Գնել Նալբանդյան. Ինչպե՞ս պետք է լրագրողն իրեն պահի սոցցանցում

February 8, 2016

2013թ.-ի հունիսի սկզբին իմ ընկեր, լրագրող Արմեն Դուլյանին աշխատանքից ազատեցին` սոցցանցում քաղաքական ենթատեքստով գրառում անելու համար: Ու նույն սոցցանցում սկսվեց մեծ ճակատամարտ` թեր ու դեմ կողմերով: newmag-ը ժամանցային ամսագիր է, քաղաքական չէ, բայց այստեղ աշխատում է Հայաստանի և հայ իրականության մեջ լրագրողական լավագույն թիմը` «ԱրմՆյուզ» լրատվական հեռուստաալիքի (այժմ` Արմենիա Հ/Ը «Ժամը» լրատվականի) թիմը, ահա ինչու որոշեցի անդրադառնալ այն խնդրին, թե լրագրողն ինչպես պետք է իրեն պահի համացանցում:



Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև՝



Անշուշտ, ամեն ոք սոցցանցում կարող է արտահայտել իր անձնական կարծիքն ամեն ինչի մասին, սակայն լրագրողը, ի տարբերություն այլ մասնագիտության տեր մարդկանց, սոցցանցում ու բլոգում էլ իրեն պետք է զգա ինչպես ավանդական մեդիա-դաշտում:
Եթե լրագրող ես, բայց ռեպորտաժ չես պատրաստում այն քաղաքական երևույթի մասին, որի մասին հերոսաբար գրում ես քո ցանցային էջի պատին, ուրեմն այդ հանրային վայրերից որևէ մեկում ստում ես:

Երկրում կատարվող քաղաքական կամ տնտեսական իրադարձությունների, մշակութային կամ սոցիալական երևույթների մասին բժիշկն ու դերասանը չեն կարող ռեպորտաժ կամ վերլուծական նյութ պատրաստել ու հեռարձակել, մինչդեռ լրագրողը կարող է, հետևաբար արդարացված է, որ բժիշկն ու դերասանը սոցցանցում տեղադրում են իրենց կարծիքը որևէ դեպքի, իրադարձության, երևույթի մասին, և անբանական է, որ լրագրողն է դա անում` իրեն վստահված ինֆոտարածքում լռելով այդ նույն դեպքի, իրադարձության, երևույթի մասին:
Եթե լրագրող ես և սոցցանցում գրառում ես տեղադրել անպատասխան սիրո տվայտանքների մասին, քեզ բոլորը կհասկանան: Բայց եթե լրագրող ես և սոցցանցում գրառում ես տեղադրել քո քաղաքական կամ կուսակցական կողմնորոշման մասին, ուրեմն ես կարող եմ կասկածի տակ դնել քո անաչառությունը քո պատրաստած ռեպորտաժներում:

BBC-ում կան լրագրողներ ու խմբագիրներ, որ 20 տարի աշխատում են կողք կողքի, հինգ մատի պես գիտեն ամեն բան, որ կատարվում է իրենց երկրում ու աշխարհում, բայց տեղյակ չեն, թե իրենցից ով ինչ քաղաքական կողմնորոշում ունի: Եվ սա նորմալ է: Եթե լրագրող ես, ունեցի՛ր քո քաղաքական համակրանքը, բայց երբեք ի ցույց մի՛ դիր այն ո՛չ քո ռեպորտաժում կամ հոդվածում, ո՛չ էլ սոցցանցում:
Ընդ որում, լրագրողը չի կարող իր բլոգում հրապարակել իր անձնական քաղաքական տեսակետը նույնիսկ ծածկանունով կամ ոչ իր ավատարով հանդես գալու դեպքում: Սա` ըստ BBC-ի:
Իսկ ըստ մե ՞զ:

newmag #43, 2013թ.