Օպերան քաղաքային կուլտուրայի խորհրդանիշ է. սոպրանո Մագդա Մկրտչյան

June 14, 2017

հռչակ և հեղինակություն


Ես շատ ուշադրություն չեմ դարձնում հռչակի ու հեղինակության վրա, ապրում եմ հասարակ մարդու կյանքով: Երբեք չեմ ձգտել անպայման հռչակավոր լինել, հեղինակություն ունեցող մեկը լինել, անընդհատ ուշադրության կենտրոնում լինել: Պարզ ապրելն ինձ ավելի է օգնում մոտ լինել արվեստին, ավելի անկեղծ լինել, իսկ նման մտքերն ուղղակի կխանգարեն: Ես չեմ երգում նրա համար, որ լինեմ հռչակավոր, ես ուղղակի անչափ սիրում եմ իմ աշխատանքը, շատ եմ աշխատում, իսկ աշխատելով մարդն ինքնըստինքյան բարձրացնում է իր հեղինակությունը: Եթե աշխատելով բարձրացնում ես որակդ, հանդիսատեսին էլ է հաճելի լինում, դրանով արդեն ունենում ես և՛ հռչակ, և՛ հեղինակություն:

քաղաքային կուլտուրա


Երկիր կա՝ ունի օպերա, երկիր էլ կա՝չունի: Եթե մենք ունենք օպերա, ուրեմն նաև քաղաքային մշակույթ ունենք: Ընդհանրապես օպերան գրվել է արիստոկրատների համար, այդ իմաստով օպերան խորհրդանիշ է: Դա նշանակում է, որ դու ապրում ես մի երկրում, որտեղ կա արիստոկրատիա, որն էլ քաղաքային մշակույթ է ձևավորել ու ձևավորում: Ես եղել եմ եվրոպական շատ երկրներում, որոնք օպերա չունեն: Ես շատ հպարտ եմ, որ մենք ունենք նման բարձր մշակույթ: Ճիշտ է, մարդիկ համատարած օպերա չեն հաճախում, բայց հասարակության մեջ կա հատված, որը բաց չի թողնում ոչ մի համերգ: Օպերա հաճախելն ինձ համար քաղաքային կուլտուրա է:

ճամփորդություն


Իմ ճամփորդությունները հիմնականում համերգների հետ են կապված: Բազմաթիվ ճամփորդություններ եմ ունեցել, բայց Վենետիկն է տպավորվել իմ մեջ: Բարոկոյի երաժշտությունը հենց Վենետիկում եմ սովորել: Բարոկոն, այսպես ասած, զարդերով պետք է երգել, ինչպես Վենետիկն է:

ներողություն խնդրելու արվեստը


Ուժեղ մարդիկ են ներողություն խնդրում: Եթե դու սխալվել ես, պետք է ներողություն խնդրես: Այն ժամանակ, երբ իսկապես մեղավոր եմ, հեշտությամբ եմ ներողություն խնդրում, բայց երբ երկու կողմից էլ ասել ենք բաներ, որ չպետք է ասեինք, այդ դեպքում ինձ համար դժվար է ներողություն խնդրելը։ Բայց երբ համոզված եմ, որ ոչ մի սխալ բան չեմ արել, իմ անմեղությունը հաստատելու համար խուսափում եմ ներողություն խնդրելուց: Կան մարդիկ, որոնք անընդհատ ներողություն են խնդրում. իմ կարծիքով, նրանք կեղծում են: Ներողություն խնդրելով՝ «պարտություն» չես կրում, այլ նպաստում ես հարաբերությունների «հաղթանակին»։

ամենակարևորը կյանքում


Ամենակարևորը կյանքում ազնվությունն է: Կարևոր է, որ մարդը, նվիրված լինելով, նաև ազնիվ լինի, որ նրա բովանդակությունը լուսավոր լինի: Մարդուն կարևորում եմ ոչ թե արտաքինով, այլ նրա ներքին լույսով: Շատ կարևոր է, որ մարդը լինի պարզ ու շիտակ: Ազնիվ լինելով՝ մարդը չի խաբում, չի նվաստանում կամ նվաստացնում, չի նեղացնում մարդկանց: Ազնվությունը պետք է գերիշխի, իսկ դրա համար մարդը ազնիվ պետք է լինի նախ և առաջ սեփական անձի նկատմամբ:

ես պրոֆեսիոնալ եմ


Ես պրոֆեսիոնալ եմ միայն իմ աշխատասիրությամբ, մշտական տքնաջան աշխատանքով, որովհետև պրոֆեսիոնալիզմը անընդհատ աշխատանքն է, պրոֆեսիոնալիզմը տարիների անցած ճանապարհն է: Ես պրոֆեսիոնալ եմ միայն իմ անցած ճանապարհով: Բայց եթե չաշխատեմ ինձ վրա, մեկ րոպեում կկորցնեմ ամեն ինչ: Մարդը որքան պրոֆեսիոնալ է լինում, այնքան պատասխանատվությունն ավելանում է: Օրինակ՝ երբ ես 20 տարեկան էի, ամեն ինչ երգում էի՝ մեցցո և այլն, չէի մտածում, թե ինչ եմ անում, ավելի ռիսկով էի: Հետո մեծացա ու հասկացա, թե ինչեր եմ արել. հիմա չեմ անի: Պրոֆեսիոնալիզմը նաև հուշում է՝ ինչ անել կամ չանել:

Կուզեի՝ լիներ…


Կուզեի՝ միշտ խաղաղություն լիներ, մեր տղաները, որ ծառայության են մեկնում, վերադառնային ողջ ու առողջ: Կուզեի, որ մեր թատրոնը ծաղկեր, ունենար շատ-շատ հյուրախաղեր: Կուզեի, որ յուրաքանչյուրն աշխատեր իր մասնագիտությամբ, արտագաղթ չլիներ: Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցները լքում են մեր երկիրը: Մենք պետք է մեր ուժերով ծաղկեցնենք մեր երկիրը, քանի որ շատ տաղանդավոր ազգ ենք: Կուզեի, որ մենք բոլորս լինեինք աշպատասեր. աշխատասիրությունը բարիք է ծնում:75 |