Հայ ժամանակակից գրական ամենաանսպասելի ստեղծագործությունը դարձել է բուքբլոգերների սիրելի գործը (տեսանյութ)

December 2, 2023

Newmag հրատարակչությունը Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» գիրքը հայ ընթերցողին ներկայացրեց ամռանը։ Վեպը մեծ արձագանք է ստացավ. Ընթերցողներն ու գրաքննադատները գիրքը վերլուծեցին տարբեր շերտերով՝ պատմական, գեղարվեստական, լեզվական։ Բուքբլոգեր Մարի Մելիքյանը վեպը ներկայացնում է որպես «Հայկական մոգական ռեալիզմ»֊ի օրինակ։ 

Ըստ Մարի Մելիքյանի, Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» հյութեղ, մոգականացված պատում է՝ գրված գյուղում ապրող մարդկանց լեզվով, բայց և պահելով ժամանակակից շունչը. «Ինտելեկտուալ ու ահասարսուռ այս լեզվի մեջ կա հային սահմանող ամեն բան՝ և՛ հերոսություն ու մեծ սիրտ, և՛ դավաճանություն ու նենգություն, և՛ վառող արև ու դաշտեր ընդարձակ, կենդանիներ սիրված և համեղ՝ միաժամանակ»։  

Հոդվածում հեղինակը ներկայացնում է գրքի ժամանակշրջանը։ Վեպում իրադարձությունները տեղի են ունենում 1918-ից մինչև 2020 թվականը, ներառում են պատմական կարևոր դեպքեր, որոնք սկսվում են Սիլիկյան եղբայրների սպանությունից, Սիբիրից ու համաշխարհային պատերազմներից մինչև Covid-19 ու 44-օրյա պատերազմ. «Իսկ այդ ընթացքում Անդրանիկ Փաշայի ձին իր անտեսանելի վարգով անցնում է մարդկանց ու տների կողքով, մի պահ դադար առնում, հետո էլի շարունակում համաչափ ընթացքն իր, մե՛կ առարկայանում է, մե՛կ վերածվում անդիպչելի խորհրդանիշի։ Իր հետևից տանում է հերոսներին, ովքեր փորձում են ձեռքը պարզելով հպվել կարմրաբաշի պոչին՝ առանց գիտակցելու, որ երբեք, երբեք չեն հասնելու այդ ձիուն, որ իրենց ու ձիու միջև միշտ է լինելու անանցանելի տարածություն, և որ հանդիպումը հետաձգվելու է, կրկին»։ 

Բուքբլոգերի ուշադրությունը գրավում են վեպի բազմաթիվ կերպարներն ու քիչ հերոսները։ Այս ձևակերպումը հեղինակը տալիս է, քանի որ ըստ նրա՝ «Վեպում յուրաքանչյուրն ապրում է դիցաբանական մի կարճ ժամանակ՝ հավերժության ու մահվան ինչ-որ սահմանագծում, երբեք չկորցնելով հույսը, բայց նաև չիմանալով՝ ո՞ր հույսը, ինչի՞ հանդեպ հավատքը՝ քայքայված հայրենիքի՞, բզկտված սիրո, թե՞ մաս-մաս եղած արժեքների, միգուցե հանուն կնունքի ավազանի՞, որ Խորենի ու Աթամի հայր Մոլլան փրկել էր եկեղեցուց ու դարձրել ջրաման կենդանիների համար. պրագմատի՞զմ, ուրացու՞մ, թե՞ հավատքի խորհրդանիշերի ապասիմվոլացում»։  

Սուսաննա Հարությունյանի վեպն այնքան կոլորիտային, համեղ ու առատ է իրադարձությոններով, որ հոդվածի հեղինակն այն համեմատում է հայկական հյուրասիրության հետ, երբ իսկական հյուրընկալ տանտիրոջ պես գրողն ուշադրություն չի դարձնում ընթերցողի  «ուտելու» ցանկությանը. «Լրիվ հայավարի. սրանից փորձիր, իսկ հիմա սա համտես արա, այ այս մեկից հաստատ ոչ մի տեղ չես կերել... Պատմությունը հենց այդպես է, որ կա՝ կազմված է պատառներից, որովհետև հերոսների կյանքն էլ է պատառ–պատառ բացվում, հենց արարվում ապրելու պահին՝ երբեմն կամայականորեն, երբեմն էլ՝ մտածված իրողությամբ։ Ու ամեն պատառ իր հետևից թողնում է համի ու հոտի մասին երանելի հիշողություն, իսկ սնունդը մարսվում է աստիճանաբար, գիրքը թերթելու ընթացքում»։

Սուսաննա Հարությունյանի գրական լեզուն նույնպես արժանացել է հատուկ ուշադրության, հեղինակն այն կոչում է ախորժելի, զգայուն, գյուղական, բայց ինտելեկտուալ։ Գրողի մանրակրկիտ ու անխնա անդրադարձը մարդկային արատներին ու հասարակական տգեղ երևույթներին նույնպես ակնհայտ է.

«Հեղինակն, առանց մեր նյարդերը խնայելու, ցույց է տալիս բոլոր զազրելի արատները. պետք է պինդ նյարդեր ու հոգեվիճակ, որպեսզի կարողանաս դիմանալ այդ հրեշավոր նկարագրություններին, բռնություններին, սեքսիզմի սարսափելի դրսևորումներին ու հակամարդկային արժեքներին։ Սովետը քանդվեց, բայց չքանդվեցին կիսափուլ ու անմարդաբնակ կառույցները մեր ներսի, որտեղ բնությունն անհոգի է, իսկ կյանքի պայմաններն՝ անբարենպաստ:

Անդրանիկի ձին դեռ շատ երկար է իր գոյությամբ մեզ հետապնդելու, սպասելու ենք ձիուն Գոդոյին սպասողների կամ Փոքր Մհերի անսահման համբերատարությամբ, ժամանակի մեջ կորցնելով իմաստն ու պատճառը, նորերը ձեռք բերելով, փոխելով ու ձևափոխվելով, կառուցելով ու քանդելով, ու միշտ վախենալով մեր շուրջն ապրող գելերից»։ 

Կարդացեք նաև