«Голос»-ի հայկական ձայնը. Մարգարիտա և Արծվիկ

September 7, 2015

Ռուսական «Ձայնի» ամենահայտնի և «ամենաձայնավոր» հայուհիները՝ Մարգարիտա Պոզոյանը և Արծվիկ Հարությունյանը, դեռ իրենց տեղն են որոնում շոու-բիզնեսի ռուսական շուկայում: Եվ դա անում են՝ ձգտելով վերադառնալ իրենց արմատներին:
Մարգոն, Ուիթնի Հյուսթոնի իր մեկնաբանմամբ, ժյուրիի անդամներին ստիպեց շրջվել ու ոտքի կանգնել: Դիմա Բիլանը ափսոսեց, որ Ուիթնին ողջ չէ և չի կարող լսել Մարգոյին: Մարգարիտա Պոզոյանը 4-րդ տեղը զբաղեցրեց «Ձայնում»:


«Ուսուցչի»` Դիմա Բիլանի և Մարգոյի համագործակցությունը շարունակվում է նախագծից դուրս. «Մենք նոր երգ ունենք: Բիլանի տարեդարձի համերգին առաջին անգամ հնչեց: Կարծում եմ` տեսահոլովակ էլ կլինի շուտով: Այդպիսի խոսակցություններ կան: Երգն առաջիկա ձայնասկավառակում էլ տեղ կգտնի»:
Արծվիկ Հարությունյան
Հիշվող, վառ արտաքին, ռուսական հնչողության համար էկզոտիկ ծաղկի անուն հիշեցնող անուն, ժամանակակից մեգապոլիսի ռիթմին անսովոր ճշտապահություն և զինաթափող անկեղծություն: Արծվիկ Հարությունյանի ձայնը սկզբում շոկ է առաջացնում, հետո կլանում ամբողջությամբ և ընդմիշտ:
 
«Ինձ զանգում էր ամբողջ Հայաստանը, բոլոր հարազատներս ու ընկերներս: Անգամ հայտնվեցին մարդիկ, որոնց մասին ես բոլորովին մոռացել էի` հեռու բարեկամներ, դասընկերներ և ուսուցիչներ»:
Արծվիկ Հարությունյանը հայտնվեց Պելագեայի խմբում: Հասավ մինչև դուելների փուլ: Պելագեան երկու հայերի մեջ նախապատվությունը տվեց Անդրեյ Դավիդյանին. «Կարծում եմ՝ նույնիսկ եթե չլիներ նախագիծը, ես կգնայի դեպի իմ նպատակը: Ուղղակի «Ձայնն» արագացրեց դա: Այդքան տարի ստվերում եմ եղել: Ինձ համար կարևոր էր ինքս ինձ ապացուցելը, որ կարող եմ, որ ես կամ, երգում եմ, երգչուհի եմ»:
Կյանքը փոխվեց ոչ թե «Ձայնից», այլ անվանափոխությունից հետո: Ռուսական բեմը գրոհով վերցնելուց առաջ «Ձայնի» հայուհիները վերադարձան հայկական արմատներին: Սովորաբար հայերը ռուսական շոու -բիզնեսում թաքցնում են իրենց յան-ը: Մարգոն ու Աստղիկը ընտրեցին բարդ ուղին:
Արծվիկին, օրինակ, դպրոցում, համալսարանում, նախկին աշխատավայրում Անյա անունով էին ճանաչում. «Ես միշտ էլ տանը, մտերիմների համար Արծվիկ եմ եղել: Անյա դարձա, քանի որ դպրոցում չէին կարողանում անունս ճիշտ արտասանել: Բայց աշխատանքի վայրում մի քանի Անյա կար: Որոշեցի նորից լինել Արծվիկ: Սիրում եմ իմ անունը: Տատիկիս պատվին են դրել: Եվ հենց ես նորից դարձա Արծվիկ, կյանքս անմիջապես փոխվեց: Նկատի ունեմ ՝ երգչուհու կարիերայի իմաստով: Ուղղակի ես ինքս իմ առաջ առաջադրանք եմ դրել. երբեք կյանքում չեմ ամաչի, չեմ վախենա և իմ Հարությունյանը մինչև վերջ առաջ կտանեմ: Կընդունեն, չեն ընդունի` մեկ է ինձ համար»: