Skype-ի հերթը տարեցների տանը (ՖՈՏՈՇԱՐՔ)

April 10, 2017

Նորքի տուն-ինտերնատում ապրում է 230 տարեց, որոնց սպասարկում է 128 հոգանոց անձնակազմը: Կան մարդիկ, որոնք այստեղ բնակվում են արդեն 11 տարի: Բուժքույրերից ու սպասարկող անձնակազմից տարեցները գոհ են: Նկարահանող տեխնիկայից չեն փախչում, չեն ամաչում, դեմքը չեն ծածկում: Նույնիսկ իրենք են մոտենում և խնդրում լուսանկարել: Ազատ ժամանակը լրացնելու բոլոր հարմարություններն ունեն` նարդիից մինչև բիլիարդ: Ներսում ամեն ինչ մաքուր էր, նորոգված, գեղեցիկ: Մարդիկ կան, նույնիսկ, որ սեփական կամքով Ֆրանսիայից եկել ու բնակվում են այստեղ:
Ինտերնատում կա «Սկայպի սենյակ», որի դիմաց միշտ հերթ է կուտակված, թեև սենյակից հաճախ չեն օգտվում, սակայն սպասում են, որ ինչ-որ մեկն իրենց կզանգի: Երբ լուսանկարում էի հերթում կանգնած, ավելի ճիշտ նստած տարեցներին, մի տղամարդ սկսեց լաց լինել: Հարցրեցի: Պատասխանեց.
- Մեծ տղայիս ես նման...: