Գնել Նալբանդյան. Երբ ազգային միֆերը վերածվում են անտանելի առօրյայի

January 26, 2017

Եթե Ձեր անտանելի կյանքը փոխել չեք կարողանում, այն վերածե՛ք ազգային միֆի: Եվ այդ դեպքում գոնե Ձեր աչքում կդառնաք տառապյալ-հերոս, ազգն էլ ինքնուրույն կգտնի նոր միֆի շուրջ միաբանվելու հիմնավորումը: Գուցե դա լավագույն տարբերակն է այդ կյանքից էզոթերիկ հաճույք ստանալու համար:
Եթե Ձեզ շրջապատող տխուր իրականությունը Ձեզ հետ որևէ կապ չունի այնաստիճան, որ Դուք կարող եք հանգիստ խղճով բողոքել դրանից` համոզված լինելով, որ համընդհանուր այլանդակության հեղինակը մյուսներն են, բայց ոչ Դուք, ուրեմն ապրում եք զուգահեռ իրականության մեջ:






Եթե համազգային նշանակության հոգսերը հոգալու համար ստեղծում եք համազգային հիմնադրամ, բայց բանակի հոգսերը հոգալու համար ստեղծում եք մեկ այլ համազգային հիմնադրամ, ուրեմն կա՛մ առաջին հիմնադրամը բանի պետք չէ, կա՛մ բանակի հոգսերն իրականում համազգային չեն, կա՛մ երկրորդ հիմնադրամն իրականում բանակի համար չէ:
Եթե խոստանում եք, որ նոր ստեղծվելիք հիմնադրամը կգործի թափանցիկ, բայց ոչ ոք Ձեզ չի հավատում, ուրեմն գործ ունեք անուղղելի անհավատների հետ, որոնց ո՛չ երկիր է պետք վստահել, ո՛չ էլ բանակ: Անհավատներին համոզելն իմաստ չունի: Անհավատին պետք է ստիմուլացնել ազգային միֆով ու աչքը մի լավ վախեցնել: Ահա այդ ժամանակ կարող եք նրա ձեռքից վերցնել անհրաժեշտ գումարը: Բայց դա պետք է անել այնպես, որ խեղճը դա ընկալի որպես իր ինքնակամ ներդրումը համընդհանուր սուրբ գործում:
Եթե չեք գտնում խելքին մոտ որևէ համընդհանուր սուրբ գործ, հանուն որի հնարավոր կլինի հավաքել անհավատների փողերը, ապավինե՛ք Ձեր թշնամու հնարամտությանը: Հավատացե՛ք՝ նա Ձեր ուզած պահին կանի այնպես, որ ստեղծվեն բոլոր նախապայմանները` համընդհանուր որևէ սուրբ գործի համար:
Եթե թշնամու ընձեռած պատեհ առիթից հետո չօգտագործեք պատմական շանսը, Ձեր ազգային միֆերը կրկին կվերածվեն անտանելի առօրյայի, և կյանքից էզոթերիկ հաճույք ստանալու համար ստիպված կլինեք կրկին սփոփվել newmag-ի անտիդեպրեսիվ հրապարակումներով:

newmag #75