ մեղավոր են միայն և միայն իրենք։ Չսերը, ագրեսիան և լարվածությունը, որոնց մեջ թաթախված էր Ալյոշան, գցել են դեռահասին անելանելի վիճակի մեջ, միակ հնարավոր փրկությունն էսքեփիզմն է և տղայական ապաստանի առկայությունը՝ լքված շինությունը խուլ անտառում,  ուր Ալյոշան գնում էր իր միակ ընկերոջ հետ։
Ռեժիսորը բացատրում է՝ զգացմունքները մարդկանց պես են, հենց այնպես չեն կորչում և չեն անհետանում, ամեն ինչ փոխկապակցված է, յուրաքնչյուր կյանքի շրջադարձ՝ հնարավոր։ Սատիրիկ քաղաքական շտրիխները հղկում են հիմնական քանդակ-սյունը, որի վրա կառուցված է մարդկային խիստ էմոցիոնալ և գերազդեցիկ կորուստը, իսկ դատարկ հայացքով Ժենյան՝ «Россия» եռագույն մարզահագուստով դոփում է տեղում՝ չունենալով «destination»: