Հարուկի Մուրակամի․ «Շահրիզադե» (16+)

September 1, 2015

Ամեն անգամ՝ սեքսով զբաղվելուց հետո, «Հազար ու մեկ գիշերվա» Շահրիզադե թագուհու նման նա Հաբարային մի տարօրինակ և գրավիչ պատմություն էր պատմում: Թեև Հաբարան, ի տարբերություն թագավորի, հաջորդ առավոտ նրա գլուխը կտրելու մտադրություն չուներ: (Ինչևէ, Հաբարան երբեք նրա մոտ չէր մնում մինչև առավոտ): Նա պատմում էր այդ պատմությունները, որովհետև պարզապես ուզում էր պատմել, որովհետև Հաբարան կարծում էր, որ սիրով զբաղվելուց հետո եկող անկենդան, ինտիմ պահերին նա հաճույք է ստանում անկողնում կծկված պառկելուց և զրուցելուց: Նաև հավանաբար այն պատճառով, որ ցանկանում էր մխիթարել Հաբարային, որը ստիպված էր ամեն օր տանը մնալ:
Այս պատճառով Հաբարան այս կնոջ անունը Շահրիզադե էր դրել: Նա երբեք նրան այդ անունով չէր դիմում, սակայն իր օրագրում այդպես էր նրան կոչում:
«Այսօր Շահրիզադեն էր եկել»,- գրում էր նա գնդիկավոր գրչով: Այնուհետև նա պարզ, քողարկված ձևով արձանագրում էր այդ օրվա պատմությունը, որը հաստատ կշփոթեցներ յուրաքանչյուրին, ով կարող էր հետագայում կարդալ օրագիրը:
Հաբարան չգիտեր` նրա պատմություններն իրակա՞ն էին, հորինվա՞ծ, թե՞ մասամբ ճիշտ և մասամբ հորինված: Նա չգիտեր: Իրականությունն ու ենթադրությունը, դիտարկումը և պարզ երևակայությունը կարծես միաձուլված էին նրա պատմածներում: Հաբարան դրանք վայելում էր երեխայի նման, առանց շատ կասկածելու: Ի՞նչ նշանակություն կարող էր դա ունենալ նրա համար: Դրանք կարող էին սուտ կամ ճիշտ լինել կամ այս երկուսի գունավոր խառնուրդը. հետո՞ ինչ:
Շահրիզադեն պատմություններ պատմելու շնորհ ուներ: Նա այնպես էր պատմում, որ մարդու սիրտը խփում էր: Անկախ նրանից, թե ինչ պատմություն էր, նա այն դարձնում էր հատուկ: Նրա ձայնը, նրա դադարները, նրա խոսքի տեմպը, ամեն ինչ անթերի էր: Նա գրավում էր իր ունկնդրի ուշադրությունը, գերում նրան, ստիպում խորհել և կշռադատել, ապա ի վերջո տալիս էր հենց այն, ինչ նա փնտրում էր: Հաբարան հիանում էր այդ պատմություններով և գոնե մի պահ կարողանում էր կտրվել իրեն շրջապատող իրականությունից: Նա ազատվում էր տհաճ հիշողություններից ու անհանգստացնող մտքերից, ինչպես գրատախտակն են մաքրում խոնավ շորով: Դրանից ավելի ի՞նչ է հարկավոր: Այս ինքնամոռացումը հենց այն էր, ինչ Հաբարան ամեն ինչից շատ էր ցանկանում:
Շահրիզադեն երեսունհինգ տարեկան էր` Հաբարայից չորս տարով մեծ: Նա տնային տնտեսուհի էր և ուներ տարրական դպրոց հաճախող երկու երեխա (չնայած նա նաև գրանցված էր որպես բուժքույր, և նրան երբեմն կանչում էին աշխատանքի): Նրա ամուսինը տիպիկ շրջապատի մարդ էր: Նրանց տնից մեքենայով մի քսան րոպեում կարելի էր հասնել Հաբարայի տուն: Սա էր ամբողջը (կամ գրեթե ամբողջը), որ նա պատմել էր իր մասին: Հաբարան այդ ամենը ճշտելու հնարավորություն չուներ, սակայն նա նրան կասկածելու պատճառ էլ չուներ: Նա երբեք չէր ասում, թե ինչ է իր անունը: «Կարիք չկա, չէ՞, որ դու դա իմանաս»,- ասել էր Շահրիզադեն: Ոչ էլ նա էր Հաբարային կոչում իր անունով, չնայած գիտեր այն: Նա ճարպկորեն խուսափում էր Հաբարայի անունը տալուց, կարծես այն արտասանելը պատշաճ չէր կամ կարող էր անհաջողություն բերել:
Այս Շահրիզադեն «Հազար ու մեկ գիշերվա» գեղեցիկ թագուհու հետ արտաքնապես որևէ ընդհանրություն չուներ: Նա մոտենում էր միջին տարիքին և արդեն լցվում էր, ուներ կրկնակզակ և աչքերի շուրջը տարածվող գծիկներ: Նրա սանրվածքը, դիմահարդարումը և հագուկապը ոչ թե կոկիկ չէին, այլ պարզապես դժվար թե հաճոյախոսություն պոկեին դիմացինից: Նրա դիմագծերը բոլորովին էլ անհրապույր չէին, բայց նրա դեմքի արտահայտությունը շշմածի տպավորություն էր թողնում և այդ իսկ պատճառով առանձնապես չէր տպավորվում: Այս ամենի հետևանքով նրանք, ովքեր փողոցում անցնում էին նրա կողքով կամ նրա հետ վերելակ էին մտնում, հավանաբար չէին էլ նկատում նրան: Տասը տարի առաջ նա թերևս աշխույժ և գրավիչ կին էր եղել և գուցե նույնիսկ մի քանի սրտեր գերած լիներ: Բայց նրա կյանքի այդ հատվածը մնացել է վարագույրի հետևում, որը դժվար թե երբևէ բացվի:
Շահրիզադեն շաբաթը երկու անգամ գալիս էր՝ Հաբարային տեսնելու: Նրա օրերը հստակ չէին, սակայն նա երբեք հանգստյան օրերին չէր գալիս: Նա, անկասկած, այդ ժամանակն իր ընտանիքի հետ էր անցկացնում: Գալուց մեկ ժամ առաջ միշտ զանգահարում էր: Մոտակա սուպերմարկետից միրգ ու բանջարեղեն էր գնում և բերում իր մեքենայով` փոքր կապույտ «Mazda»-ով, որի հետևի դուռը դեպի վեր էր բացվում: Հին մոդել էր՝ հետևի մասը վնասված, ցեխով ներծծված անիվները սևացած: Տան հարակից տարածքում մեքենան կայանելով` նա տոպրակները տանում էր շքամուտք և սեղմում զանգի կոճակը: Դիտանցքից նայելուց հետո Հաբարան կողպեքը բացում էր, շղթան հանում և ներս թողնում նրան: Խոհանոցում տեսակավորում էր մրգերն ու բանջարեղենը և տեղավորում սառնարանում: Հետո նա հաջորդ այցին գնելու ապրանքների ցուցակ էր գրում: Նա այս ամենը վարպետորեն էր անում` առանց ավելորդ շարժումների և խոսքերի:
Ավարտելուց հետո, կարծես անտեսանելի հոսքի տրված, նրանք լուռ գնում էին ննջարան: Շահրիզադեն արագ հանում էր իր հագուստը և լուռ մտնում Հաբարայի անկողինը: Սիրով զբաղվելիս էլ նա համարյա չէր խոսում, այլ հանձնարարություն կատարելու պես հստակորեն անում էր յուրաքանչյուր գործողությունը: Դաշտանի ժամանակ նա Հաբարային ձեռքով էր բավարարում: Նրա հմտությունը, առավելապես գործնական շարժուձևը Հաբարային հիշեցնում էին, որ նա լիցենզավորված բուժքույր է:
Սեքսից հետո նրանք պառկում էին անկողնում և զրուցում: Ավելի ճիշտ, նա խոսում էր, իսկ Հաբարան` լսում` մերթ ավելացնելով որևէ բառ, մերթ էլ հարց տալով: Ժամը չորսն անց երեսունին նա ընդհատում էր իր պատմությունը (միշտ թվում էր` ամենահետաքրքիր տեղում), մահճակալից ցած էր ցատկում, հավաքում իր հագուստը և պատրաստվում հեռանալ: Նա ասում էր, որ ստիպված է գնալ տուն` ճաշ պատրաստելու:
Հաբարան նրան ուղեկցում էր մինչև դուռը, շղթան հանում և վարագույրի ետևից նայում, թե ինչպես է փոքրիկ կապույտ մեքենան հեռանում: Ժամը վեցին նա արագ ճաշ էր պատրաստում և միայնակ ուտում: Նա մի ժամանակ խոհարար էր աշխատել, և որևէ բան պատրաստելը դժվար չէր նրա համար:
Ճաշի հետ նա խմում էր «Perrier» (երբեք ալկոհոլ չէր ընդունում), հետո դանդաղ վայելում էր մի բաժակ սուրճը` տեսասկավառակ դիտելով կամ ընթերցելով: Նա սիրում էր հաստափոր գրքեր կարդալ, հատկապես նրանք, որոնք հասկանալու համար ստիպված էր լինում մի քանի անգամ վերընթերցել: Ուրիշ ոչինչ չկար անելու: Չկար մեկը, որի հետ կարող էր խոսել: Չկար մեկը, որին կարելի էր զանգահարել: Չուներ համակարգիչ, ուստի համացանց էլ չուներ: Նա թերթ չէր ստանում, հեռուստացույց չէր դիտում: Տնից ընդհանրապես դուրս չէր գալիս: Եթե ​​Շահրիզադեի այցելությունները ինչ որ պատճառով դադարեին, նա կմնար բոլորովին միայնակ:
այստեղ: