[oscar] Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» Oscar-ի հավակնորդ. ռեժիսորը` Թուրքիայում աշխատելու մասին

January 18, 2017

Նարե Մկրտչյանն ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր է, ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում։ Պրոդյուսերական ֆիլմացանկը հասնում է 60-ի: Գեղարվեստական կարճամետրաժներից ու լիամետրաժներից զատ՝ նկարահանել է անիմացիոն ֆիլմեր և հեռուստանախագծեր, ռեժիսորի կարգավիճակում Մկրտչյանն ունի կարճամետրաժ 7 ֆիլմ։ Վերջինը՝ «Տան մյուս կողմը» (The Other Side of Home), 61 ֆիլմ-հայտերից ընտրվել և հայտնվել է «Oscars 2017»-ի short list-ում՝ 10 ֆիլմ նոմինանտների նախացուցակում։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան այս ամառ էր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։

-Ինչու՞ որոշեցիք ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել։ Չէ՞ որ սա մի թեմա է, որը բազմիցս ներկայացվել է միանգամայն անհաջող կերպով, նաև ամենաշատ քննարկված թեման է։
- Նկարելուց առաջ և ընթացքում ես չէի մտածում նախորդ ֆիլմերի մասին, այն մասին, թե ինչ հաջողության են դրանք հասել։ Ցեղասպանության մասին կան շատ ֆիլմեր, որոնք լի են չարությամբ և ատելությամբ, միանգամից սկսվում են ատելության նոտայով: Դրանով ոչնչի չես հասնի։ Չի կարելի այդ կերպ մոտենալ այս հարցին։ Ես ցանկանում էի ստեղծել այնպիսի ֆիլմ, որը կտարբերվի իր մոտեցումով։
-Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Մայան, թուրք է, ապրում է Թուրքիայում, սակայն ուներ հայ տատիկ։ Բա՞րդ է գտնել մի մարդու, որը կհամաձայնի նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում։
- Մայային գտնելը շատ դժվար էր։ Ես ցանկանում էի գտնել հենց այդպիսի հերոսի, որը կունենա նման ներքին կոնֆլիկտ։ Ինձ հետաքրքիր է մարդը, իր ապրումները,խնդիրները: Պետք էր ցույց տալ հենց դա։ Նկարահանումները նախատեսված էին ապրիլի կեսին, սակայն արդեն մարտի վերջ էր, ու մենք չունեինք պատմության հերոս։ Բոլորն ինձ խորհուրդ էին տալիս ետ կանգնել այս մտքից, ասում էին, որ թուրքը տեսախցիկի առջև չի խոսի 1915-ի մասին, առաջարկում էին ներգրավել ասորի կամ քուրդհերոսի, բայց ես չէի համաձայնում, որովհետև դա նույնը չէ։ Եվ մարտի 29-ին մենք գտանք Մայային, ապրիլի չորսից սկսեցինք աշխատել, վերլուծել նկարահանման ընթացքը, ամսի 17-ին ես մեկնեցի Թուրքիա։
http://www.youtube.com/watch?v=fYxu5Gn07rc
-Ինչպե՞ս էիք աշխատում. թուրքերը չէի՞ն խոչընդոտում կամ արգելում։
- Թուրքիայի փողոցներում անծանոթ մարդկանց ցեղասպանության մասին հարցնելիս, իսկապես, մեջս վախ կար, սակայն որևէ ագրեսիվ վերաբերմունքի ականատես չեղանք։ Երե-վի նրանից էր, որ երկրորդ օպերատորը երիտասարդ աղջիկ էր, ես՝ անցորդներին հարցեր տվողը։ Աշխատանքս սկսվեց մինչև Թուրքիա մեկնելը, որովհետև ես գիտեի, որ այնտեղ ժամանակը չի բավականացնելու Մայային լիարժեք հասկանալու և ճանաչելու համար: Մենք միասին շփվում էինք համացանցով, երկար զրուցում էինք: Մոտ երեք շաբաթ։ Ես ուզում էի կապ հաստատել նրա հետ և թույլ տալ, որ նա էլ ճանաչի ինձ, ոչ թե շփվի ուղղակի ռեժիսոր Նարեի հետ։ Դա մեծ ճանապարհորդություն էր, կյանքի ճանապարհորդություն՝ և՛ ինձ, և՛ իր համար։ Մեր երկուսի տատիկները հայ էին, փրկվել էին ցեղասպանությունից, սակայն իմ նախնիները փախել էին Լիբանան, չէին փոխել կրոնը, չէին դարձել մուսուլման։ Մենք կարծես հայելու երկու կողմերը լինենք. չէ՞ որ իր տեղում կարող էի ես լինել։ Սակայն կարևոր չէ աշխարհագրական դիրքը, այն, թե որտեղ ես ապրել: Կարևորը մարդն է։ Ես նկարում էի ինքս ինձ համար, որպեսզի այդ կերպ բուժվեմ, գտնեմ ինձ տանջող հարցերի պատասխանները։
-Ֆիլմի առաջին մասը շատ էսթետիկ է, պարզ, կոկիկ, աչք շոյող կադրերով։ Նաև «թուրքական» հատվածը պաթետիկ չէ, դաժան կադրերով գերհագեցած չէ։
- Կադրերը գլխավոր օպերատորի շնորհիվ են։ Ինձ համար շատ կարևոր է, որ իր հետ նույն ալիքի վրա լինենք, նույն տրամադրությունը լինի, նույն կերպ տեսնենք ու զգանք։