JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Մատիտն ընդդեմ հրացանի. Սատիրան սադրում է մտածել

Մատիտն ընդդեմ հրացանի. Սատիրան սադրում է մտածել

Կատակն ունի՞, արդյոք, սահմաններ: Այո, կան էթիկական ակնհայտ սահմաններ: Չի կարելի ծիծաղել թույլերի վրա, հիվանդների վրա, ֆիզիկական արատների վրա: Եվ վերջ: Մնացած ամեն ինչում չեն կարող լինել սոցիալ, կրոնական կամ քաղաքական տաբուներ: Կատակը ճշմարտության սրված տարբերակն է: Ծիծաղելի է, քանի որ ճիշտ է: Եթե ծիծաղում ենք կարիկատուրայի վրա, ուրեմն այն ճշմարիտ է: Եթե վիրավորվում ենք կարիկատուրայից, ուրեմն այն նման է ստացվել: Եթե նման չլինի, ոչ ոք չի ծիծաղի, ոչ ոք չի վիրավորվի: Կատակի և վիրավորանքի միջև ընկած նուրբ սահմանը որոշում է դատարանը՝ քաղաքակիրթ երկրում:
Սատիրան կատակի այն տեսակն է, որը սրված ճշմարտությանն ավելացնում է ինտելեկտուալ խայթոցի հիպերբոլիկ թույնը: Սատիրան պրովոկատիվ ժանր է: Կատակը, սատիրան, սուր կատակը կիրթ մարդու ապտակի պես են. ցնցում են, ստիպում են մտածել: Սատիրան, կարելի է ասել՝ սադրում է մտածել: Սատիրան պետք է ստիպի, որ մարդ ծիծաղի ու ցնցվի նմանությունից: Երբ ծիծաղում ենք ու հետո սարսափում այն մտքից, թե որքան նման է ստացվել, ուրեմն գործ ունենք ճշմարտության հետ:
Ծաղրանկարը ծիծաղելի է, որովհետև այնտեղ ճշմարտությունն է ներկայացված: Ահա ինչու սատիրան ու սատիրիկները հայտնվում են ավտորիտար և տոտալիտար ռեժիմների թիրախում: Բոլոր բռնակալները՝ Ստալինը, Հիտլերը, Կիմ Չեն Իրը, նախ իրենց են ենթարկել ազատ խոսքն ու իրենցով են արել կարիկատուրան: Բռնակալի աստվածացման դարաշրջանում նրա հասցեին արված կատակն անձեռնմխելի իշխանավորին ակնթարթորեն դարձնում է խոցելի, ոչ սարսափելի, ամենակալին դարձնում է ոչնչություն:
Հավատը, որն ապրում է ամեն մարդու հոգում՝ մի բան է, մինչդեռ կրոնական գաղափարախոսությունը, որը հավատավոր մարդկանց բազմությունը կառավարելու և ուղղորդելու համար է՝ միանգամայն այլ: Գաղափարախոսություն դարձած հավատը մահու չափ վտանգավոր բան է:
Ագրեսիվ միջնադարը մեր աչքի առաջ պատերազմ է հայտարարել հանդուրժող սրամտությանը: Կյանքում միայն մեկ գիրք կարդացած և զանգվածային գաղափարախոսության զոհեր դարձած մոլեռանդ վայրենիները փորձում են քաղաքակիրթ աշխարհի վզին փաթաթել խաղի սեփական կանոնները: Հրացանով մարդը փորձում է մատիտով մարդուն թելադրել, թե ինչ է կարելի նկարել կամ գրել, և ինչ՝ ոչ: Քաղաքակրթությունն ընդհանրապես կկորցնի իր իմաստը, եթե մատիտով մարդիկ սկսեն վախենալ հրացանով մարդկանցից և ծնկի գան, և եթե ազատամտությունն ընկրկի բիրտ ուժի առաջ:

Տարածել