Ինչպես պահեք Ձեզ Մոսկվայում. պաշտոնական ուղեցույց խոպանչիների համար

January 19, 2017

Մոսկվայի իշխանությունը քաղաք եկած ներգաղթյալներին կսովորեցնի, ինչպես պահել իրենց: Էթիկայի կանոնները ներգաղթյալներին հասանելի կլինեն կոմիկսներով` լեզվական խոչնդոտներից խուսափելու համար: Արտասահմանցի, էթնիկ փոքրամասնությունները ուղեցույցի շնորհիվ իրենց ավելի լավ կպահեն, իսկ մոսկվացիները չեն նեղվի, արդյունքում, լարվածությունը կթուլանա: 100 էջանի նկարազարդ ուղեցույցը 50 հազարից ավելի տպաքանակ կունենա:
Բացատրական կոմիկսների հերոսները երեք աժդահաներն են, որոնք խորհրդանշում են իրավապահներին: Հերոսներից մեկն, օրինակ, Իմաստուն Վասիլիսան ի սկզբանե հերարձակ էր, բայց խստապահանջ փորձագետները որոշեցին, որ թափված մազերով կինը կարող է ընկալվել, որպես չամուսնացած ու ազատ վարք ունեցող, այնպես որ` Վասիլիսան մազերը հավաքել է` խոպանչիների հարգանքը վայելելու համար:
Ներգաղթյալ կերպարները սկզբում ազգությամբ էին ներկայացված, բայց հետո որոշվեց հրաժարվել այդ մտքից, որ ոչ ոք չնեղանա: Կոմիկսների ժողովածուի վրա աշխատել են փաստաբաններ, իրավաբաններ, ներգաղթյալների իրավունքներով զբաղվող մասնագետներ: Հետո էլ ուղեցույցի լեզուն հարմարեցվեց ներգաղթյալների լեզվամտածողությանը: Բրոշյուրը կօգնի հասանելի ու ընկալելի պատկերացնել ամբողջ օրենսդրական դաշտը, որը պետք է իմանա ամեն մի ներգաղթյալ: Առաջին գլուխը սկսվում է գլխավոր ծանոթությամբ. «Փողոցում վարվեցողության գլխավոր կանոնը շրջապատողներին անհարմարություն ու տհաճություն չպատճառելն է»:
Ներգաղթյալներին խորհուրդ է տրվում` 


  • կանանց հետևից չնայել

  • փողոցում չուտել

  • բարձր ու երկար փողոցում չխոսել

  • Դու-ովչէ խոսել,

  • նոր ծանոթությունը չընկալել որպես հաստատված ընկերություն,

  • գործընկերային հարաբերություններ հաստատելու համար փոխանցել այցեքարտ


Ներգաղթյալներին նաև հիշեցնում են, որ պետք է ստանալ ներգաղթի քարտ, գրանցում, աշխատանքի իրավունք: Բացատրական կոմիկսում Անմահ Կասչեյը Մոսկվայում աշխատանքի իրավունք ունեցող ներգաղթյալներին գայթակղում է Մոսկվայից դուրս շինարարական աշխատանքի հրավերով, բայց Ձյունանուշը բացատրում է, որ տվյալ աշխատանքի իրավունքը գործում է միայն Մոսկվա քաղաքում:
Օրենքները ներկայացված են հնարավորինս մատչելի, կան նաև թեստեր, որոնք ներգաղթյալներին կօգնեն տեղեկություններն ավելի լավ ընկալել: Թեստերից մեկում Ձյունանուշը հարցնում է.
Դրսում ցուրտ է, պետք է հագնել
ա. Արևից պաշտպանող գլխարկ
բ. ակնոց,
գ. վերարկու:
Հեղինակներն, ամեն դեպքում,  բրոշյուրի վերջում թեստերի պատասխանները նույնպես տվել են: Հաճելին օգտակարի հետ համատեղելու համար ուղեցույցում ներգաղթյալների համար կան նաև խաչբառեր: