National Geographic. Ինչի՞ մասին ենք խոսում, երբ խոսում ենք ցեղասպանությունից

April 23, 2016

«Դա եղել էԻնչպե՞ս եք դա ասում անգլերեն. genocide, այո՛, դա եղել է genocide», - ասում է Մուրադ Յազարը, - Իմ տատիկն այդ մասին ասել է իմ մայրիկին»:

Ուղեկցորդիս հետ ես քայլում եմ Անիով: Ի՞նչ է Անին: Այն անհետացած աշխարհի փլատակն է ժամանակակից Թուրքիայում՝ մոռացված քաղաքակրթության հեռավոր և գեղեցիկ կենտրոնը, որը 1100 տարի առաջ եղել է հզոր կայսրության մայրաքաղաք: Մետաքսի ճանապարհի վրա գտնվող այս քաղաքի պատմամշակութային արժեքները թափված են հյուսիսարևելյան Անատոլիայում՝ բաց երկնքի տակ: Ավիրված եկեղեցիներ, տպավորիչ պարիսպներ, որոնք ամայությունը պաշտպանում են ամայությունից: Դատարկ ճանապարհներ, որոնք ոչ մի տեղ չեն տանում: Մենք թափառում ենք այս դատարկ ճանապարհներով, որտեղ սարսափելի լռությունն է տիրում: Մուրադը և ես: Մենք խոսում ենք այս տարածքներից հայերի անհետացման մասին:
1914-ին մոտ երկու միլիոն հայեր էին ապրում այն վայրում, որն այժմ կոչվում է Թուրքիա: Նրանք քրիստոնեական փոքրամասնություն էին մուսուլմանական գերիշխանությունում: Նրանց պատմությունը հասնում է հազարամյակների խորքը: 1922 թվականին այստեղ մնացել էր միայն 400 ազար հայ: Ի՞նչ էր տեղի ունեցել ավելի քան 1.5 միլիոն մարդկանց հետ: Պատմաբանների խոսքով, նրանց մեծ մասին սպանել են, թիրախավորված բնաջնջել: Նրանք սվինների տակ քայլելով հասել են անջուր անապատներ, նրանց մորթել են:
Մուրադն ինձ ասաց«Իմ տատիկն ասել է, որ նրանք բոլոր հայերին հավաքել են Եփրատի մոտ՝ մի քանի տներում, որից հետո՝ գիշերը, նրանց նետել են գետը և խեղդել»:

Առաջին աշխարհամարտի ութերորդ ամիսն էր, Եվրոպան զբաղված էր ինքնաոչնչացմամբ, բազմամշակութային Օսմանյան կայսրությունը մահանում էր սարսափելի սպազմից: Օսմանյան թուրքերը, որոնք մեծամասնություն էին, համակրում էին ազգայնական առաջնորդներին. նրանք զայրացած էին, որ քրիստոնյաները մուսուլմաններին կոտորում և տեղահանում էին, ինչի պատճառով որոշել էին վրեժ լուծել իրենց կործանվող կայսրության հնագույն հարևաններից` փոքրամասնություն կազմող ասորիներից և հույներից, բայց հիմնականում` հայերից:
Նրանք հայերին մեղադրեցին անհավատության, անհավատարմության, թշնամիների հետ դավադրություններ ծրագրելու համար (խոսքը Ռուսաստանի և գաղութարար եվրոպացիների մասին է): Ո՞ւմ ձեռքով է կատարվել այս սարսափելի ոճիրը: Տեղացի քրդերի, որոնք զանգվածաբար սպանում և մինչև մահ ծեծում էին հայերին. քրդական զինված խմբերը ներխուժում էին սովահար հայ կանանց և երեխաների շարասյուների մեջ, քրդական գյուղերը յուրացնում էին հայկական հարստությունը` լքված տները, ֆերմաները և անասունները:
Անատոլիայի ճանապարհին մենք քայլում էինք այս սարսափելի աղետի խամրած արձագանքների ներքո՝ Մուրադը և ես: Մենք հանդիպում էինք հայերի լքված տների հետքերին, որոնց վրա խոտ ու ծառեր էին աճել: Մենք տեսնում էինք եկեղեցիներ, որոնք վերածվել էին մզկիթների, ընկույզի ծառեր, որոնք շատ վաղուց տնկվել էին զոհերի ձեռքով: Մուրադն այս մասին էր մտածում. նա քուրդ է: Ես նկատեցի, որ նա պայքարում է պատմության հետ, որի թողած ժառանգության մասին պատկերացնել անգամ չի կարող:
Նա ինձ ասաց«Մի անգամ ես ներողություն եմ խնդրել մի հայից Ստամբուլում: Ես ասել եմ նրան, որ շատ եմ զղջում իմ նախնիների գործած արարքների համար»:

«Եվ ինչպե՞ս նա արձագանքեց», – հարցրեցի ես:
«Ի՞նչ կարող էր նա ասել,– ասաց Մուրադը` ուսերը վեր բարձրացնելով.- Նա ասաց` շնորհակալ եմ»:
Մենք կանգ առանք սառը քամուց. Անիի փլատակների մուտքի մոտ մեծ ցուցատախտակը նկարագրում էր քաղաքի երկար պատմությունը: Տեքստում նշվում էր, որ հին և փլատակների վերածված քաղաքը ծաղկել է Բագրատունի թագավորների ժամանակ: Բագրատունիները հայ էին, բայց ոչ մի տեղ «հայկական» բառը գրված չկար:
Երկար տարիներ շատ վտանգավոր է եղել Թուրքիայում 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն որակելը: Թուրք դատավորները նման գնահատականը համարել են սադրիչ, պառակտող, վիրավորող և արգելված: Թուրք գրողներն ու լրագրողները, որոնք կարտաբերեն այս երեք վանկերը՝ ge-no-cide, կարող են դատապարտվել թուրքական պետությանը զրպարտելու համար:
Նրանցից մեկին` Հրանտ Դինքին սպանել է ծայրահեղ ազգայնականը:

Կա տեղի ունեցածի պաշտոնական տարբերակը: Դա հնչում է մոտավորապես այսպես. հայերը տուժել են. սա անհերքելի փաստ է: Բայց նրանք քանդվող Օսմանյան կայսրության ծանր հարվածները տարած էթնիկ շատ խմբերից միայն մեկն են: Նրանց ոչնչացման չափերը մեծ և համակարգված չեն եղել, եղել են պատերազմ, բռնություններ` երկու կողմից. զոհվել են հայեր, բայց նաև թուրքեր, որոնց սպանել են հայկական ապստամբ զինյալները: Բայց պատմության այս նեղ դիտարկումը սկսել է ճեղքեր տալ:
Ապրիլին այն ժամանակ դեռ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձավ Թուրքիայի առաջին ղեկավարը, որը ձևական ցավակցություն հայտնեց Թուրքիայի հայերի ժառանգներին, որոնք ցրվել են ամբողջ աշխարհում: Նա խոսել է զգուշորեն, խոսել է երկու ժողովուրդների «համատեղ ցավի» մասին:
Քայլելով Անատոլիայի կենտրոնական շրջաններով՝ զգում ես, որ սովորական քաղաքացիները շատ հեռու են նրանից: Կաս Կալե գյուղի ղեկավար ալեհեր Սալեհ Էմրեն ասաց. «Մենք կռվել ենք հայերի դեմ, շատերն են զոհվել, կարծում եմ ՝դա սխալ էր, նրանք այստեղ յուրային են»:
Էմրեն կանգ առավ այս խոսքից հետո, նա ձեռքը մեկնեց իր փոքր համայնքի տներին. «Այս հողերը պատկանել են հայ վաճառականի, հայրիկիս հորեղբայրները էժան են գնել այն»:
Նա նշում է այդ նրբության մասին` թեմայի մեջ ավելի խորանալու համար, որից հետո արտաբերում է թուրքական մոտակա բնակավայրերի անունները, որտեղ ժամանակին մեծամասնություն են կազմել հայերը՝ Վան, Պաթնոս, Աղրի: Այս վայրերում հայ այլևս չի ապրում: Նա դադար է վերցնում ցեղասպանություն բառն արտաբերելուց առաջ:
Այս վայրերից արևելք ընկած բարձրադիր գոտիներում, դաշտերում և բնակավայրերում ապրող այս ծերունու սերնդակիցների հիշողությունները մթագնած են դաժան պատմություններով: Շատ հայեր հեռացել են այստեղից ոչ շատ հեռու գտնվող հարևան երկիր:
Էմրեն ասել է«Ես ցանկանում եմ այցելել Հայաստան, հայերը եղել են մեր հարևանները»:

Դիարբեքիրը Թուրքիայի քրդերի մշակութային մայրաքաղաքն է: Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքում հայկական ամենամեծ եկեղեցին է: Այն նորոգվել է հիմնականում Ստամբուլում բնակվող հայերի միջոցներով: Սա հույսի և հաշտեցման հուշարձան է, հարյուր տարվա մեջ հազվադեպ երևույթ է Անատոլիայում: (Այստեղից ոչ հեռու գտնվող բնակավայրում, որը կոչվում է Բիթլիս, քուրդ քաղաքապետը փողոցներից մեկն անվանակոչել է Վիլյամ Սարոյանի` ամերիկահայ գրողի պատվին):
Մարդիկ ամոթի զգացում են ունենում բարձր զանգակատան մոտով անցնելիս, նրանք ավլում են գետնին ընկնող տերևները, սուրճ են մատուցում բացօթյա տարածքում, զրուցում են, որոշ մարդիկ մոմ են վառում: Եկեղեցու բակում ոմանք մուսուլման են, մեծամասնությունը՝ ուղղափառ հայեր: Հսկիչ Արամ Խաչիկյանը ինքնության երկակիություն է ապրում :
«Մինչև 15 տարեկան դառնալս կարծում էի, որ թե մուսուլման քուրդ եմ: Այնուհետև սկսեցի փոփոխություն զգալ իմ սրտում»,ասում է Խաչիկյանը:

Նա բացատրում է, թե ինչպես է հայտնաբերել իր թաքուցյալ անցյալը, ինչպես է իմացել, որ իր պապիկը, երբ 12 տարեկան է եղել, և նրա քույրն էլ` 9 տարեկանում փրկվել են Դիարբեքիրի մոտ տեղի ունեցած կոտորածից, որտեղ «փտող դիերի հոտը» լցված էր օդում: Նրանք հայ են եղել: Տղան և աղջիկը թաքնվել են թփերի մեջ, քուրդ մուսուլման գյուղացիները փրկել են նրանց կյանքը, խնամել, ինչպես իրենց երեխաներին` նրանց տալով քրդական անուններ: Նրանք կրոնափոխ են եղել, իսլամ ընդունել. «Ողջ մնացած բոլոր հայերն արել են դա,– ասում է Խաչիկյանը,- հակառակ դեպքում նրանց կսպանեին»:
Այնուհետև մի տղամարդ մոտեցավ մեր սեղանին. նա լսում էր մեր խոսակցությունը. «Դուք ճանաչո՞ւմ եք ցեղասպանությունը»: Այս հարցը տալով` նա նայում էր իմ աչքերի մեջ: Ես պատասխանեցի, որ հարցազրույց եմ վերցնում:
«Ինձ դա չի հետաքրքրում. Դուք ցեղասպանությունը ճանաչո՞ւմ եք, թե՞ չեք ճանաչում»:

Որոշ հայերի համար այս սպառիչ հարցը դարձել է ամեն ինչից վեր, ազգային պայքարի հիմնաքար, գրեթե ժամանակակից ինքնություն: Թուրքիան և աշխարհը պետք է վերջապես ճանաչեն ցեղասպանությունը, Անատոլիայում տեղի ունեցած դեպքերին տան իրավական գնահատական: Սփյուռքում բնակվող միլիոնավոր հայեր մեծ ծավալի գումարներ և ջանքեր են ներդնում լոբբիստական գործունեության համար: (Առնվազն 21 պետություն այժմ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք դիվանագիտական թանկ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, դրանց մեջ չեն):
Ամերիկահայ հեղինակ Մելինե Թումանին նկարագրում է քաղաքական այս դառը բանավեճի հեղձուցիչ ազդեցությունն իր կյանքի վրա. «Որոշ հայերի համար ճանաչումը նշանակում է փոխհատուցում Թուրքիայից, իրական մոլեռանդների համար այն տարածք է, իսկ մի փոքր ավելի պրագմատիկների համար՝ փող։ Մեծամասնության համար այն ընդամենը «ցեղասպանություն» բառի պաշտոնական գործածությունն է։ Ինձ համար այն հայկական որևէ հավաքի գնալու անկարողությունն է, որովհետև թվում է, թե անկախ նրանից՝ պոեզիայի ընթերցանություն է, համերգ, թե նույնիսկ սպորտային հանդիպում, այն միշտ ցեղասպանության մասին է»։
Դիարբեքիրի եկեղեցում մի օտարական նստեց մեր սեղանի մոտ։ Նա նորից ու նորից է կրկնում իր հարցը, և Խաչիկյանը ապշած նայում է նրա կոշիկներին։ Ես վայր եմ դնում գրիչս։ Սպասում ենք։
Թուրքական հսկայական դրոշը փողփողում է Անիի հնագիտական տեսարանի վերևում։ Քաղաքի հինավուրց փլատակները գտնվում են կիրճի եզրին։ Մյուս կողմում՝ հեշտ անցանելի տարածքում, գտնվում է Հայաստանի փոքր Հանրապետությունը։ Ոչ ոք երբեք չի հատել այն։ Երկու ազգերի միջև սահմանը երկար տարիներ փակված է եղել կասկածի ու թշնամանքի պատճառով։ Անին փակուղում է:
Մուրադն ու ես շարժվում ենք հյուսիս: Մեր քաջ ջորին քարշ է տալիս մեր բեռները ձմեռային խոնավ դաշտերով Կարսի մոտակայքում: Այն թուրքական քաղաք է, 1890-ականներին բնակչության 85 տոկոսը հայ էր:
Մուրադը վախեցած բնակիչներին հարցնում է` այստեղ հայեր դեռ մնացե՞լ են:

Մուրադը, որը Թուրքիայի քուրդ փոքրամասնության ներկայացուցիչ է և այդ երկրի քաղաքացի, հետաքրքրվում է մշակութային հանդուրժողականության հարցով: Ես հետևում եմ նրա ջանքերին, որոնք ուղղված են անցյալի մասին հարցերի միջոցով ներկայի պատասխանները գտնելուն: Նիհար, մտահոգ, փնտրտուքի մեջ, տեսախցիկն էլ նրա ուսից կախ: Կոշիկների տակ անատոլիական սև հողն է. ես կարող եմ միայն գլուխս զարմանքից թոթվել:
Մարդասպաննե՞ր, թե՞ զոհեր. ընտրված մարդիկ չկան: Կան պարզապես մարդիկ: Եվ կան մահացածներ: Կա նաև այն, թե ինչ եք Դուք անում Ձեր ցավի հետ, որն աշխարհին ասում է, թե ով եք Դուք: