[exclusive] Միրկո Վանյոլին ՉԼ-ի ընթացքի, պաշտոնանկությունների և կանանց մասին

March 8, 2017

38-ամյա Վանյոլին մասնագիտական կենսագրության առանցքային էջերը գրել է Իտալիայի ամենահին ակումբներից մեկում՝ «Պերուջայում», որին նվիրել է 10 տարի, 7-ը՝ որպես մանկապատանեկան ֆուտբոլի գլխավոր պատասխանատու, 3-ը՝ որպես մարզիչ: 2014-ին «Պերուջան» հաղթել է սերիա C-ում, նաև ուժեղագույնների խումբ վերադառնալու լուրջ հայտ է ներկայացրել: Գլխավոր թիմի հաղթանակներին մասնակցել են նաև սեփական կադրերը: Վերջին 2 տարիներին Միրկո Վանյոլին «Ռոմայի» պաշտոնական սկաուտն է Իտալիայիում և Եվրոպայում:

- Բարսելոնան անլուծելի թվացող գերխնդիր ունի: Առանց սուպերեռյակի պաշտպանական հսկայածավալ գործողությունների՝ Բարսելոնան կարող է կրկին պատժվել: Մյուս կողմից, Էնրիկեի հեռանալու մասին լուրը լսելուց հետո կատալոնցի ֆուտբոլիստները գերմոտիվացված են: Սելտային խփեցին այնքան, որքան պետք է խփեն ՊՍԺ-ին: Հայտնի խոսք կա. երբ դժվար է ուսման մեջ, ճակատամարտը հեշտ է տրվում:  
Մեկ նկատառում. հանդիպելու են «Ոսկե խաղակոշիկի» (եվրոպական մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակ) գլխավոր հավակնորդները՝ Կավանին ու Մեսին:
- Պարի Սեն Ժերմենի-ի սենսացիոն ելույթը կամփոփվի Չեմպիոնների լիգայի տարեգրքում: Այն վերացարկեց պատասխան խաղի արդյունքը: Ֆուտբոլիստները խաղացին սրտով և Էմերիի տակտիկական բոլոր մտահղացումներով: Հատկապես հաջողված էր 2-րդ խաղակեսը: Փարիզցիները չեզոքացրին Ինիեստային ու Գոմեշին՝ կանխելով Մեսիի միացումներն ու Սուրաեսի հարվածները: Բարսելոնան էլ էր ընտրել նույն 4-3-3-ը, բայց ՊՍԺ-ի կիրառման ձևն այլ մոլորակից էր, խաղադաշտում ամենուր տանտերերն էին: Նրանք բոլորը հարձակվում ու պաշտպանվում էին: Դի Մարիան և Դրաքսլերն իրենց եզրերում մամլիչ խաղ էին ձեռնարկում, հետո միանում Մատյուիդիին ու Ռաբիոյին և կրկնակի ճնշման ենթարկում մրցակցին: Ռաբիոն երբեք չսխալվեց, խլեց տպավորիչ թվով գնդակներ: Վերատին զարմանահրաշ մարզավիճակում էր, միշտ պատրաստ հակագրոհներին: ՊՍԺ-ի տեղաբաշխման խորությունը կազմում էր 20 մետր. համապարփակ էր, գերադրական մակարդակ ունեին պաշտպանական շերտերը, որ միանգամայն անվտանգ դարձրին Մեսիին, Սուարեսին և Նեյմարին: Կենտրոնական հարձակվող Կավանին փոխօգնության համար հասնում էր մինչև պաշտպանական ամենահետին գիծը: Էմերիի հանձնարարությամբ ՊՍԺ-ն խաղաց ու հաղթեց այնպես, ինչպես սովորաբար դա անում է Բարսելոնան ամենաբարձր պրեսինգ ամբողջ խաղադաշտով մեկ՝ կոտրելու մրցակցի հարձակողական ներուժը և կանխելու նրա նախընթաց փոխանցումները: 4-3-3-ը գնդակը վերադարձնելու համար դառնում էր 4-5-1, հակահարձակման անցնելու դեպքում՝ 2-5-3, և այս փոխակերպումները՝ տպավորիչ արագությամբ: Գոմեշի, Բուսկետսի, Ինիեստայի աղքատիկ խաղը կիսապաշտպանությունում «ամբողջացրին» Բարսելոնայի պարտությունը. սխալ փոխանցումներ, հետին և միջին գծերի անհամաչափ տարածություն… 3 հարձակվողներն անօգնական էին, կորչում էին փարիզյան հստակ պաշտպանությունում: Անիմաստ է կոնկրետ մեղավոր փնտրել. ՊՍԺ-ն Բարսելոնային ջախջախեց ակնհայտ գերազանցությամբ՝ կանխելով նրա յուրաքանչյուր գործողություն: Էնրիկեն զարմացել էր մրցակցի հանդուգն խաղից, չհասցրեց նույնիսկ արձագանքել ու միջամտել, չհասկացավ՝ ինչպես կասեցնել անկումը: Պատասխան խաղում Բարսելոնային հեշտ չի լինի նաև այն պատճառով, որ 4 գոլի առավելությամբ ՊՍԺ-ն շատ լավ կնախապատրաստվի: Իսպանիայի չեմպիոնն իր լավագույն ժամանակը չի ապրում ոչ միայն ֆիզիկապես ու տակտիկապես. թիմն ու մարզիչը միասնաբար չեն մտածում: Համակարգային փոփոխություն չեն կատարի միայն այս խաղի համար: Դժվար թե շտկեն իրավիճակը:
- Ձեր դրոշակակիր Յուվենտուսը փորձում է ձեռնոց նետել Եվրոպայի ուժեղագույններին: Թիմում պարադոքս կա. ֆուտբոլիստները մերթընդմերթ խնդիրներ են ունենում գլխավոր մարզչի հետ, բայց Ալեգրին կարողանում է հենց նրանց միջոցով լավագույնս իրականացնել իր ծրագրերը:  Բարձալյիի տևական բացակայության հետևանքով ստիպված եղավ փոխելու խաղային համակարգը՝ 3-5-2-ից անցնելով 4-2-3-1-ի: Այն ևս արդարացնում է. բրազիլացի եզրայիններն ու հնաբնակ Լիխշտայները խաղում են մեծ խանդավառությամբ:
- Յուվենտուսը մեծագույն ակումբ է, լավ թիմ և ուժեղ մարզիչ ունի: Բայց չի կարող իր բյուջեով համեմատվել Ռեալի և Բավարիայի պես ակումբերի հետ, որոնք խոշորագույն ներդրումներ են կատարում՝ առանց զիջելու իրենց կարևոր խաղացողներին: Այս առումով Յուվենտուսը մեկ քայլ հետ է նաև այն պատճառով, որ պետք է մանրակրկիտ հաշվարկի և անընդհատ վերահսկի սեփական տնտեսական միջոցները: Սակայն համաեվրոպական մտածելակերպով է առաջնորդվում, որը կարճ ժամկետում կբերի նոր հաջողությունների:
- Միմյանց միջև պայքարը չեն ավարտել Մանչեսթեր Սիթին և Մոնակոն: Ֆալկաոյի 11 մ-ից հետո դարպասապահ Կաբալերոն փրկեց դրությունը: Փոխարենը Մոնակոյին արջի ծառայություն մատուցեց և ոչ պարտադիր գոլ ընդունեց Կաբալերոյի գործընկեր Սուբաշիչը: Այդպիսով խաղի ընթացքը փոխվեց, հոգեբանությունը որոշիչ եղավ:



[exclusive] Իտալացի մարզիչ Ջանլուկա Ֆեստայի հարցազրույցը Չեմպիոնների Լիգայի (ի՞նչ կլինի) և Հենրիխի (ինչպիսի՞նն է) մասին





- Գեղեցկագույն մրցավեճ էր: 2 ուժեղ թիմ միմյանց բաց ֆուտբոլ առաջադրեցին ու խաղը վերածեցին ներկայացման, լավագույններից մեկը վերջին տարիներին: Պատասխան խաղում էլ սուպեր ընթացք եմ ակնկալում: Մանչեսթերը կսպասի Մոնակոյին, բայց չի պասիվանա: Մոնակոն պարտավոր է խփել, ինչն իր խաղաոճով շատ հաջող է ստացվում: Բաց ու ակնահաճո ֆուտբոլ է լինելու մինչև 95-րդ րոպեն:
- Արսենալը դարձյալ ահեղների ճիրանն ընկավ ու ոչինչ անել չկարողացավ: Պատմությունը կրկնվում է և հանգիստ չի տալիս Արսեն Վենգերին:
- Արսենալի կազմում խաղացել և խաղում են մեծ ֆուտբոլիստներ: Թիմը գլխավորում է այնպիսի բարձրակարգ մասնագետ, ինչպիսին Վենգերն է: Պրեմիեր-լիգայում միշտ էլ լավ են խաղացել, բայց եվրոպական ամենաբարձր հարթակին ոչինչ չեն հաղթել: Օզիլի և մյուսների պես անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունեն, մարտավարությունը վատ չեն կազմակեպում: Չեմ կարծում, թե խնդիրը միայն ֆիզիկական պատրաստականությանն է վերաբերում: Բավարիայի և Ռեալի առաջադրած չոր խաղերում լիովին դրսևորվելու ճանապարհին համաեվրոպական մտածելակերպն է կաղում: Ըստ իս, Արսենալի կազմում բացակայում են այն անհատները, որոնք իրենց խաղով ու խարիզմատիկ բնավորությամբ թիմակիցներին տանում են իրենց հետևից: Ծանր հանդիպումներում Արսենալը խաղում է ընդհատումներով և չի իրացնում սեփական խաղաոճը:
- Նշեք ֆավորիտներին:
- Տիտղոսին հավասարապես հավակնում են Ռեալն ու Բավարիան: Գերֆավորիտ չկա: 2-րդ էշելոնից գալիս են Յուվենտուսն ու ՊՍԺ-ն:
 - Նոր թիմ ընդունելիս մարզիչներն առաջնահերթ խնդիր ունեն. հարմարվել ֆուտբոլիստների հնարավորություններին կամ նրանց հարմարեցնել սեփական հայեցակարգին: Ե՞րբ և ո՞ր գործոններով եք կողմնորոշվում:
- Սիրում եմ երիտասարդ ֆուտբոլիստների, տևականորեն աշխատել եմ մանկապատանեկան ֆուտբոլում: Մարզչի ընտրած խաղային հայեցակարգով պետք է առավելագույնս իրացվի ֆուտբոլիստների ներուժը: Պետք է իրենց ազատ զգան: Սա պարտադիր է սեփական հնարավորությունները զարգացնելու և թիմային արդյունքի հասնելու համար: Մեծահասակների թիմերում այլ մոտեցում է. մրցաշրջանի նախապատրաստական փուլում կարող են ընտրել մարզչի և նրա տեսլականին համապատասխանող ֆուտբոլիստների:
- Ֆուտբոլի հայրենիքում գործերը շատ խառն են: Անգլիայի առաջնությունն ամենամեծ լսարանն ունի: Շատերին են հետաքրքրում իրավիճակի մասնագիտական մեկնաբանությունները:
- Պրեմիեր-լիգան հրաշալի ա, ֆուտբոլասերների համար լավագույնը: Այնտեղ են հավաքվում ամենաուժեղ ֆուտբոլիստներն ու մարզիչները. տնտեսական տեսանկյունից ամենաշահավետն է: Թեկուզև գրեթե բոլոր մարզիչները արտերկրից են,  Պրեմիերը միշտ պահպանել է իր յուրահատուկ բնութագիրը՝ 1-ը 1-ի դեմ պաշտպանություն, բարձր տեմպ՝ ցանկացած գնով, տարածական և երկրաչափական ֆուտբոլ: Բայց չէի ասի, թե մարտավարական չափանիշով շատ լավ են պատրաստված: Եվրոպայի մյուս ուժեղագույնները մրցակցին ավելի մոտ են խաղում, տակտիկապես շատ են զարգացել և անընդհատ բարդություններ են առաջացնում անգլիական անպատրաստ դեսանտի համար: Երբ փոխվի <<անգլիական>> այս մտածելակերպը, նրանք կդառնան Եվրոպայի գլխավոր դերակատարները, բայց մինչև այդ բազմաթիվ դժվարությունների կբախվեն:
- Վերջին 2 խաղում Լեսթերը հաղթել է առանց Ռանիերիի: Բայց առանձին վերցրած, նրա պաշտոնանկությունը նոն սե՞նս էր Ձեզ համար:
- Ռանիերին ուժեղ մարզիչ է և հիանալի մարդ: Նախորդ մրցաշրջանում մարզական և սոցիալական հրաշք գործեց: Այս տարի խնդիրներ ունեցավ հնաբնակների հետ, և ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, մարզչի հետ բախման գնացողներին հեռացնելու փոխարեն ղեկավարները աշխատանքից ազատեցին գլխավոր մարզչին: Հարկավոր էր որոշում կայացնել ֆուտբոլիստների՛ մասով: Դրսից ստացած տպավորությունները կարող են խոչընդոտել ակումբի ներքին գործընթացին, դրանք չեն նպաստում օբյեկտիվ բացահայտումներին:
- Այսօրվա Պրեմիեր-լիգային տոն տվողներից է Հենրիկ Մխիթարյանը, միայն թե վնասվածները խանգարում են:

- Մխիթարյանն արտակարգ է. գերնուրբ տեխնիկան միավորում է կատարողական բարձրագույն արագությանը և յուրահատուկ բանականությանը: Ֆիզիկական տեսանկյունից սովորական դիսպետչեր չէ, բայց մեծ արագություն և արագաշարժություն ունի: Թիմային է, գոլային փոխանցումներ է մատակարարում, ինքն էլ տիրապետում է եզրափակիչ հարվածի: Երիտասարդ է, կարող է նոր առաջընթաց գրանցել և դառնալ մոլորակի ամենաուժեղներից մեկը: Եթե Մոուրինյոն խնդրել է նրա համար վճարել 42 մլն եվրո, կներդնի իր բոլոր գիտելիքները Մխիթարյանին մեծ չեմպիոն դարձնելու ճանապարհին: Ենթադրում եմ՝ Մխիթարյանը շատ լավ է խաղում շախմատ: Կարող է հարմարվել բոլոր մոդելներին. 3 հարձակվողի սխեմայում կարող է խաղալ որպես եզրային հարձակվող, 3 կիսապաշտպանի սխեմայում՝ որպես կենտրոնական: Բայց իր առավելագույն ավանդը կարող է ներդնել դիսպետչերի դերում: Այս դիրքը վերջին տարիներին մոռացության է մատնվել: Թիմի «սիրտը» կազմելով և մրցակցի տուգանայինի մատույցներում գործելով՝ անչափ վտանգավոր է: Արդեն առաջին պլան կմղվի անհատականությունը, իսկ ֆիզիկական, տեխնիկա-տակտիկական բոլորն հատկանիշներն ունի:
-Շատ կանանց կարծիքով՝ ամենահետաքրքիր ֆուտբոլը՝ Բարսելոնա-ՊՍԺ խաղը, միտումնավոր կերպով նշանակվել է մարտի 8-ին… Եկե՛ք՝ շնորհավորենք:
- Կանայք արտասովոր են, հասցնում են ամեն ինչ… լինել լավ կին, լավ մայր, լավ աշխատակցուհի, տան թագուհի: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր ուժեղ տղամարդու կողքին ուժեղ կին է եղել: Մարտի 8-ը միայն առիթ է, պարտավոր ենք մշտապես հիշել նրանց կարևորության մասին: Ամեն օր խոսում են տղամարդկանց մասին, հուսով եմ՝ վաղ թե ուշ վերջ կտրվի այս խտրականությանը:
Ջերմագին շնորհավորանքս՝ հայ, իտալացի և բոլոր կանանց: