[Մոնոլոգ] Նաիրա Գյուրջինյան. «Շատ մարդիկ ունեն մենակ մնալու պահանջը, որովհետև այլընտրանք չունեն»

October 26, 2018

մտքեր
Մարդու ուղեղի աշխատանքի 90%-ը զբաղեցնում են մտքերը: Անընդհատ` անգամ գիշերը, չեմ հանգստանում, որովհետև ամեն վայրկյան ամեն մանրուքի մասին ստիպված եմ մտածել. իմ աշխատանքի մասին, երեխաների մասին, ծրագրերի: Սա բերում է անգամ գերհոգնածության: Օրվա ամբողջ ժամանակը մտքերս հանգիստ չեն տալիս, անընդհատ փնտրտուքի մեջ են: Եթե միտք չլինի, կյանքը դառնում է անմիտ՝ ոչ պետքական: Մարդ չի կարող մտածել մեկ ուղղությամբ, մտածում է ամեն ինչի մասին: Պետք է 10 անգամ չափես, 1 անգամ կտրես: Ես չեմ հասկանում` ուղեղն ինչպես է մանր  մասերի բաժանվում, որովհետև յուրաքանչյուր ուսանողիս մասին, բարեկամիս, ընտանիքիս անդամի մասին մտածում եմ: Շատ բան ծնողը չի տեսնում, պետք է ե′ս նկատեմ և հետ պահեմ վատ քայլերից: Բարդ է, յուրաքանչյուր ծրագրի մասին պետք է մտածեմ:
Աստված
Ես ավելի շատ աթեիստ եմ, քան հավատացյալ: Ամեն մարդ ինչ-որ բանի հավատում է՝ լինի Աստված, թե ինչ որ ուժ: Ես պարզապես հավատում եմ այն ուժին, որը օգնում է մարդկանց: Եթե չհավատաս ինչ-որ բանի, դժվար կլինի առաջ գնալ: Դու հավաում ես քո ուժերին, հավատում ես, որ քո ընկերը քեզ կօգնի. դա էլ է հավատք: Առանց հավատքի չես կարող ապրել: Պարզապես մարդ ընտրում է՝ ում վստահել, ում հավատալ:
միայնակ կյանք
Շատ մարդիկ ունեն մենակ մնալու պահանջը, որովհետև այլընտրանք չունեն: Երբեմն գերհոգնած եմ լինում և, իսկապես, ուզում եմ մենակ լինել՝ իմ մտքերով, բայց դա տևում է մի քանի ժամ, որովհետև կոլեկտիվի հետ եմ աշխատում: Երեխաների հետ շփվելով զգում եմ, որ ապրում եմ, հասկանում եմ, որ երջանիկ եմ, հասկանում եմ, որ այնքան բան ունեմ տալու: Եվ մենակ մնալու ժամանակ չկա: Այսօր զգում եմ, որ պահանջված եմ: Եթե ջերմություն էլ ունենամ, չեմ կարող պառկել բազմոցին և հանգստանալ, պետք է լինեմ եռուզեռի մեջ՝ միշտ մարդկանցով շրջապատված: Հետաքրքիր է երեխաներ հետ. նրանց հետ ապրում եմ: Դա է իմ կյանքը: Մենակ մնալու ժամանակ չունեմ:
ֆիլմեր
Քիչ ժամանակ ունեմ ֆիլմ դիտելու համար, գերադասում եմ երաժշտություն լսել: Ֆիլմը պետք է լինի իմաստալից, խորը… անգամ դերասաններով եմ հասկանում` ֆիլմը կդիտե՞մ, թե՞ ոչ: Շատ եմ սիրում ֆիլմեր, որոնք նկարահանված են գրքերի հիման վրա: Շատ եմ սիրում «Красотка» ֆիլմը, միշտ  հանգստանում եմ այդ ֆիլմից: Սիրում եմ ֆիլմեր, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է՝ սկսած հագուստից, վերջացրած շենքերով:
երաժշտություն
Երաժշտություն լսում եմ ամեն վայրկյան: Իմ խոհանոցում էլ միշտ միացրած է երաժշտական ալիքը: Սիրում եմ բալետ. եթե ինձ հրավիրեն բալետ կամ օպերա, ես կընտրեմ բալետը: Կիրթ մարդը պետք է լսի դասական երաժշտություն: Պետք է լսել և հասկանալ, թե հոգին ինչ է ընդունում: Այնքան շատ կոմպոզիտորներ կան, որ չեմ կարող առանձնացնել մեկին՝ Բեռլիոզ, Չայկովսկի, Սկրյաբին, Շոպեն: Յուրաքանչյուր կոմպպոզիտոր ունի իր տրամադրությունը: Եթե ուզում եմ մտքով գնալ գեղեցիկ վայր` Շոպեն եմ լսում: Խաչատրյանի գործերը ես առանձնահատուկ եմ զգում: Երբ երիտասարդ էի, ռոք էի լսում, չէի հասկանում՝ Շառլ Ազնավուրն ով է: Ամեն տարիք բերում է մի ուրիշ բան:
հյուրեր
Մենք դեռ չենք հասել Եվրոպային, որ մինչև չզանգես, մինչև չպայմանավորվես` չգնաս: Իհարկե, ինձ կզանգեն իմանալու՝ ինչքան զբաղված եմ, բայց շատերը` իմանալով իմ դասացուցակը, գիտեն՝ երբ եմ տանը: Անգամ ծննդյանս օրը աշակերտներս առանց ասելու եկան ինձ հյուր: Չէի հրավիրել: Անսապասելի եկան, բայց ինչքա՜ն բավականություն, ինչքա՜ն ուրախություն: Ես սիրում եմ էքսպրոմտներ: Բոլորն էլ գիտեն, որ իմ տան դռները բաց են: Անգամ եթե պատրաստ բան չեմ ունենում, հյուրերիս հետ եմ պատրաստում. մեկ ժամից սեղանը պատրաստ է լինում: Դա ինձ շատ մեծ բավականություն և հաճույք է պատճառում: Իմ ուսանողները գալիս են` հատուկ համով բաներ ուտելու համար:



Կարդացեք նաև.
Արմեն Շահնազարյան. «Մենք ծայրահեղ ազգ ենք, կամ շատ լավն ենք, կամ վատը»
Լյուդմիլա Ուլիցկայա. «Մեր սերունդը ամուսնալուծությունից հետո շարունակում է շփվել»
Արամ Մխիթարյան. «մեր մեջ նստած է «Հարևանի հարսը ավելի սիրուն է» գաղափարը


ժպիտը՝ տխրությունը քողարկելու միջոց
Ես միշտ աշակերտներիս ասում եմ՝ երբեք կողքինդ չպետք է իմանա, որ քեզ հետ մի բան այն չէ: Այդ մասին գիտես դու ինքդ, և բավական է: Ես միշտ ժպիտով եմ, ինձ ոչ ոք տխուր չի տեսել: Ժպիտը տրամադրություն է ստեղծում: Մարդկանց դիմավորելու, խոսելու ընթացքում պետք է ժպտաս: Եթե դուրս ես եկել տնից և վատ տրամադրություն ունես`ինչ իրավունքով ես քո վատ տրամադրությունը փոխանցում ուրիշին: Կան ուսանողներ, որ կգան՝ տխուր կնստեն, որովհետև դպրոցում ինչ-որ բան է եղել: Միշտ ասում եմ՝  ինձ չի հետաքրքրում` ուզում եմ տեսնել քո ժպիտը: Շատ բան կարող է լինել, պետք է ուժեղ լինես, որ ստեղծես քո կյանքը: Յուրաքանչյուր բան կարող ես նայել և´ լավատեսի, և´ հոռետեսի աչքերով: Վատ տրամադրություն չեմ ունենում, տրամադրության համար ինձ պետք է երաժշտություն: Ամիսը մեկ անգամ պետք է այցելեմ ակումբ, որ հանգստանամ: Հենց հանգստանամ` արագ կաշխատեմ:
կյանքն առանց երաժշտության
Սկզբից ծնվել է երաժշտությունը, հետո` մնացածը, որոնք շնչում և ապրում են: Բնության բոլոր ձայները դարձել են երաժշտություն. անգամ տերևի շրշյունը, մոծակի տզզոցը… ամեն ինչը ձայն ունի, պարզապես պետք է կարողանաս լսել՝ քամու, ծովի ձայները: Երաժշտությունը հենց այնպես չի ստեղծվել: Հետո ստեղծվել են նոտաները: Ես չգիտեմ մարդու, որը կկարողանա ապրել առանց երաժշտության: Այն ձայները, որոնք ստանում ենք ամեն օր` մեր տրամադրությունն են, կյանքը, տեմպը: Ամեն տեղ կա երաժշտություն: Պարզապես պետք է լսել այն:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում