Գնել Նալբանդյան. Մոլորակի ետնախորշից դուրս պրծնելու պատմական շանս ունենք

Գնել Նալբանդյան. Մոլորակի ետնախորշից դուրս պրծնելու պատմական շանս ունենք

newmag ամսագրի գլխավոր խմբագիրը` «IDeA» հիմնադրամի բաց նամակի առիթով, որն ուղղված էր գլոբալ հայերին:

«IDeA» հիմնադրամը բաց նամակ է հղել գլոբալ հայերին: Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շառլ Ազնավուրը, լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և այլք հանձնառել են Հայաստանը միասնաբար առաջ մղելու երկարաժամկետ քայլեր: Նրանց համար սա հայերի միավորման և Հայաստանի ապագան միասնաբար կերտելու պատմական հնարավորություն է:

Ի՞նչ է սա նշանակում: Այսպիսի նախաձեռնությունները երբեմն հանգեցնում են «ուղեղների տրեստների» կերտման: Սրանք ոչ պետական ինտելեկտուալ կառույցներ են, որոնք հետազոտում են հումանիտար ոլորտները` քաղաքականություն, տնտեսություն, սոցիոլոգիա, իրավունք:


Գնել Նալբանդյանի սյունակում`


«Ուղեղների տրեստը» միասնաբար գործող էքսպերտների համայնք է, որը նոր գաղափարներ է առաջ քաշում քաղաքական ու պետական գործիչների, հանրային կարծիք ձևավորող անհատների վրա դրական ազդեցություն գործելու համար: Այն նաև հանրային վերահսկման գործիք է, որի օգնությամբ հղկվում են հանրության նպատակներն ու արժեքները:

Ազդեցիկ անհատներն «ուղեղների տրեստ» սովորաբար հիմնում են հետազոտական հրատարակչական, լոբբիստական, իրավապաշտպան, մշակութաբանական նպատակային ծրագրեր իրագործելու համար: Այսպիսի կառույցները երբեմն կոչվում են նաև «գլոբալ 5-րդ իշխանություն» և բնութագրվում են think tank եզրով: Օրինակ` The Institute for Defence and Security Studies (Լոնդոն, 1831), The Fabian Society (Լոնդոն, 1884), Carnegie Endowment for International Peace (Վաշինգտոն, 1910), Brookings Institution (Նյու Յորք, 1916), RAND Corporation (Կալիֆոռնիա, 1948), The Heritage Foundation (Նյու Յորք, 1973)…

Հայ իրականության մեջ առաջին անգամ է, որ առաջ է քաշվում մի գաղափար, որը հատուկ է միայն առաջին կարգի ազգերին: «IDeA» հիմնադրամը մեզ տալիս է մոլորակի ետնախորշից դուրս պրծնելու պատմական շանս: Օգտվենք այդ շանսից, եթե իրոք ցանկանում ենք:

newmag  #74

Գրել կարծիք