Հայաստանում կա՞ն օլիգարխներ: Տերմինաբանական բանավեճի քաղաքական ենթատեքստը

December 17, 2018

Ամենից հաճախ քաղաքականության մեջ այս տերմինն օգտագործվում է իբրեւ մեղադրանք: Նախօրեին այս հարցը կրկին օրակարգ բերեց Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` խոսելով Գագիկ Ծառուկյանի մասին:


« Օլիգարխը իմ համար հետեւյալն է: Մարդ, որը միլիարդատեր է և ազդեցություն ունի քաղաքական համակարգի վրա: Եթե մարդը միլիարդատեր է, իր տանը նստած, իր գործերով է զբաղվում` նա օլիգարխ չէ: Եթե նա միլիարդատեր է ու քաղաքականության վրա ազդում է, նա օլիգարխ է: Սա իմ բանաձեւն է օլիգարխ լինելու»,- ֆեյսբուքյան լայվով հայտարարեց Էդմոն Մարուքյանը:    



Օլիգարխ տերմինի մեկ այլ բացատրություն ունի ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հոկտեմբերի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին` Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց կուսակցության առաջնորդը օլիգարխ չէ, որովհետեւ պետական լծակները չի օգտագործել սեփական բիզնեսի համար:

«Ոչ` Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ: Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:



Այսինքն` Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ օլիգարխ է համարվում այն քաղաքական գործիչը, որը ստանում է իշխանություն եւ այն ծառայեցնում է իր բիզնես շահերին: Հետաքրքիր է, որ նույն տերմինը բոլորովին այլ կերպ է մեկնաբանում Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:
Նոյեմբերի 16-ին Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ օլիգարխը այն մարդն է, որը պետական պաշտոն զբաղեցնելով հարստություն է կուտակում:

«Գագիկ Ծառուկյանը պետական պաշտոն զբաղեցնելով երբեք հարստություն չի կուտակել: Գագիկ Ծառուկյանը Առինջ գյուղում բնակվելով փոքր տնտեսությունը մեծացնելով զարգացրել է Մուլտի գրուպ կոնցեռնը»,- մեկնաբանել է Վահե Էնֆիաջյանը:



Ըստ Օքսֆորդի բառարանի օլիգարխ է համարվում քաղաքական համակարգում գործող մեծահարուստը, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների կայացման վրա: Մեկ այլ բացատրությամբ, որը ամենից հաճախ է հանդիպում հետխորհրդային երկրներում, օլիգարխ է համարվում խոշոր մոնոպոլ դիրք ունեցող կապիտալի սեփականատերը: 
Այս տերմինաբանական քաոսին անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը: Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան: Ըստ Փաշինյանի` օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, իսկ օլիգարխը՝ քչերի իշանության ներկայացուցիչ:

«Ասելով, որ Հայաստանում չկա օլիգարխիա և չկան օլիգարխներ, ես ասում եմ, որ Հայաստանում քչերի իշխանությունը տապալված է և Հայաստանի Հանրապետությունում հաստատված է շատերի, այսինքն՝ ժողովրդի իշխանություն»,- նշեց Փաշինյանը:



Նիկոլ Փաշինյանը հավանաբար նկատի ունի Օլիգարխիա հասկացությունը, որը հին հունարեն նշանակում է քչերի իշխանություն: Այսինքն` փոքր խմբի ձեռքում կենտրոնացված իշխանությունը, որտեղ անդամներն առանձին, կամ բոլորը միասին կառավարության կազմում ներկայացնում են իրենց շահերը և ոչ թե հասարակության: Սա համարվում է օլիգարխիա, կամ օլիգարխիկ համակարգ:


Կարդացեք նաև.



Այս իմաստով տերմինը դառնում է քաղաքական նախասիրություն, որովհետեւ նախկին իշխանություններն էլ էին պնդում, որ կառավարությունը չի ներկայացնում այս կամ այն բիզնեսմենի շահերը, և որ կառավարող համակարգը օլիգարխիկ չէ: Իսկ եթե այդպես էր, ուրեմն ոչ նախկինում եւ ոչ էլ հիմա Հայաստանում օլիգարխներ չեն եղել:
Բայց իրականում խնդրի բովանդակությունը ամենեւին էլ ձեւակերպումը չէ: Խոսքը բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումն է: Եթե բիզնեսմենը խորհրդարանում է, կամ կառավարության կազմում, պարզ է չէ՞, որ նրա ընդունած օրենքները, կամ որոշումները չեն կարող դեմ լինել իր բիզնես շահին: Ավելին` բիզնեսմենը կարող է ավելի հաճախ առաջարկել օրենսդրական նախագիծ, որի նպատակն է սպասարկել իր իսկ բիզնեսի շահը:
Այսինքն` քաղաքական առումով ճաշակի հարց է` Հայաստանում օլիգարխ կա՞, կամ եղե՞լ է, թե՞ ոչ: Տերմինաբանական առումով` նույնպես, ըստ այնմ, թե ո’ր բացատրությւոնն ես ընտրում` հինհունակա՞ն, թե՞ հետխորհրդային տարածքում ընդունված: Բովանդակային առումով Հայաստանում օլիգարխիա եղել է և կա:   


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում