NEWMAG WINTER FEST-Ի ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂՆԵՐԻՆ

February 6, 2024

Փետրվարի 10-ին, ժամը 12-21։00-ն «Դվին» մյուզիք հոլում կկայանա Newmag Winter Fest 2024-ը։ Սա հրատարակչության երրորդ փառատոնն է, որն այս անգամ միայն գրական չի լինելու, այլեւ արվեստի փառատոն, կլինեն համերգային շոուներ, թատերական ներկայացում, կցուցադրվեն գեղարվեստական ստեղծագործություններ։

Փետրվարի 10-ին, ժամը 12-21։00-ն «Դվին» մյուզիք հոլում կկայանա Newmag Winter Fest 2024-ը։ Սա հրատարակչության երրորդ փառատոնն է, որն այս անգամ միայն գրական չի լինելու, այլեւ արվեստի փառատոն, կլինեն համերգային շոուներ, թատերական ներկայացում, կցուցադրվեն գեղարվեստական ստեղծագործություններ։ Այս անգամ Newmag֊ը հրավիրում է գրականության ու ժամանակակից արվեստների փառատոնի, որի մուտքը լինելու է ազատ։ Փառատոնին նախատեսված է գրքի չորս շնորհանդես. Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից», Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում», Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդը» եւ Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գրքերը:

Փառատոնը կբացի Արցախի պետական ջազ նվագախումբը։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ սա կարեւոր է, Արցախի նվագախումբը պատահական չի ընտրվել։ Գրքերի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի արցախցի հեղինակներին՝ իրենց գրքերը հրատարակելու համար. «Մենք աջակցում ենք մեր արցախցի գործընկերներին։ Այս փառատոնից առաջ Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են հուշագիր, որով աջակցելու ենք արցախցի հեղինակներին, ստացված հասույթը կփոխանցվի արցախցի գրողներին։ Կլինի հանձնաժողով, որը կընտրի այն հեղինակներին, որոնք Ադրբեջանի վերջին ագրեսիայի պատճառով բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից։ Սա շատ կարեւոր է, որ նրանք շարունակեն ստեղծագործել։ Մի օր նրանք վերադառնալու են Արցախ, այս ընթացքում չպետք է կորցնեն կապն իրենց արմատների հետ»։

Փառատոնի Արտ լոկացիայում ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն Տիգրան Ձիթողցյանի, Արման Նուռի կտավները, իսկ Իլյա Վարդանյանը կներկայացնի իր «Թվային երազներ» ստեղծագործությունը։ Կլինի նաեւ չորս գրքի շնորհանդես, վերջում մեծ համերգ՝ Ավետ Բարսեղյանի հեղինակային երեկոն։ Նրա երգերը կկատարեն Արամ MP3-ին, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մովսես Մովսիսյանը։ Փառատոնի համերգին նույնպես նախնական ամրագրումներ անել կամ վճարել պետք չէ։

Newmag հրատարակչության հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանն ասում է, որ հրատարակչությունը, բացի ձմեռայինից, ունի ամառային, աշնանային փառատոններ։ Աշնանայինը ֆրանսիական գրականության փառատոն է, իսկ ձմեռայինն այս անգամ նոր ձեւաչափով է. «Ունենք արվեստի հետաքրքիր ցուցադրություններ, Ներսես Ավետիսյանի «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը կլինի։ Արհեստական բանականության մասին պանելային քննարկում կլինի։ Այնպես ենք արել, որ փառատոնը հետաքրքրի տարբեր ճաշակի ու տարիքի մարդկանց»։
Գրքերից բացի, այդ օրը կլինի նաեւ մաշկի խնամքի առաջին հայկական ուղեցույցի շնորհանդեսը, որը կոչվում է «Դյութէ»։ Գոհար Մանուկյանը մանրամասնեց, որ ամսագրի նախաձեռնությունն Արեւիկ Ուդումյանինն է. ««Դյութէ» ամսագիրը հայկական մաշկի խնամքի առաջին հայկական ուղեցույցն է։ Այն բոլոր բաղադրիչները, որ կարեւոր են մաշկը խնամելու համար, մոդայիկ են, հասանելի լեզվով ներկայացրել է մասնագետը։ Բարդ տերմիններ չկան, որպեսզի բոլորը կարողանան կիրառել այն մասնագիտական խորհուրդները, որոնք կան ամսագրում։ Ուղեցույցը գունավոր, հետաքրքիր ու շատ օգտակար նվեր է»։

Փառատոնին Newmag գրքերը կվաճառվեն մինչեւ 40 տոկոս զեղչով։ Ավելին՝ այս տարի հրատարակչությունը շաբաթը մեկ նոր գիրք է հրատարակելու։