Դոնալդ Թրամփին երբեք չեմ ների իր այդ քայլի համար. Միշել Օբամա

December 29, 2018


Հրտարակվելուց 2 շաբաթ անց Միշել Օբամայի գիրքը վաճառվել է ավելի քան 2.000.000 օրինակով: «Becoming» հուշագրությունը թարգմանվել է 31 լեզուներով և դարձել բեսթսելլեր՝ միանգամից 11 երկրներում: Միշել Օբաման Օփրա Ուինֆրիի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է Սպիտակ Տնից հեռանալու, Դոնալդ Թրամփի և առաջին անգամ թոսթ պատրաստելու մասին:


ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Չեմ կարող չասել. ոչինչ այնքան հաճելի չէ, որքան հաճելի ընթերցվող գիրքը: Երբ իմացա, որ գիրք ես գրում, ինքս իմ մեջ սկսեցի հպարտանալ: Դու արեցիր դա, գրեցիր հզոր, բայց միևնույն ժամանակ նուրբ ու ազդեցիկ գիրք:
ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Շնորհակալ եմ:
ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Ինչո՞ւ «Դառնալով»:
ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Տարբերակները շատ էին, այնքան շատ, որ եթե բոլորը քննարկեինք այդպես էլ տեղ չէինք հասնի: «Դառնալով» տարբերակը մի տեսակ ամեն ինչ ի մի է բերում: «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս»՝ ամենավատ հարցը, որ ծնողները հաճախ իրենց երեխաներին են տալիս: Ասես մեծանալը սահմանափակվում է: Հասնում ես ինչ-որ մի կետի ու վերջ, ամեն ինչ վերջանում է:
ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Մեծանալով մարդիկ փոխվում են:
ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ես չգիտեմ թե ինչ կլինի հետո: Բոլորին միշտ սա եմ ասում: Գիտես, կարծում եմ բոլոր կանայք էլ մտքում ունեն որոշած մի տարիք, որին հասնելուց հետո իրենց կսկսեն մեծ զգալ: Եթե ընդհանուր նայենք, ապա շատերի մոտ այդ տարիքը գալիս է այն ժամանակ, երբ այլևս ստիպված չես մայրիկիդ լսել: Ես շարունակում եմ մեծանալ ու ամեն անգամ նոր մարդ եմ դառնում: Սա իմ կյանքի ճանապարհորդության պատմությունն է:
ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գրքում բազմաթիվ բացահայտումներ կային: Ինչպիսի՞ զգացողություն ունեիր, երբ գրում էիր անձնական կյանքիդ մասին: Վախենո՞ւմ էիր:
ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Եթե անկեղծ, ապա՝ ոչ: Ահա թե ինչու: Մարդիկ ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ ես այդքան պարզ, ինչպե՞ս են մարդիկ այդքան հեշտ շփվում քո հետ: Հասկացա, որ պատճառն այն է, որ ես ինձ ընդունում և սիրում եմ այսպես: Ես սիրում եմ իմ պատմությունն իր բոլոր վայրիվերումներով: Կարծում եմ հենց սա է ինձ դարձնում յուրահատուկ՝ ինքս իմ առաջ: Երբեք ոչինչ չեմ թաքցրել իմ ընկերներից: Գիտես Օփրա, մենք ուզենք դա թե ոչ, ես ու Բարաքը օրինակ ենք ծառայում մարդկանց:
ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Համամիտ եմ:
ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ատում եմ, երբ այն մարդիկ, որոնք ինչ-որ չափով հանրային են, խուսափում են հասարակությունից, հետ են քաշվում և ասում՝ չէ, չէ, ես չեմ կարող օրինակ ծառայել, ինձ պետք չէ ավելորդ պատասխանատվություն: Բայց ուշ է արդեն: Երիտասարդները նայում են քեզ ու սովորում: Չեմ ուզում, որ նայեն ինձ ու մտածեն, որ ես երբեք վախեր չեմ ունեցել, փորձություններ չեմ հաղթահարել:
ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գիրքն ընթերցելուց հետո վստահ եմ, ոչ ոք այդպես չի մտածի: Մտքներովս էլ չի անցնի:
[ծիծաղում են]
Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում