JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[exclusive] Իտալացի մարզիչ Ջանլուկա Ֆեստայի հարցազ

[exclusive] Իտալացի մարզիչ Ջանլուկա Ֆեստայի հարցազրույցը Չեմպիոնների Լիգայի (ի՞նչ կլինի) և Հենրիխի (ինչպիսի՞նն է) մասին

- Նապոլի – Ռեալ. թվում է՝ «Նապոլին» խաղում է զգացմունքներով, որոնք օգնում են միջակների դեմ, բայց խանգարում՝ ուժեղների դեմ պայքարում: «Ռեալի» հետ առաջին խաղում «Նապոլին» կազմակերպված տեսք չուներ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում: «Ռեալը» հաղթեց կարգի հաշվին: Գնահատեք, խնդրեմ, հնարավորությունները և ներկայացրեք կողմերի խաղաքարտերը:
- Մադրիդում «Նապոլին» այն թիմը չէր, որին սովոր ենք տեսնել առաջնությունում՝ կազմակերպված, արագ, անկանխատեսելի: Գուցե, այս մրցաշարում փորձի պակասն ու չհաստատված անհատականությունը կարևոր դերակատարում ունեցան: Տիպիկ Սարիի ոճով և Ինսինյեի գոլով ուղեկցված լավ սկզբից հետո, Մադրիդը ստիպեց իր հյուրերին սեղմվել պաշտպանական դիրքերում: Բայց հարկ եղած դեպքերում էլ, ֆուտբոլիստների տեխնիկական խնդիրների պատճառով՝ «Նապոլին» չկարողացավ պաշտպանությունից արագորեն անցնել հակահարձակման: Սա էլ ձևավորեց նրանց խաղի հիմնական գնահատականը: Զիդանն իր սաներին շատ լավ էր նախապատրաստել, թիմը խաղում էր խաղադաշտի ամբողջ լայնությամբ: Գրոհների ուղղությունն ակնթարթորեն փոխում էին և նպաստում եզրային պաշտպանների առաջխաղացմանը. Մարսելոն համարյա թե փոխակերպվել էր լրացուցիչ հարձակվողի: Նեապոլցիներն ուշանում էին պաշտպանությունից դուրս գալիս, ուստի մրցակցին դիմավորելու համար անհրաժեշտ փոխապահովում չկար: «Սան Պաոլոյում» բոլորովին այլ խաղ կլինի: «Նապոլիի» ջերմեռանդ աջակցությունն ապահովված է, բայց հարկավոր է շտկել մադրիդյան սխալները: Սարին ու նրա թիմն ունեն հաղթանակի նժարը թեքելու բոլոր հնարավորությունները: «Նապոլին» պետք է իրացնի իր հարձակվողների ներուժը, որոնք, իրենց հերթին, պարտավորեն անընդհատ առաջարկել սեփական ծառայությունները՝ ներթափանցելով «Ռեալի» եզրային պաշտպանների թողած ազատ գոտիները:
- «Բարսելոնա»-ՊՍԺ դիմակայության սցենարը բոլորն են քննարկում, գերակշիռ մասը չի հավատում հեքիաթին, մինչդեռ «Բարսայի» համակիրները վստահ են՝ պատմական խաղային վերադարձ է սպասվում: Պրոֆեսիոնալ տեսանկյունից ո՞ր հանգամանքներում Մեսին ու ընկերները կկարողանան վերադարձնել ինտրիգը: Էմերիի գլխավորած թիմը մեքենայի տպավորություն թողեց, բարձր ճնշում էր գործադրում՝ առանց թիկունքում ազատ գոտիներ թողնելու: Մրցաշրջանի այս ծանրագույն փուլում «Բարսելոնայի» հարձակվողներն ու կիսապաշտպանները կարո՞ղ են արդյոք լրացուցիչ տեմպ հաղորդել և մանր ու միջին փոխանցումներով ազատ գոտիներ ստեղծել, թե՞ պետք է որոշակիորեն փոխեն խաղային ծրագիրը հատուկ այս մրցակցի դեմ:
- Թիմերը խաղացին հայելային համակարգերով, բայց միանգամայն տարբեր կիրառմամբ: Պաշտպանությանն ու հարձակմանը մասնակցում էին ՊՍԺ-ի բոլոր խաղացողները: Դի Մարիայի և Դրաքսլերի գործադրած ճնշումը մեծ էր, փակում էին մրցակցի փոխանցումների ճանապարհը և լավագույնս փոխապահովում միմյանց: Մրցակցին շատ մոտ խաղալով՝ զրկեցին «Բարսելոնային» ազատ գործելու հնարավորությունից: Պաշտպանությունում գնդակը խլելու ժամանակ Փարիզի 4-3-3-ը վերածվում էր 4-5-1-ի, հակագրոհելու համար  անմիջապես փոխակերպվում էր 2-5-3-ի: Ըստ իս, պատասխան խաղում «Բարսելոնան» պարտավոր է լինել ավելի պրոդուկտիվ՝ խաղալով ավելի ուղղահայաց, առանց շատ փոխանցումների: Պետք է օգտվի 1-ը 1-ի դեմ իրավիճակներում իր խաղացողների ունեցած առավելություններից, այդպիսով մրցակցին թույլ չտալով արագորեն վերադասավորվել պաշտպանությունում: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե Փարիզը կկորցնի հաջորդ փուլում հայտնվելու հնարավորությունը:

- «Յուվենտուսը» խաղային լավ հավասարակշռության է հասել: Ապագան խոստումնալից է: «Յուվեն» կարո՞ղ է արդեն հիմա դասվել «Ռեալի», «Բավարիայի», ՊՍԺ-ի շարքին:
- «Յուվենտուսի»՝ այս տարվա մարտավարական էվոլյուցիան շատ ուշագրավ է: Ալեգրին կարողացավ պահպանել հավասարակշռությունը այն դեպքում, երբ փոխվեցին թե՛ խաղացողները, թե՛ խաղային համակարգը: Ալեգրին գտել է այն եղանակը,  որով կարող է խաղալու հնարավորություն տալ կազմի ուժեղագույններին: 4-2-3-1 համակարգում բիանկոներին գերազանց է տեղաբաշխվում. հենակետում՝ Խեդիրան ու Պյանիչը, եզրերում՝ Մանջուկիչն ու Կուադրադոն: «Յուվենտուսը» կարող է համալրել Եվրոպայի լավագույնների պատվանդանը:
- «Մոնակո» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության ելքը չի վճռվել: Ֆալկաոն տառապում է աճուկային վնասվածքից: Ինչպիսի՞ հանդիպման սպասենք մարտի 15-ին:
- Առաջինի նման խաղի եմ սպասում: Գվարդիոլան երբեք չի հրաժարվի իր փիլիսոփայությունից: «Մոնակոյի» դեմ ընտրեց 4-1-4-1-ը, Ֆերնանդինյոյին գործուղեց ձախ պաշտպանի դիրք, Տուրեին՝ կենտրոն: Գվարդիոլայի գլխավորած թիմերը նախընտրում են գնդակը ներքևում պահել՝ հնարավորինս զերծ մնալով երկար, ուղղահայաց փոխանցումներից: Գնդակը պարբերաբար փոխադրում են մի եզրից մյուսը: Բայց մեծ ռիսկի են դիմում, երբ այնպիսի կազմակերպված թիմի հետ են խաղում, ինչպիսին «Մոնակոն» է: Ժարդիմի սաները պրեսինգը սկսում են ամենաբարձր կետում, որտեղ գնդակը խլելուն պես կարող են անմիջապես գրավել դարպասը:

- «Արսենալն» ամենահակասական ֆենոմեններից է արդի ֆուտբոլում: Երբ զինագործների նկատմամբ ճնշումը շատ մեծ չէ, գլուխ հանում են: Գուցե, խնդիրը դիմացկունությանն ու արագաուժային տվյալների՞ն է վերաբերում:
- «Արսենալին» պետք է արժանին մատուցել այն բանի համար, որ բազմիցս ապավինել է երիտասարդներին: Նրանք ֆիզիկական թարմություն և էնտուզիազմ են բերում: Բայց Չեմպիոնների լիգայում փորձը շատ կարևոր է: Պետք է կարողանալ գնդակին տիրապետել նաև դժվար իրավիճակներում: Փորձը խաղացողներին տալիս է խաղը կարդալու հնարավորություն: «Արսենալը» պետք է շարունակի իր քաղաքականությունը, ինչու ոչ՝ ներգրավելով նաև մի քանի բազմափորձ ֆուտբոլիստի, որոնք կնպաստեն երիտասարդների աճին:  
- Չեմպիոնների լիգայում Ձեր ֆավորիտները.
- ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Յուվենտուսը»: Չնայած փարիզցիների ելույթն ինչ-որ տեղ անակնկալ էր:
- Նոր թիմ ընդունելիս մարզիչներն առաջնահերթ խնդիր ունեն. հարմարվել ֆուտբոլիստների հնարավորություններին կամ նրանց հարմարեցնել սեփական հայեցակարգին: Ե՞րբ և ո՞ր գործոններով եք կողմնորոշվում:
- Կախված է այն ժամանակահատվածից, որում ընդունում եմ թիմին: Եթե իրավանախորդիս փոխարինում եմ մրցակցային փուլում, հարմարվում եմ ինքս, քանի որ եղած ֆուտբոլիստներն ընտրվել են նախքան իմ գալն առաջադրված պահանջների համաձայն: Եթե նախապատրաստական փուլից սկսելու հնարավորություն ունեմ, կատարում եմ սեփական փնտրտուքներս և ընտրությունս: Ամեն դեպքում, թիմերիս մարզում եմ այնպես, որ պատրաստ լինեն խաղալու տարբեր մոդելներով: Դա վերաբերում է խաղային սկզբունքներին, պաշտպանական մեխանիզմին, հարձակողական հավակնություններին:

- Իբրև «Ինտերի» ու «Միդլսբրոյի» նախկին ֆուտբոլիստ՝ զարգացման ինչպիսի՞ միտումներ եք տեսնում այսօրվա Իտալիայում և Անգլիայում: Պրեմիեր-լիգայի թիմերն իրար հետ խաղում են բարձր ինտենսիվությամբ և արագությամբ, բայց Եվրոպայում նույն դինամիկայով խաղալ հիմնականում չի հաջողվում. Ձեր պարզաբանումը.
- Անգլիական ֆուտբոլը հիմնականում բնութագրում են ռիթմն ու արագությունը: Գերակումբները կարողացել են հրավիրել միջազգային հարուստ փորձ ունեցող մարզիչների և մեծապես զարգանալ նաև մարտավարական առումով: Շուտով անգլիական մի քանի ակումբի կտեսնենք Եվրոպայի բարձունքում: Իտալիայի առաջնությունը դեռևս վարընթաց է շարժվում, եթե հատկապես հաշվի առնենք ֆուտբոլիստների տեխնիկական հնարավորությունները: Պետք է բարձրացնել մանկապատանեկան ֆուտբոլում տարվող աշխատանքի որակը և չսահմանափակվել միայն տակտիկական հմտությունները խրասուսելով: Նաև անհրաժեշտ է համարձակություն դրսևորել և ավելի մեծ տեղ տալ երիտասարդներին, ինչպես Եվրոպայի մյուս երկրներում է ընդունված:  
- Ինչպե՞ս արձագանքեցիք Ռանիերիի պաշտոնանկությանը:
- Մեծ ակնածանքով եմ վերաբերվում Կլաուդիո Ռանիերիին: Նա ինձ մարզել է «Կալյարիում» այն ժամանակ, երբ «C» սերիայից մագլցեցինք մինչև սերիա «A»: «Լեսթերից» դուրս գալուց հետո հեռախոսազրույցում հայտնեցի ափսոսանքս: Ակումբը դժվար որոշում կայացրեց, որին համաձայնել չեմ կարող: Պատմական հաղթանակից հետո ֆուտբոլիստները բավարարվեցին, մնացին առանց շարժառիթի: Աշխատունակության վրա ազդեց նաև այն հանգամանքը, որ «Լեսթերի» և ֆուտբոլիստների միջև կնքված պայմանաքրերը երկարաժամկետ էին: Իհարկե, չէինք ակնկալում, թե «Լեսթերը» կպաշտպաներ տիտղոսը, բայց Ռանիերին կկարողանար կարգավորել ընթացիկ խնդիրները:
- Հենրիկ Մխիթարյանի խաղի մասին շատերն են խոսել: Ձեր նկարագրությունը ևս հետաքրքիր է:
- Նա այն խաղացողն է, որին իրենց թիմերում կցանկանային տեսնել բոլոր մարզիչները: Ժամանակակից կիսապաշտպան է՝ տեխնիկական հսկայական զինանոցով, ունակ է վճռելու մենապայքարների ելքը, ճիշտ և ժամանակին կատարած տեղաշարժերի շնորհիվ կարողանում է ազատ տարածություն ստեղծել թիմակիցների համար, գրոհները արդյունավետորեն եզրափակելու կարևորագույն ընդունակություն ունի: Հայաստանից սպասում ենք նոր Հենրիկների:

Տարածել