Newmag-ն ազդարարեց կին հեղինակների ամիսը Common Ground֊ում (լուսանկարներ)

March 7, 2024

Common Ground գրախանութ-սրճարանում Newmag-ի գրական ու տոնական ամիսն ազդարարվեց հրատարակչության կին հեղինակների հանդիպում-քննարկումով: Մասնակցում էին «Կյանքը երկրորդ փորձից» գրքի հեղինակ Անի Քոչարը, «Նախագծերի կառավարում» գրքի հեղինակ Աստղիկ Սահակյանը և «Դյութէ» նախագծի ղեկավար Արևիկ Ուդումյանը: Հանդիպման վերջում ներկաները վայելեցին Voskeni wines-ի գինիները։

Օրվա հերոս կանայք գործերը հասցրել, հարդարվել, զարդարվել ու եկել էին հանդիպման՝ պատմելու, թե ինչպես վերսկել, կառավարել ու դյութել, երբ աշխատանքը շատ է, ժամանակացույցը լի, իսկ տանը սպասում են երեխաները: «Դյութէ» նախագծի ղեկավար Արևիկ Ուդումյանի պատկերացմամբ, նույնիսկ ամենալարված գրաֆիկով կանանց պետք է ազատ ժամանակ հաճելի պահերի համար. 

«Այնպիսի օր էր, որ մտածում էի, թե երբ է գալու այն պահը, որ առանց հեռախոսի, առանց լարվածության ուղղակի նստեմ: Ինձ թվում է՝ բոլորս շատ զբաղված ենք, բոլորիս գրքերն իրենց հետ բերել են հավելյալ զբաղվածություն: Շատ լավ է, որ մենք փորձում ենք ամեն ինչ հասցնել, որովհետև 21-րդ դարն այդպիսին է. անվերջ վազելու, անելու, շատ տեղերում լինելու, երևալու  ու ստեղծագործելու: Ես սիրում եմ նաև օրվա մեջ  կես ժամը վայելել համեղ սուրճ՝ սիրած սրճարանում՝ ընկերուհիների հետ, թեկուզ այդ 22 րոպեն խոսել, շփվել, կիսվել»:

 

«Կյանքը  երկրորդ փորձից» գրքի հեղինակ Անի Քոչարը նշեց, որ  ամեն անգամ իրեն բռնացնում է այն մտքի վրա, որ այն աշխույժ կյանքով, որով ապրում է, գոհացնում է իրեն. «Մի տեղ էի, որտեղ մայրիկը նստած էր, դայակն էր վազվզում երեխայի հետևից, իսկ ես երեխային գրկած, զուգահեռ աշխատում էի հեռախոսով, նաև ուշադիր տղայիս էի զուգահեռ հետևում, որ մի չարաճճիություն չանի: Մի պահ նախանձեցի, որ այդ կինը  հանգիստ նստած էր իր համար, հետո հասկացա, որ չէի ուզենա մեկ ուրիշն իմ երեխայի համար աներ: Դա կնոջ տեսակ է, երբ ուզում  է ամեն բան ինքն անել՝ ճաշ պատրաստել, երեխային նայել և զուգահեռ աշխատել»:    

 

«Նախագծերի կառավարում» գրքի հեղինակ Աստղիկ Սահակյան խոսելով տանն «արքայադստեր պես նստած» կնոջ մասին ասաց. «Մեր տեսակը երբեք մեզ թույլ չի տա, որ տրվենք այդ մտածմունքներին: Մեր տեսակը կնոջ այն  տեսակն է, որն անընդհատ ուզում է գժական ռիթմի մեջ լինել: Իրականում կյանքի աշխույթ ռիթմը ինձ նաև տալիս է, ինքս տալիս եմ, բայց նաև ահավոր շատ ստանում եմ: Ես հաճույք եմ ստանում, որ աշխատանքից դուրս եմ գալիս, արագ մտնում եմ տուն, ճաշ եմ պատրաստում ու նորից վազում դասի: Իրականում հիմա կնոջ դերերն ահավոր շատ են փոխվել, ահավոր բազմերանգ են, դու պետք է և՛ գեղեցիկ լինես, և՛ խելացի, և՛ տանը հասցնես ամեն ինչ, և՛ ամուսնուդ համար լինես հետաքրքիր ու ամենակարևորը՝ լավ մայրիկ:  

 

Ըստ Աստղիկ Սահակյանի, մեր հասարակության մեջ մեծ առաջընթաց կա՝ կանանց ընդունելու որպես մասնագետներ. «Բայց օրինակ 15 տարի առաջ, երբ պետական համակարգում սկսեցի աշխատել ու մեծ պրոյեկտի ղեկավար էի, մարզերում աշխատելիս ինձ հարցնում էին։ Դուք թարգմանչուհի՞ն եք, թե՞ քարտուղարուհին եք: Պատասխանում էի՝ ո՛չ, ես ծրագրի ղեկավարն եմ: Խնդիրը նրանում է, որ կանայք մասնագիտական առումով, ցավոք, միշտ ապացուցելու խնդիր ունեն»:

 

Կանայք զրույցը շարունակում են մեկ գավաթ գինիի շուրջ։ Voskeni գինու գործարանի ղեկավար, գինեգործ Ալինա Մկրտչյանը պատմում է՝ ինչպես է գործարանը պապից սերունդներով փոխանցվել ու հասել իրեն՝ ամուր ու հարազատ ճյուղերով իրեն կապել գինեգործությանը։ Նույնիսկ ամենազբաղված, աշխատանքում կայացած կանանց համար ամենահաճելի վայրը տունն է ու սիրելի մարդիկ։ 

Կարդացեք նաև