Բաքվում սկսվում է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով դատավարությունը. նրա ադրբեջանական ոդիսականի մասին` համառոտ

June 20, 2017

Մարատ Ուելդանով-Գալուստյանը աշխատում էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ: Անցած տարվա ամռանը Բաքու էր մեկնել գործուղման, որտեղ և ձերբակալվել էր: Մարատի հետ էր ձերբակալել էին նաև գործընկերուհուն՝ Ելենա Մակարենկոյին: 2 շաբաթ հետո Մակարենկոյին բաց էին թողել:


«Շատ փոքր, տոթ ու կեղտոտ բանտախուց էր: Այնտեղ ինձ մերկացնում ու ձեռնաշղթաներով տանում էին հարցաքննության: Մի քանի քննիչ միաժամանակ խաչաձև հարցեր էին տալիս, գոռում էին, նվաստացնում, վիրավորում, ստիպում էին, որ ստորագրեմ թղթեր, թե իբր կապված եմ հայկական հետախուզության հետ, աշխատում եմ հայերի համար: Հետո քննիչներից մեկն ասաց, որ պետք է կարողանալ ընկերներին ընտրել, որ ես բանտում եմ իմ հայ ընկերոջ պատճառով»,- պատմել էր Ելենա Մակարենկոն:


Մարատ Ուելդանով-Գալուստյանին սկզբում մեղադրել էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ, իսկ հետո՝ մեղադրանք էր առաջադրվել թմրանյութերի պահման և տարածման հոդվածով: Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից Ուելդանովի հարազատներին ուղղված նամակում բացահայտ նշել էին, որ Մարատի հայկական ծագումը մեծապես բարդացնում է դատական գործընթացը:


Մարատ Ուելդանովը հեռախոսազրույցում դժգոհել էր քրոջը, որ իր ադրբեջանցի փաստաբանը ոչնչով չի ցանկանում օգնել իրեն: Նա բողոքել էր, որ իրեն տեղյակ չեն պահում գործի մանրամասներին և կեղծ տեղեկություններ են տարածում:

«Ի՞նչ է ընդհանրապես կատարվում: Ես իրավունք ունեմ այդ մասին իմանալու, բայց ոչ ոք ինձ հետ այստեղ հաշվի չի նստում: Ի՞նչ է, ես այստեղ երրորդ սորտի մարդ եմ, թե՞ կենդանի: Խնդրում եմ իմ նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերել»,- բողոքել է Մարատ Ուելդանովը:


Մարատը ծնվել է 1982 թվականին Բաքվում: Հետո ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան, որտեղ և ստացել էր քաղաքացիություն: Ուելդանովը Մարատի կնոջ ազգանունն է, որն էլ նշված էր նրա անձնագրում: Հայկական ծագման մասին Մարատը չէր բարձրաձայնում: Մինչև անցած տարվա ամառ նա բազմիցս եղել էր Ադրբեջանում և ոչ մի խնդիր: