«Երբ կխոսեն քարերը». Ռոդենի կործանարար սերը

May 29, 2017

-Դայակ, հեքիաթ պատմիր,- խնդրում է փոքրիկ աղջնակը երազկոտ աչքերով:
-Հեքիա՞թ: Լավ, լսիր: Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում: Եվ ահա նա մեծանում է և սկսում է փնտրել մի լորդի, ում կարող է տալ ամեն ինչ: Բայց մի օր, հրաշալի լորդի փոխարեն նա հանդիպում է մի ծեր գնչուհու, և աղջնակը հարցնում է գնչուհուն.
 -Ես մի օր կհանդիպե՞մ նրան, ում կարող եմ տալ ամեն ինչ: Կհանդիպես,- ասում է ծեր կինը:
-Իսկ ե՞րբ ես կհասկանամ, որ հենց նրան եմ հանդիպել ու հենց նրա եմ տվել ամեն ինչ:
Եվ գնչուհին պատասխանեց.
-Կհասկանաս, որովհետև քարերը կսկսեն խոսել:
[caption id="" align="aligncenter" width="493"] Կամիլլա Կլոդել[/caption]
Եվ քարերը իրոք խոսեցին: Եվ այնպես, որ Աստված չանի որևէ մեկին վերապրել նման բան: Կամիլը հանդիպեց մի տղամարդու, որ «խելահեղությունից բացի ոչինչ չի տա քեզ», մի մարդու, «ով կնվիրի սեր, որից հետո չեն մահանում»:
Կամիլ Կլոդելը, նուրբ և տաղանդավոր աղջիկ՝  ծնված Ֆրանսիայի Շամպայն գավառում, և Օգյուստ Ռոդենը հանդիպել են, երբ Կամիլը դեռ 20 տարեկան էլ չկար, իսկ Օգյուստն արդեն 40-ամյա քանդակագործ էր, ում աշխատանքներով մարդիկ հիանում էին: Կամիլը դարձավ նրա բնորդուհին, մուսան, ուրախությունը, սիրուհին և ոգեշնչման աղբյուրը, իսկ Ռոդենը դարձավ նրա չար ճակատագիրը:
Կամիլը ծնվել է ֆրանսիացի բուրժուաների ապահովված ընտանիքում, բայց նրա մանկությունն այդքան էլ անհոգ չի եղել՝ ընտանեկան վեճերի հետ կապված: Ճիշտ է, ծնողները ըմբռնումով էին մոտենում նրա՝ քանդակագործությամբ հետաքրքրվածությանը և թույլ տվեցին նրան աշխատել, չնայած հարևանների այն հորդորներին, որ պարկեշտ աղջիկը պիտի կարուձևով զբաղվի, այլ ոչ թե կավով:
[caption id="" align="aligncenter" width="537"] «Հավերժական իդեալ», Օգյուստ Ռոդեն[/caption]
1881 թվականին Կլոդելի ընտանիքը տեղափոխվում է Փարիզ: Ալֆրեդ Բուշեն, տեսնելով նրա աշխատանքները, նրա մեջ տեսնում է մեծ տաղանդ և կանչում Նոտր Դամ դը Շան՝ արհեստանոցում աշխատելու:
Կամիլն ու Ռոդենը ծանոթանում են պատահական: Երբ Բուշեն գնաց Իտալիա, նա արհեստանոցի ղեկավարությունը հանձնեց Օգյուստին, իսկ վերջինս միանգամից ուշադրություն է դարձնում տաղանդավոր աղջկա վրա և նույնիսկ նրան ներգրավում է իր աշակերտների խմբի մեջ, որոնք աշխատում էին պետական մեծ պատվերի ՝ «Դժոխքի դարպասները» հուշարձանի վրա:
[caption id="" align="aligncenter" width="492"] «Վալս», Կամիլլիա Կլոդել[/caption]
Աղջիկը բավականին շուտ դարձավ Ռոդենի ասիստենտն ու օգնականը: Վարպետը վստահում էր նրան իր ստեղծագործությունների մի մասը, իսկ նա փորձ էր հավաքում, ձևավորում էր սեփական ոճը և նույնիսկ ցուցադրում էր սեփական աշխատանքները: Բայց պետք է խոստովանել, որ վարպետն էլ օգտվում էր իր տաղանդավոր աշակերտուհու մտքերից: Այդ իսկ պատճառով այսօր արդեն շատ դժվար է տարբերակել այս ստեղծագործական սիմբիոզի հեղինակային մտքերը:
Ի դեպ, դա սեր էր առաջին հայացքից: Պատանի օրիորդի հետ հանդիպումը քանդակագործի հոգում առաջացրեց զգացմունքների փոթորիկ: Իսկ Կամիլը միանգամից հասկացավ, որ դա երկարատև է լինելու: Մեծն քանդակագործը հաճախ էր հանդիպումներին գնում իր սիրելիի հետ և հպարտանում իր կարդացած, գեղեցիկ և օրիգինալ դատողությամբ օրիորդով:
Հենց այդ ժամանակ է Ռոդենը ստեղծում աշխատանքներ, որոնք բերում են նրան փառք և օգնում գրավել Փարիզը: Կամիլն էլ մի քայլ արեց դեպի հանրաճանաչություն և հասկացավ, որ այդպես էլ կարող է մնալ իր սիրելիի ստվերում: 1888 թվականին Կամիլը ներկայացնում է իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Մոռացում»-ը: Բայց քննադատները, որոնք նրա բոլոր քանդակների մեջ տեսնում էին նմանակում, տեսան նրա աշխատանքի մեջ ռոդենական «Համբույրի» արձագանքներ: Ժամանակակից արվեստաբանները հակված են մտածելու, որ Կամիլի վաղ աշխատանքներից մի քանիսը դարձել են Ռոդենի քանդակների հիմքը:
[caption id="" align="aligncenter" width="700"] «Հասուն տարիք», Կամիլլիա Կլոդել[/caption]
Կամիլը Ռոդենից սպասում էր նրա օրինական կինը դառնալու առաջարկին: Իսկ նա լռում էր: Մի օր Կամիլն իմացավ Ռոզայի մասին.մի կին, որը իր սիրելիին որդին է պարգևել, զբաղվում էր նրա առօրյա հոգսերով և  շրջապատում էր հոգատարությամբ: Կամիլը վստահ էր, որ Ռոդենը կլքի այդ անկիրթ գեղջկուհուն և չի ընդունի որդուն: Չէ որ նա Կամիլն է՝  և՛ խելացի, և՛ գեղեցկուհի, և՛ մեծ տաղանդ: Բայց տարիներն անցնում էին, իսկ Ռոդենը չէր էլ պատրաստվում որևէ բան փոխել՝ չցանկանալով կորցնել կանանցից և ոչ մեկին:
Կամիլն արդեն վաղուց էր հասկացել, որ իր տաղանդն ու սերը կործանման են գնում, բայց նրա համբերությանը վերջ եկավ, երբ Ռոդենի պահանջով նա ստիպված էր աբորտ անել, որից հետո նա զրկվեց մայրանալու հնարավորությունից:  Երբեմնի սիրված կինը զգում էր իրեն նվաստացած և տրորված: Նույնիսկ արվեստը չօգնեց այդ պարագայում: Եվ նա ընդունում է իր համար դժվար որոշում.ընդմիշտ հեռանալ Ռոդենից:
Աստիճանաբար Կամիլն աղքատանում է: Ընկերներին ուղղված նամակներում գրում է, որ իր հագուստն այնքան է մաշվել, որ չի կարողանում փողոց դուրս գալ:  Առջևում նրան սպասում էին միայն հուսահատություն և երեք տասնյակ տարի հոգեբուժարանում:
Իսկ Ռոդենը օրինականացնում է հարաբերությունները Ռոզայի հետ, բայց այդպես էլ չի կարողանում մոռանալ իր սիրելիին: Նա նույնիսկ մահվան շեմին տալիս էր միայն Կամիլի անունը:

Աղբյուրը