Նունե Սարգսյան. Հաճախ դեմքի լուրջ արտահայտություն եմ ընդունում, բայց պետք չէ ինձնից զգուշանալ այդ պահին

November 29, 2014

տարիքի հետ
Տարիների ընթացքում սկսում եմ ավելի լավ հասկանալ ծնողներիս, տատիկիս, մնացած բոլորին, ընդհանրապես մեծերին: Տարիների ընթացքում մարդիկ, ինչքան էլ տարօրինակ հնչի, շատ ավելի երիտասարդանում են: Ուղղակի կոնֆլիկտ է ծագում մարդու տարիքի և մարդու զգացողության, ինքնազգացողության, միգուցե համարձակության միջև: Եվ հենց այդ պատճառով ժամանակը բաժանված չէ անցյալի, ապագայի, ներկայի: Այդ ամեն ինչը ընթացքի մեջ է, ինչպես կինոյում. կինոն մեզ հետ զարգանում է, գնում է, մենք պատմում ենք մեր կյանքը, կինոն պատմում է էլի մեր կյանքի ինչ-որ մի մասը:
իմ կինոն
Կինոն կյանքի վիզուալիզացիա է: Ինձ համար շատ կարևոր է թե՛ մասնագիտական կյանքում, թե՛ անձնական ընկալմամբ: Հանգստի միջո՞ց է: Երևի ո՛չ: Ցանկացած ֆիլմ նայում եմ երկու աչքով` որպես սովորական ակնդիր, մյուս կողմից էլ ամեն ֆիլմի մեջ փորձում եմ գտնել ինչ-որ մի պատմություն, որ կարող է պետք գալ աշխատանքի մեջ, կօգնի փոխել, սովորել: Այդ իմաստով՝ իմ դիտումը շատ մասնագիտական է: Կարծում եմ՝ դա ինձ համար ավելի շատ աշխատանք է, քան հանգստի միջոց: Վավերագրական ֆիլմեր եմ շատ նայում:
լուրջ մարդիկ
Հաճախ դեմքի լուրջ արտահայտություն եմ ընդունում, բայց պետք չէ ինձնից զգուշանալ այդ պահին: Ընդհանրապես կատեգորիկ հնչող կոնցեպտներին դեմ եմ` անել այսպես կամ չանել այնպես: Օրենքներ չկան. միշտ այդ օրենքները խախտում եմ և տեսնում եմ, թե դրանք ինչպես են խախտվում:
այգաբաց
Առավոտը սկսվում է ուշանալով: Կապ չունի` ուր եմ գնում: Ընդհանրապես շատ ուշացող մարդ եմ և անընդհատ դրա պատճառով խղճի խայթ եմ զգում: Գոնե հինգ րոպե, որպես կանոն, ուշանում եմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում կարգավորել: Գուցե նրանից է, որ շատ ուշ քնող եմ, շատ ուշ արթնացող: Այդ բիոռիթմով եմ ապրում: Չեմ ֆիքսում` ինչպես է սկսվում առավոտը. արագ-արագ դուրս եմ պրծնում տնից, որ հերթական անգամ գոնե հինգ րոպեով ուշանամ:
կարևոր բաներ
Ուսանողական տարիներին հաճախ դասերից փախչում էինք: Այդ պահին, ցավոք սրտի, ուրիշ բաներ էին կարևոր կյանքում: Ցավոք սրտի, որովհետև այն ժամանակ կարևոր էին թվում այլ բաներ: Հետո, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ իրականում շատ կարևոր բաներ բաց եմ թողել:
ընթացքը
Իմ լրագրողական կյանքն ինձ համար շատ տարօրինակ ստացվեց: Լրագրությամբ սկսեցի զբաղվել ինստիտուտից անմիջապես հետո, բայց դա հնի քանդվելու և նորի գոյանալու ժամանակաշրջանն էր: 90-ականների սկզբին, նույնիսկ 80-ականների վերջին մենք ստացանք այդ ազատությունը` խոսքի ազատությունը, լրագրության ազատությունը: Բայց կար մի «բայց». ես, ինչպես և շատ շատերն այն ժամանակ, լրագրություն սովորում էինք գործի մեջ: Ես ուսուցիչներ այդ իմաստով չեմ ունեցել, իմ ուսուցիչները եղել են գործընկերներս: Նրանք ինձ որևէ հատուկ բան չէին սովորեցնում, ես փորձում էի ընտրել, տեսնել այն, ինչ դուր է գալիս, և հետևել դրան: Այնպես ստացվեց, որ ես ակտիվ լրագրությունից մի պահ դուրս եկա և սկսեցի զբաղվել նրանով, ինչով հիմա զբաղվում եմ (փորձում եմ լրագրությունն ավելի կարգավորել, ավելի մասնագիտական դարձնել): Միգուցե ամբողջովին չսովորելով շատ բաներ՝ սկսեցի զբաղվել սովորեցնելով և իրականում սովորեցնելու հետ շատ բան սովորեցի: Ցավում եմ, որ այս տարիների ընթացքում, պրոդյուսերական աշխատանքով ավելի շատ զբաղվելով, ինքս ինձ մի քիչ հեռացրեցի լրագրությունից:
տատիկս
Մինչև հիմա վիճում եմ նրա հետ: Իմ ամենահարազատ մարդկանցից է եղել, և անընդհատ նրա հետ վեճի մեջ եմ եղել: Հիմա եմ հասկանում` շատ բանում նա ճիշտ էր: Երևի սա է ամենամեծ վեճը իմ կյանքի, որը չի ավարտվում և անընդհատ վերադառնում է: Եվ ինչ-որ պահերի ես ավելի շատ համաձայնում եմ նրան: Կյանքի հարցեր են, մոտեցումներ են, մարդկային հարաբերություններ են: Տատիկս ճիշտ էր:
քաղաքացիական հասարակություն
Ինձ թվում է, որ դեռ ձևավորման փուլում է այս երևույթը: Մենք դեռ լիովին չենք հասկանում` ի վերջո, ինչ է այդ քաղաքացիական հասարակությունը: Ամեն մարդ, որը քաղաքացիական հայացքներ ունի, իրո՞ք քաղաքացիական հասարակության անդամ է, հասարակական կազմակերպությունները, մամուլն իրո՞ք դրա մասն են: Պատասխանները դեռ չեմ գտել, բայց ինձ թվում է, որ շատ նորմալ է: Անկախ պետության, մարդկանց ազատ մտածելու, առանց պատժված լինելու ազատ մտածելու համար 20 տարին քիչ է: Ընդամենը երկրորդ սերունդն է փոխվում, ընթացքում ենք:
ականջ շոյող
Հաճոյախոսություններ ամեն օր չեմ լսում և շատ հաճախ չեմ լսում իրականում: Չեմ կարծում, թե հաճոյախոսությունները միշտ հաճելի են: Ինձ հաստատ մեծ հաճույք չեն պատճառում:
կարծրատիպեր
Կնոջ երջանկությունը, չեմ հասկանում, ինչ է: Ինձ համար կարևոր է ընդհանրապես մարդկային երջանկությունը: Կարծրատիպեր կան, թե կինը ընտանիք պետք է ունենա, ամուսին պետք է լինի կողքին, երեխաներ… Կարող ես, ունենալով այդ ամենը, միևնույն ժամանակ սարսափելի դժբախտ լինել: Եվ, հակառակը, առանց այդ ամենի` երջանիկ: Ես տեսել եմ բոլոր օրինակները: Երջանկությունը հարատև վիճակ չէ: Չես կարող միշտ լինել երջանիկ: Երջանկությունը պահ է: Պետք է դրա միջով անցնել հասկանալու համար, որ դա քո երջանկությունն է: Հակառակ դեպքում ցանկացած իրավիճակ դառնում է շատ միապաղաղ, ձանձրալի և կորցնում է սրությունը: Երջանկությունը պետք է սուր ապրումներ պարգևի:
newmag #40