Բրենդների պատերազմ. Newmag-ի արձագանքը Յուրի Ջորկաեֆի մտահոգությանը

October 7, 2019

Newmag ընկերությունը հրատարակել է Յուրի Ջորկաեֆի «Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը։ Այն արդեն բոլոր գրախանութներում է։ Այս առիթով ինքը՝ ֆուտբոլիստը, ուրախությամբ արձանագրելով գրքի հրատարակումը, մտահոգություն է հայտնել գրքում եղած գովազդային էջի առիթով։
Newmag-ը որդեգրել է համաշխարհային գրականության լավագույն նմուշները թարգմանելու և հայ ընթերցողին ցածր գնով ներկայացնելու քաղաքականություն։ Եվ որպեսզի դա հնարավոր լինի, մենք ամեն գրքի հրատարակման համար ներգրավում ենք հովանավորի։ Հովանավորը ստանում է գովազդային մեկ էջ։ Ընդամենը մեկ էջ: Այս հանգամանքի շնորհիվ գիրքը Հայաստանում վաճառվում է 4,800-5,800 դրամով, ոչ թե շուկայի թելադրանքով՝ 9,800-11,000։ 
Մենք քաջ գիտակցում էինք, որ Յուրի Ջորկաեֆը Softconstruct-ի և VBET-ի դեսպանն է, և տրամաբանական կլիներ, որ գովազդային էջին լիներ հենց Vivarօ-ի գովազդը։ Սակայն Ջորկաեֆի գրքի հրատարակման խնդրի քննարկման փուլում հովանավորելու պատրաստակամություն էր հայտնել մեկ այլ ընկերություն։ Ընդ որում այդ շրջանում Ջորկաեֆը դեռ չէր ստորագրել Softconstruct-ի և VBET-ի դեսպան լինելու պայմանագիրը։ 



Ինչի՞ մասին է Յուրի Ջորկաեֆի «Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը




Newmag-ը պայմանագիրը չէր կարող խզել, որովհետև երկարաժամկետ գործակցության պատմություն և ծրագրեր ունի այդ գործընկերոջ՝ Ջորկաեֆի գրքի հովանավորի հետ։
Ցավալի է, որ Newmag-ը հայտնվել է բրենդների պատերազմում: Newmag-ը զբաղված է մի գործով՝ գիրք հրատարակելով։ Մենք չենք ցանկանում բրենդների պատերազմում ոչ քավության նոխազ լինել, ոչ էլ մրցակցության գործոն դառնալ։  Մենք բաց ենք բոլորի համար: Երբեք չենք մերժել որևէ մեկին, որը համատեղ ծրագրերի ցանկություն է հայտնել։ 
Իսկ գիրքն իսկապես հետաքրքիր է: Այն առաջին դեմքով պատմում է հայ-ֆրանսիական ֆուտբոլային աստղի վերելքը, մեծ հաղթանակներն ու նրա կյանքի՝ մինչև այժմ երբեք չհրապարակված դրամատիկ պահերը, որոնք անխուսափելիորեն ուղեկցում են բոլոր հռչակավոր անհատականություններին։


Հետևեք newmag-ին   Instagram-ում և   Telegram-ում