Երկու «Մանյունյա»՝ երկու պրեմիերա՝ Մոսկվա կ/թ տեղի ունեցավ գրքի էկրանավորումն ու գրքի, գրողի ու ընթերցասերների հանդիպումը (տեսանյութ, լուսանկարներ)

October 23, 2021

Այս շաբաթ Մոսկվա կինոթատրոնում մեծ պրեմիերա էր: Նարինե Աբգարյանի մեկ տասնյակ լեզուներով թարգմանված հայտնի «Մանյունյան» նաև էկրանավորվել է: Հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ուներ դիտելու բազմամասանոց ֆիլմի առաջին երկու էպիզոդները: Պրեմիերային ներկա էր նաև գրողն ու ֆիլմի ստեղծագործական թիմը: Նարինե Աբգարյանը նաև ընթերցասերների «Մանյունյա»-ները ստորագրեց, շփվեց երկրպագուների հետ: Այս սեպտեմբերին Newmag-ը ներկայացրեց Աբգարյանի եռահատորի առաջին մասը, շուտով լույս կտեսնեն մյուս գրքերը:

Newmag հրատարակչության նոր գունազարդ շապիկով, նոր խմբագրմամբ Նարինե Աբգարյանի վեպն ու վեպի էկրանավորման պրեմիերան՝ մեկ վայրում: Նարինե Աբգարյանի վեպերը՝ Newmag հրատարակչության խմբագրությամբ, նոր դիզայնով դարձել են նաև հայկական բեսթսելլերներ: Գրողը վստահեցրեց՝ բոլորը կունենան իր ստորագրությամբ գիրքը. «Հիասքանչ ընթերցող ունենք, յուրահատուկ գեղեցիկ են, բառերով այնպիսի բաներ են ասում, թևավորվում եմ։ Շնորհակալ եմ հայ ընթերցողներին»։

   

Գունազարդ «Մանյունյա»-ից մի քանի քայլ այն կողմ՝ գրքի էկրանավորման պրեմիերան է: «Մանյունյա» տասը մասանոց ֆիլմի ռեժիսորն Արման Մարությանն է, պրոդյուսերները Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները: Քաստինգից հետո՝ Նարինե Աբգարյանն անձամբ է տեսել, հավանել ու հաստատել իր մանկության հերոսներին՝ դերասանական կազմը. «Կաստինգի ժամանակ, երբ տեսա դերասանների նկարները, շատ հավանեցի։ Երկու սերիան տեսել եմ, հավանել եմ։ Յուրահատուկ է, որ սովետական ժամանակաշրջանից կպած չէ։ Հայաստանն էնքան սիրուն է»։

 

Փոքրիկ Նարինեն ու իր մանկության ընկերուհին՝ Մանյունյան պրեմիերային ներկա չէին: Բայց այստեղ է ամենախարիզմատիկ ու կենտրոնական հերոսը՝ Տա-ն՝ Մանյունյաի տատիկը, որին կերպանավորել է դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը, ով միանգամից ընդունել է նկարահանվելու առաջարակը. «Ինձ համար մեծ անակնկալ էր այս կերպարը։ Երբեք չէի սպասում։ Շատ բարդ էր ինձ համար։ Ռուսախոս չեմ։ Տատիկը հրեա է, նա ակցենտ ունի, խոսում է նաև ֆրանսերեն, հին ռուսերեն, նոր ռուսերեն։ Տեքստերի համար շատ էի տանջում ռեժիսորին։ Երկու-երեք ամիս տեղեկություն չունեի նույնիսկ եղանակից։ Մտածված անգիր էի անում։ Կերպարը բարդ չէր, իմն էր, նման է ինձ»։

 

 

Ընկերուհիները, տատիկը, մայրիկն ու հայրիկը, և մի ամբողջ փոքրիկ քաղաք, որ կիսված է մեկ գետով՝ լավաշով ու պանրով համեղ բրդուճներն ու չարաճճի մանկությունը՝ Նարինե Աբգարյանի գունեղ վեպը գրքի էջերից տեղափոխվել է մեծ էկրան: Ֆիլմում Նարինե Աբգարյանի մայրիկն է՝ Նադեժդա Անդրեևնան: Հանդիսատեսի շարքերում Նարինե Աբգարյանի մոր կերպարին ուշադրությամբ հետևում է իրական տիկին Նադեժդան: Հերոսներին գիտի, պատմությունները հիշում է. «Մանյունյան Նարինեի ծանոթն է։ Ավելի շատ հավաքական կերպար է։ Սովորաբար, ֆիլմը զիջում է գրքին։ Կցանկանայինք, որ համարժեք լինեն»։

   

Հայ ֆիլմասերները մեծ էկրանին միայն առաջին երկու էպիզոդները դիտեցին: Հետո արդեն կարող են երեք ամսով անվճար բաժանորդագրվել OKKO մուլտիմեդիա ծառայությանը ու շարունակել դիտել տասը մասանոց սերիալի մյուս մասերը: Ծառայության հայաստանյան պրեմիերան սկսվում է՝ մեծ վեպի էկրանավորմամբ: Ծառայության միջազգային զարգացման բաժնի ղեկավար Եվգենի Ուրյուպինի խոսքով, պատահական չեն ընտրել հայաստանյան շուկան. «Ծառայության մեկնարկը Հայաստանում նշանավորում ենք մեր լոկալ կոնտենտի լավագույն սերիալներից մեկով՝ Նարինե Աբգարյանի լեգենդար վեպի հիման վրա նկարահանված տասը մասանոց սերիալի առաջին էպիզոդներով։ Մենք Հայաստան ենք եկել՝ մեր պրոդուկտը՝ OKKO մուլտիմեդիա ծառայությունը ներկայացնելու»:

 

Ծառայության մեջ հասանելի է մոտ 100 հազար միավոր բովանդակություն՝ համաշխարհային ֆիլմարտարող ամենահայտնի ընկերությունների՝ Walt Disney-ի, Paramount-ի, WarnerBros-ի, Sony-ի, Universal-ի ֆիլմեր, սերիալներ, համերգներ։ OKKO-ն հայաստանում առաջին երեք ամսվա բաժանորդագրությունը հայ կինոսերներին նվիրում է անվճար, հաջորդ երեք ամիսը՝ կես գնով:

 

Կարդացեք նաև

Մինչև ֆիլմի բոլոր էպիզոդների դիտումը, Newmag հրատարակչությունն առաջարկում է նախ ընթերցել Նարինե Աբգարյանի՝ «Մանյունյան» 1980-ականների Բերդ քաղաքում ապրող երկու ընկերուհիների՝ Մանյունյայի ու Նարինեի պատմությունը, որը մի ամբողջ խորհրդային սերնդի մանկությունն է՝ զվարճալի, հարազատ, բայց նաև խիստ ու երբեմն ծանր: