Երբ ես նախարար էի. նախկինների գունավոր անցյալը

December 23, 2016

Մենք ակնկալում էինք հանիրավի մոռացված կամ մոռացության մատնված կամ մամուլում անտեսված քայլերի մասին պատմություններ, որոնք, իրոք, արժանի են դուրս պրծնել պաշտոնական հաղորդագրությունների փոշոտ տրցակներից և հիշվել սիրով ու խանդաղատանքով: Մեզ արձագանքեցին չորսը: Նախկին նախարարները սովորաբար հակված են գունազարդել իրենց ղեկավարման շրջանը: Կամ իրոք համոզված են, թե իրենց՝ նախարար եղած ժամանակ արել են նույնիսկ անհնարինը՝ ժողովրդի կյանքը լավացնելու համար: Պաշտոնաթող ֆունկցիոներները սովորաբար նոստալգիկ խանդավառություն են ապրում, երբ մտաբերում են անցած-գնացած լավ օրերը: Եվ նրանց կարելի է հասկանալ. չէ ՞ որ յուրաքանչյուր հաջորդ նախարար հասցնում է անել ավելի քիչ ու ավելի վատ, քան իր նախորդը:

ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ


(2007-10 թթ. Արդարադատության նախարար)


Երբ արադատության նախարար էի, որևէ եղանակով (բացահայտ կամ քողարկված) ինձ ուղղված լուրջ սպառնալիքներ չեն եղել: Ընդհանրապես համոզված եմ, որ մեր ժամանակներում նախարարների հետ սպառնալիքների լեզվով չեն խոսում, թեև քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հրապարակային միջոցառումների ընթացքում երբեմն չեն զլացել սպառնալիքներ հնչեցնել:
Մի վերապահում ևս. դատելով այդ շրջանի մամուլի և հանրության, նաև ընդդիմադիր քաղաքական դեմքերի արձագանքներից՝ ես բնավ մերժված պետական գործիչ չեմ եղել: Հակառակը, վստահություն և հարգանք եմ նկատել իմ անձի հանդեպ, ինչն ինձ համար անչափ կարևոր է եղել: Ես պատրաստ էի ցանկացած պահի հանգիստ լքել պաշտոնը ու չէի կարող հանուն պաշտոնական դիրքի դեմ գնալ իմ սկըզբունքներին: Ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդեպ իմ համբերատար, հանդուրժողական ու քաղաքակիրթ վերաբերմունքը թելադրված է եղել միմիայն առողջ հանրային մթնոլորտ ձևավորելու նկատառումով: Դրանով փորձել եմ բարելավել իշխանության հանդեպ վստահությունը, բացարձակապես չեմ ձգտել այդ եղանակով վարկանիշ բարձրացնել, թեպետ ոմանք դա յուրովի էին ընկալում ու մեկնաբանում: Իհարկե, իշխանությամբ օժտված լինելու պարագայում առավել դյուրին էր մեծամիտ ու բռի կեցվածք ընդունելը, բայց դա իմը չէ:
Ինքս եմ եղել Արդարադատության ակադեմիայի գաղափարի հեղինակն ու իրագործողը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի, դատապարտյալների պահման պայմանների դե յուրե և դե ֆակտո բարելավման համալիրը ներդնողը: Իսկ շատ բան չի հաջողվել, որովհետև, ցավոք, անհարկի ժամանակ եմ ծախսել զուտ սուբյեկտիվ հարաբերությունները հարթելու համար: Պետական համակարգում, խորհրդարանում կային մի քանիսը, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում բնականոն աշխատանքը խաթարելու համար, իսկ մի քանիսն էլ փորձում էին, ինձ հետ տարաբնույթ արհեստական բանավեճեր սարքելով, ինքնահաստատվել: Զավեշտալին այն էր, որ երբ նկատում էի, որ ոչ էական հարցի շուրջ անպտուղ բանավեճ էր ծավալվում, արագ համաձայնում էի, ինչը հակառակորդներիս դարձյալ չէր բավարարում, որովհետև նրանց ոչ այնքան իրենց տեսակետն էր հետաքրքրում, որքան ամեն գնով խոչընդոտելու, «սխալ հանելու» մոլուցքը: Հետագայում դրանց մեծ մասը իր գործում ձախողեց, թեպետ աշխատում էին անհամեմատ հանգիստ միջավայրում:
Աշխատանքի ժամանակ ընդմիջում արել եմ մենակ: Դա արել եմ իմ ընկերների ախորժակը չըփչացնելու համար, քանի որ անչափ քչակեր եմ, բացի այդ՝ չեմ ընդունում մսեղենն ու սպիրտային խմիչքը (թերևս բացառություն է չոր գինին): Իմ այս կենսակերպը միայն առողջական նկատառումով չէ թելադըրված: Երբեմն խնդրում էի նախարարության ճաշարանից մեկ-երկու աղցան բարձրացնել, ինչը լիարժեք ու ճոխ էր ինձ համար: Տոն օրերին աշխատում էի ընտանիքներով ժամանակ անցկացնել միայն մի քանիսի հետ, որոնց մեջ ոչ բոլորն էին նախարարներ:
Իրենց «քրեական աշխարհի ներկայացուցիչ» համարող անձանց հետ շփվել եմ միմիայն միջշրջանային դատախազ և գլխավոր դատախազի տեղակալ աշխատած տարիներին: Ընդ որում դա համարել եմ միանգամայն անհրաժեշտ ու օրինաչափ: Հնարավոր չէ լինել գրասենյակային պատկերացումներից ձերբազատված, պիտանի ու արհեստավարժ դատախազ՝ առանց կենցաղային հարթության վրա այդ մարդկանց ճանաչելու, նրանց էությունը հասկանալու: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ շփումները չպետք է հանգեցնել ընկերական, քավոր-սանիկական, ընդհանրապես ինչ-որ բան պարտավորեցնող հարաբերությունների: Որևէ մեկը չի կարող անգամ ակնարկել, թե կարողացել է ինձ հետ այդ շփումների արդյունքում իր նպատակին հասնել ու այդ հարաբերությունները չարաշահել: Նախարար եղած ժամանակ սկզբունքորեն դեմ էի այդպիսի շփումներին, քանի որ դա կարող էր ակամա սխալ անդրադառնալ քրեակատարողական համակարգում տիրող բարքերի վրա:
Երբ նախարար էի, այնպիսի որոշումներ էի կայացնում, որոնց արդարության առումով հանգիստ եմ, որովհետև ամեն գնով փորձել եմ շտկել սխալները և չեմ վախեցել սխալներն ընդունելուց, աշխատանքից անհիմն ազատ արձակված սակավաթիվ մարդկանց վերականգնելուց: Դեմ եմ եղել կադրային ջարդին, իմ նախաձեռնությամբ որևէ մեկը պաշտոնից չի ազատվել: Ընդհանրապես իմ նշանակումից հետո միայն եզակի մարդիկ ազատվեցին՝ իրենց դիմումի համաձայն: Պարզապես հստակ սահմանել եմ պահանջները և աջակցել, որ դրանք իրականացվեն: Ինձ համար անընդունելի է «սեփական թիմ» հասկացությունը:
Երբ նախարար էի, իմ գիտական աստիճանն ինձ խանգարեց, որովհետև իրենց «զուտ պրակտիկ» համարողները, որպես կանոն, յուրատեսակ խանդով են վերաբերվում գիտության դոկտորներին: Սակայն տեսական, ակադեմիական գիտելիքներս անչափ պիտանի եղան: Հիմա էլ համոզված եմ, որ պետական համակարգի վերին օղակներում պետք է ներգըրավված լինեն միայն գիտականորեն մտածող, լայն մտահորիզոն ունեցող կադրերը, իսկ «պրակտիկները» պիտանի են առաջադրված, ձևավորված պահանջները անշեղ կատարելու տեսանկյունից:
Ծառայողական մեքենա ունեցել եմ: Այն հատկացվել է ընդհանուր հիմունքներով: Չեմ հանդուրժել անթույլատրելի ավելորդություններ, թիկնապահներ: Իմ ընտանքի համար եղել է անձնական օգտագործման ավտոմեքենա, որն այժմ էլ կա: Իհարկե, ինձ թիկնապահ չէր էլ նախատեսված, սակայն ցավն այն է, որ պրակտիկա է դարձել ապօրինի թիկանապահներ պահելը: Անընդունելի է անվտանգ ու ապահով հասարակական կարգի գոյության մասին խոսելը՝ շրջապատված լինելով բազում թիկնապահներով: Ծառայողական ավտոմեքենաների առնչությամբ ակնկալում եմ, որ դրանք վերջապես կկցվեն ոչ թե պաշտոնյաներին, այլ հիմնարկներին, որոնցից կկարողանան, ըստ անհրաժեշտության, օգտվել բոլոր ծառայողները:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


(1996-98 թթ. Արտաքին գործերի նախարար)


Երբ նշանակվեցի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, առաջին օրն այնքան էլ չէր տարբերվում մնացած օրերից: Իմ՝ արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածն էլ պետք է հաշվի առնել: Ես նշանակվեցի արտգործնախարարի պաշտոնում, երբ ամբողջովին վերափոխվում էր արտգործնախարարության շենքը: Մեծ շինարարություն էր: Աշխատել եմ ժամանակավոր աշխատասենյակում ամբողջ մեկուկես տարիների ընթացքում: Եղել եմ 6-րդ հարկում: Շենքը խորհրդային կառույց էր, և տարածքը ռացիոնալ էր օգտագործվում: Նոր հարկաբաժիններ սարքեցինք:
Ես բիզնեսներ չունեմ, դժվար էլ ունենամ: Ես իմ ամբողջ կյանքում ապրել եմ աշխատավարձով: Ի՞նչ է նշանակում՝ նախարարը իր գրպանից պետական գործ անի: Այսինքն՝ էդ նախարարն էդ գումարը գողացել է. որտեղի՞ց դա իրեն:Ուրեմն բիզնես ունի:
Արտգործնախարարությունն իր սպեցիֆիկան ունի. մեծ թիմ է, ես դեսպան եմ եղել: Այսինքն՝ մշտապես աշխատել եմ արտգործնախարարության հետ: Բոլորին ճանաչել եմ, բոլորն էլ ինձ են ճանաչել: Կարելի է ասել՝ աշխատանքային յուրաքանչյուր օրն էլ դիտողություններով է անցել. առաջին օրն էլ, վերջին օրն էլ աշխատակիցներին դիտողություններ արել եմ: Դա աշխատանքային պրոցես է: Չի կարող լինել կոլեկտիվ, որտեղ դիտողություններ, նկատողություններ չլինեն:
Ես իմ ընկերների հետ ընկերություն եմ արել մինչև նախարար լինելը, նախարար եղած ժամանակ էլ: Բանտարկված լինելու ժամանակ էլ: Ընկերական հարաբերությունները չեն փոխվել այս կամ այն պաշտոնի պատճառով:

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


(2010-16 թթ. Գյուղատնտեսության նախարար)


Իմ նշանակումից ի վեր նախարարությունը միշտ էլ խնայողությամբ է աշխատել: Իմ բնույթով խնայող եմ և դա կիրառել եմ նաև նախարարությունում: Ես առաջին օրից միայն էկոնոմ կլասով եմ գնացել գործուղումների, մեկ հոգի է ուղեկցել ինձ: Երբ եկա նախարարություն, ջղայնանում էի, որ ցերեկը լույսերը վառվում էին: 2011 թվականից, երբ ես սկսել եմ աշխատել, մեզ մոտ էդ ծախսերը կտրուկ նվազել են, գնումների առումով խնայողություններ ենք ունեցել, շատ լուրջ խնայողություններ: Տարիների ընթացքում մենք հասանք այնպիսի մակարդակի, որ պետգնումների հարցում ընդհանրապես իջեցնելու տեղ չունենք: Կոռուպցիան մեզ մոտ նվազագույնի է հասցվել: Գործուղումները մեր նախարարությունում շատ սահմանափակ են: Նորոգման ծախսեր արել եմ իմ հաշվին. առաջին տարին, որ եկել եմ, զուգարանները, ամբողջ միջանցքը, նկարները նորոգել եմ իմ աշխատավարձով: Երբ նոր էի եկել, ընդամենը մեկ շաբաթ հետո. ես նախարարի աշխատավարձ դեռ չէի ստացել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ


(2014-15 թթ. Արդարադատության նախարար)


Երբ արդարադատության նախարար էի, իմ մասնագիտական գործունեության համար սպառնալիքներ գրեթե չեմ ստացել: Սակայն դատական համակարգում 10 տարի աշխատելուս ընթացքում հազարավոր սպառնալիքներ եմ ստացել. Իմ դեմ բողոքներ ներկայացնելուց մինչև սպանության սպառնալիք ...
Նախարարի պաշտոնում չափազանց մեծ էր ինտրիգների դոզան, շատ էին այսպես կոչված «մուտիլովկաները»: Ինձ համար բացահայտում էր, որ Հայաստանում ունենք այս «արվեստի բազում վիրտուոզներ»:
Երբ ես նախարար էի, ընդմիջում անելու հնարավորություն չէի էլ ունենում հաճախ: Իսկ երբ լինում էր, փորձում էի դա համատեղել գործնական հանդիպումների հետ. ինչպես ասում են, մեկ գնդակով՝ երկու նապաստակ … Նախարար եղած տարիներին ծառայողական մեքենա, իհարկե, ունեցել եմ, ինչպես կաբինետի բոլոր անդամները: Սակայն իմ անձնական մեքենան հավասարապես օգտագործել եմ ծառայողական նպատակով:
Երբ իմ մեքենայով մեկնում էի մարզեր (ամենագնաց էր, և մեր ճանապարհներին դժվար թե ծառայողականը դիմանար), երբեմն երեխաները ծառայողականով էին գնում դասի: Անկեղծորեն խոստովանում եմ և պատրաստ եմ պատասխանատվություն կրել դրա համար: Հակառակ պարագայում բենզինի և ծառայողական մեքենայի սպասարկման ծախսերը մարզային այցերից հետո պետության համար ավելի շատ կլինեին: Դատական համակարգում գործունեությանս ընթացքում մի քանի կարևորագույն նվաճում կարող եմ արձանագրել: Օրինակ՝ Մատաղիսի՝ հանրային մեծ հնչեղություն ունեցած գործով արդարադատության հաղթանակը: