Narinj.am «Տնական» ընդմիջում աշխատավայրում

May 11, 2016

Առողջ, համեղ և անմիջապես խոհարարից. Narinj.am հարթակում տիկին Ժաննան, Իզաբելլան, Մայան պատրաստ են յուրաքանչյուրի համար «տնական» ընդմիջում կազմակերպել՝ ճիշտ մայրիկի պատրաստածի պես:
Նոր գործարկված Narinj.am-ում կարելի է օնլայն «տնական» սնունդ պատվիրել, հարթակը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին դառնալ խոհարար և գումար վաստակել: Ցանկացած անհատ կամ կազմակերպություն կարող է ուտեստներ պատվիրել՝ անմիջապես խոհարարներից:
Նախագծի համահիմնադիր  Արամ Կիրակոսյանի խոսքով, խոհարար կարող է դառնալ յուրաքանչյուրը, բայց գրանցումից հետո թիմի անդամներն այցելում են խոհարարի տուն և ստուգում սանիտարահիգիենիկ պայմանները:

«Խոհարարներին գրանցելուց հետո, ծանոթացանք  նրանց ճաշացանկին: Մեր  նախագիծը ձեռնտու է բոլոր կողմերին՝ մեզ, խոհարարներին և պատվիրատուին»:

Հարթակում կլինի նաև ռեյտինգային, կարծիքների համակարգ: Վատ գնահատական ունեցող խոհարարները նախագծից դուրս կգան: Narinj.am-ի համահիմնադիրը վստահեցնում է, ուտեստները պատրաստվում են թարմ և տեղական մթերքով, խոհարարները պատրաստում en՝ ինչպես իրենց ընտանիքի համար:


[ Startup Հայաստանից ]



Հարթակը գործարկումից հետո, առաջին մեկ շաբաթում ունեցել է 8 պատվեր, հիմնականում  լանչ բոքսեր: Կայքում գրանցված է 6 խոհարար, որոնք կարող են պատրաստել  50-ից ավելի ուտեստ:
«Տանից  ընդմիջում բերելը միշտ չէ, որ հարմար է: Արագ սնունդն էլ վնասակար է:  Հարթակն օգնում է տնական ուտեստների սիրահարներին համեղ ընդմիջում կազմակերպել,  խոհարներին էլ տնից գումար վաստակել»:

Նախագծի հեղինակը Qualitech Systems ընկերությունն է: Հարթակի վրա աշխատում է 5 հոգանոց  թիմը` Վահան Գեւորգյան (front end developer), Կարինե Գասեսյան (front end developer), Արամ Կիրակոսյան (back end developer), Աշոտ Մնացականյան (back end developer), Գոռ Հովսեփյան (համահիմնադիր):
Այժմ ստարտափի ամենամեծ խնդիրը առաքիչների պակասն է: Առայժմ առաքումն իրենք են կազմակերպում (400 դրամ), կայանալուց հետո կկարողանան աշխատանքի վերցնել առաքիչների: Ուտեստների գինը որոշում են խոհարարները, դրան էլ գումարվում է Narinj.am-ի միջնորդավճարը:
«Ուսումնասիրում ենք շուկան, կուտակում փորձ: Համակարգն առայժմ  մինիմալ ֆունկցիոնալություն ունի:  Հետագայում ավելացնելու ենք նոր գործառույթներ, օրինակ  կորպորատիվ փաթեթների հնարավորություն»:

Առաջիկայում կլինի մոբայլ հավելված: Առայժմ նախագիծը միայն երևանցիների  համար է, բայց ստարտափը ցանկանում է ընդլայնվել  նաև Վանաձորում և Գյումրիում: